49-ամյա Միքայել Աբրահամյանի համար այս ամիսը կամքի ուժը փորձելու և առողջ ապրելակերպին վերադառնալու ևս մեկ հնարավորություն է:
|
Միջազգային մրցույթից ոգևորված՝ Միքայել Աբրահամյանը փորձում է թողնել ծխելը |
«Մոտ մեկ ամիս է, ինչ փորձում եմ վերջ տալ ծխելուն,- ասում է Աբրահամյանը, որ 23 տարվա մոլի ծխող է: - Շատ դժվար է, շարունակ ծխելու ցանկություն ունեմ, սակայն ամեն կերպ փորձում եմ ուշադրությունս շեղել ու որևէ գործով զբաղվել, որպեսզի շահեմ գլխավոր մրցանակը»:
Այս տարի, աշխարհի հարյուր այլ երկրների բնակիչների նման, Հայաստանի 360-ից ավելի ծխողներ մասնակցում են միջազգային «Թող ծխելն ու շահիր» հակածխախոտային մրցույթին:
Ծխող մասնակիցները լրացնում են հատուկ ձև, որով պարտավորվում են չծխել մայիսի 2-29-ը: Գրանցվում է նաև երկու վկա, որոնք պետք է հսկեն «խոստում տվածին»:
««Թող ծխելն ու շահիր» մրցույթն աշխարհում անցկացվում է արդեն վեցերորդ անգամ,- ասում է առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը: - Սա հակածխախոտային պայքարի մի յուրահատուկ ձև է, որին այս անգամ միացել ենք նաև մենք»:
Ծրագրի կազմակերպիչների հավաստմամբ, թեև մրցույթի ծանուցումը ուշ է կատարվել, այն մեծ հետաքրքրություն է առաջ բերել. ծրագրին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից բազմաթիվ ծխողներ ՝ փորձելով իրենց նյարդերի ու կամքի ամրությունը և շահումներ ակնկալելով:
«Սա իսկական գյուտ էր իմ կյանքում,- ասում է Պայծառ Ավետիսյանը, որը քսան տարվա ծխող է: - Ծրագրի շնորհիվ թողել եմ ծխելը և ինձ լավ եմ զգում: Ինքս էլ չեմ հավատում, ամեն օրը յուրովի է սկսվում ինձ համար, սկսել եմ ինձ լավ զգալ: Մրցանակներն ու մրցակցությունը քաջալերում են ինձ, ուզում եմ լավագույններից մեկը լինել»:
«Թող ծխելն ու շահիր» ծրագրի համակարգող Դավիթ Պետրոսյանն ասում է, որ ծրագրի մասնակիցները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ են: Կանանց թիվը փոքր է, քանի որ Հայաստանում կանանց մեծ մասը փորձում է թաքցնել ծխելու սովորությունը:
Պետրոսյանն ասում է, որ մրցույթի կանոնների համաձայն, ամեն շաբաթ իրենց աշխատակիցը զանգահարում է մասնակիցներին ու փորձում է պարզել՝ արդյոք նրանք չեն դրժել իրենց խոստումը: Արդյունքում պարզվել է, որ մրցույթի կազմում մնացել է մոտ 120 ուժեղ կամքով մասնակից, մյուսները վերադարձել են ծխելուն:
«Ինչ խոսք, ծխել թողնելը դժվար է շատերի համար,- ասում է Պետրոսյանը,- դա պարզ է դառնում նաև մրցույթից ընթացքից. շատերը կրկին սկսում են ծխել՝ պատճառաբանելով, թե նյարդայնացել են ու չեն դիմացել»:
|
Դավիթ Պետրոսյանն օգնում է հակածխախոտային մրցույթի կազմակերպմանը |
Կազմակերպիչների հավաստմամբ, այն մարդիկ, ովքեր մինչև վերջ կդիմանան և չեն ծխի, կարժանանան մրցանակների և ավելի լավ կզգան իրենց:
«Կկատարվի վկանների հարցում, որից հետո հատուկ ինդիկատորների օգնությամբ կստուգենք մասնակիցներին ու կպարզենք, արդյոք նրանք արգելված ժամանակահատվածում ծխե՞լ են, թե՞ ոչ, որից հետո հաղթողները վիճակահանությամբ կարժանանան մրցանակների»,- ասում է Պետրոսյանը:
Խաղարկվելու են բաժակներ, վերնաշապիկներ և պայուսակներ:
«Այն երկու մասնակիցները, որոնք վիճակահանությամբ կշահեն պայուսակներ, կհամարվեն հաղթող,- ասում է Պետրոսյանը: - Նրանց անուններն էլ կուղարկվեն Հելսինկի՝ միջազգային մրցույթին»:
Հելսինկիում համակարգչային վիճակահանությամբ կխաղարկվեն միջազգային մեծ մրցանակները՝ վեց 2500 դոլարանոց մրցանակ և մեկ գլխավոր մրցանակ՝ 10000 դոլար:
|