Ավելի քան մեկ տարի ծառայելով ԱՄՆ բանակի պահեստի ուժերի 308-րդ քաղաքացիական բրիգադում՝ Ջոն Մերգերյանը վերջերս ավարտեց իր ծառայությունը Բաղդադում:
Բանակում ծառայությունն ավարտելուց առաջ բոստոնցի ամերիկահայ Մերգերյանը սեփական նախաձեռնությամբ ընդլայնեց իր քաղաքացիական ծառայության շրջանակները:
«Ես այցելեցի Բաղդադի կենտրոնում գտնվող Էլ-Թուֆարի տարրական դպրոց,- գրել է Մերգերյանը «ԱրմենիաՆաուին»: - «Էլ-թուֆար» նշանակում է «հաղթանակ»: Դպրոցը գտնվում է հայկական Սբ. Գրիգոր եկեղեցու հարևանությամբ, որը շարունակում է փակված մնալ, քանի որ թաղամասն ապահով չէ»:
Մերգերյանին հայտնի է դարձել, որ դպրոցը ժամանակին եղել է հայկական, սակայն ազգայնացվել է: Դպրոց հաճախում են իրաքահայ երեխաներ, որոնք ազատ են կիրակի օրը՝ քրիստոնեական արարողությունների համար, ինչպես նաև մահմեդական արաբ երեխաներ, որոնք ազատ են մահմեդականների համար սուրբ ուրբաթ օրը: Դպրոց են հաճախում 6-13 տարեկան շուրջ 200 երեխա:
Կիրակի օրը տեր Սիմոն Գաբրիելյանը, տեր Նարեկ Իշխանյանը և նրա կինը՝ Ծովինար Իշխանյանը, Աստվածաշնչի և քրիստոնեական պատարագի դասեր են տալիս իրաքահայ երեխաներին:
Մեկնելուց առաջ Մերգերյանը կապվել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Բոստոնի գրասենյակի և Կալիֆոռնիայի համալսարանի հայ ուսանողների ընկերակցության հետ և նրանց օգնությամբ միջոցներ են հանգանակվել դպրոցի համար նվերներ ու գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով:
Դպրոցում Մերգերյանը հանդիպում է ունեցել տնօրեն Անահիտ Ամիրխանյանի հետ, ապա իր զինակիցների հետ բաժանել է գրենական պիտույքներ, ֆուտբոլի գնդակներ և խաղալիքներ:
«Այժմ՝ Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո, իրաքահայ համայնքը ցանկանում է, որ դպրոցը վերադարձվի հայերին,- գրում է Մերգերյանը: - Ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել տարբեր եկեղեցիների ու կազմակերպությունների բոլոր այն ամերիկահայերին, ովքեր երեխաներին հասցրեցին այս նվերները»:
|