Երևանի հիվանդանոցներից մեկը փնտրում է «ամենահայկական քիթ», որպեսզի հետո վիրահատի այն:
Իր ծառայությունների գովազդային քարոզարշավի շրջանակներում «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքը հաղթողին կշնորհի «Ամենահայկական քիթ» տիտղոսը և անվճար կվիրահատի այն:
Մրցույթը հայտարարվել է մեկ շաբաթ առաջ, և արդեն բաժանմունք է դիմել շուրջ 200 քիթ:
Բաժանմունքի վարիչ, պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանն ասում է, որ մրցույթի գաղափարը տվել է իր ընկերներից մեկը՝ հիվանդանոցում արտառոց քթով մի աղջիկ տեսնելուց հետո:
«Սկզբում լուրջ չընդունեցի, բայց հետո մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ,- ասում է Դանիելյանը: - Նոր ու թարմ գաղափար է: Մեր տարածաշրջանում երբեք չի եղել, և, որքան գիտեմ, քթերի նման մրցույթ չի անցկացվել նաև աշխարհում»:
Սկզբում կազմակերպիչները ցանկանում էին մրցույթն անվանել «Ամենամեծ քիթ» կամ «Ամենածուռ քիթ», սակայն գիտակցելով, որ դա կարող է նվաստացուցիչ լինել, որոշեցին նախապատվությունը տալ հայրենասիրական «Ամենահայկական քիթ» անվանմանը:
Օրական մոտ 30 մարդ դիմում է «Լիտտե» բժշկական կոսմետոլոգիայի կենտրոն, գրանցվում ու լրացնում փաստաթղթերը (սակայն վիրահատությունը կատարվելու է «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնում): Նաև լուսանկարվում են՝ «նախկինում» լուսանկարի համար:
Դանիելյանի հավաստմամբ՝ դիմորդների մոտ 80 տոկոսը կանայք են:
«Շատ հաճախ տղամարդիկ ամաչում են դիմել բժշկին էսթետիկ վիրահատության համար՝ մտածելով, որ կարող են ծաղրել,- ասում է վիրաբույժը: - Սա հայկական մտածելակերպի հարց է: Բայց ասեմ, կամաց- կամաց փոխվում են: Նրանք սկսում են հասկանալ, որ իրենց արտաքինը կարևոր է»:
«Լիտտե» կենտրոնի աշխատակից Նարինե Ասլանյանն ասում է, որ դիմողների առաջին հարցն այն է, թե արդյոք իրենց «ամենահայկական քիթը» դրվելո՞ւ է հրապարակային քննարկման:
Դանիելյանը նշում է, որ հաղթողների գաղտնիությունը պահպանելու ցանկությունը հաշվի կառնվի, սակայն ինքը շատ կուզենար, որ մրցույթում հաղթողներին ցուցադրեին հեռուստատեսությամբ վիրահատությունից առաջ և հետո:
Եթե շատերը մասնակցում են մրցույթին՝ հպարտանալով իրենց մեծ, սապատավոր հայկական քթով, ապա Դանիելյանն ասում է, որ լավագույն «ամենահայկական քիթ» կընտրվի այն քիթը, որը բնավ չի համապատասխանում իր դեմքին:
«Մեծ քիթն այստեղ էական դեր չի խաղա,- ասում է Դանիելյանը: - Հնարավոր է, որ դեմքը խոշոր լինի, իսկ քիթը՝ փոքր ու ծուռ: Չափը նշանակություն չունի»:
Դանիելյանն ասում է, որ «ամենահայկական քիթը» վիրահատելիս իրենք հաշվի են առնելու հայկական դեմքի յուրահատկությունները՝ լայն ճակատ, խոշոր աչքեր, հաստ հոնքեր:
Հայաստանում այսօր քթի պլաստիկ վիրահատության միջին գինը 350-400 դոլար է:
Երեք քիթ կճանաչվի մրցույթի հաղթող: Առաջին տեղ գրավողը կվիրահատվի անվճար, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 75 և 50 % զեղչով:
Դիմումները կընդունվեն մինչև հունիսի 20-ը: Հունիսի 21-ին արվեստի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներից կազմված ժյուրին կընտրի հաղթողներին:
|