Ախալքալաքում Սերոժ Հակոբյանն այն հազվագյուտ մարդկանցից է, որ երկու աշխարհներում բնակարան ունի, մեկը՝ էս կյանքում, Ռուսթավելի փողոցում, մյուսը էն կյանքինը՝ Ախալքալաքի գերեզմանոցում:
Ինչպես ինքն է ասում՝ «Համ էս երկրի մեջ եմ, համ՝ էն»։ Ու ամեն հյուրի տանում է իր գերեզմանը ցույց տալիս։
|
Սերոժն ասում է, որ պատրաստ է լքելու այս կյանքը |
Իր հարազատների՝ պապի, տատի, մոր ու հոր կողքին նա սարքել է իր և կնոջ գերեզմանները. սրբատաշ քար, վրան՝ ամուսինների նկարներն ու ծննդյան թվականները. Հակոբյան Սերոժ 1932 և Հակոբյան Մանուշակ 1933: Մահվան թվերը դեռ փորագրված չեն. այդ չնչին գործն էլ թողել են իրենց միակ զավակին՝ դստերը:
«Որ մանչ տղա չունեի, ասի՝ գերեզմանս ես սարքեմ, աղջկաս համար զոռ չլինի։ Քանի որ հնարավորություն ունեմ, ինքս իմ ու կնկաս համար սարքեցի։ Կնիկս էլ համաձայն եղավ, ասավ՝ ավելի լավ է, մեր էրեխին տանջանք-չարչարանք չի լինի, հետագայում ինչի՞ մեզ համար չարչարվի»։
Գերեզման սարքելը տղամարդու գործ է. պետք է քար ճարի, վարպետի տա, հետևի՝ ոնց են տաշում, նկարիչ գտնի, որ տեղը-տեղին նկարները փորագրի ու բոլորի հետ գնի բազար անի։ 1994 թվականին, երբ դեռ հետ գցած փող ուներ, Սերոժը գերեզմանաշինության ամբողջ գործն անում է: Քարի վրայի նկարներն էլ պատահական մեկին չի տալիս, պատվիրում է Երևանից եկած նկարչի։
Ախալքալաքում բացի Սերոժից էլի կան մարդիկ, որոնք կենդանության օրոք նախապատրաստել են իրենց վերջին հանգրվանը։ Բայց նրանցը մի փոքր այլ է. նրանց գերեզմաններն արդեն հանգուցյալ կնոջ կամ ամուսնու կողքին են, մնում է միայն ավելացնել անունը և մահվան թվականը:
Սերոժի գերեզմանը լրիվ դատարկ է, պատրաստ բնակարանամուտի։
«Էսի իմ «պաստայաննի» բնակարանն ա, մենք էստեղ հյուր ենք, մեր հիմնական բնակարանը էստեղ ա, ախպեր ջան»,- ասում է Սերոժը՝ նայելով իր սև տապանաքարին։
72-ամյա նախկին տաքսու վարորդը բոլորովին չի շտապում տեղափոխվել, բայց ասում է, որ երբ ժամանակը գա, ինքը պատրաստ է:
«Ինչ որ կա՝ կա, ինչ որ չկա՝ չկա,- ասում էՍերոժը: - Մենակ կարամ ասեմ, որ, եթե ճշմարիտ մարդ ես, հոգիդ հանգիստ կլինի»։
Սերոժն ասում է, որ հավատում է Աստծուն, ու հետևում է եկեղեցական բոլոր արարողություններին՝ Զատիկ, կնունք, մատաղ և այլն։ Գրպանում միշտ սրբապատկերներ է պահում:
«Մարիամ Աստվածածնի, Քրիստոս Տիրոջս նկարները գրպանս են եղել ու, փառք Աստծո, 45 տարի տաքսու վրա եմ աշխատել, ոչ մի փորձանքի չեմ եկել, ամեն տեսակ մարդ էլ հանդիպել է մեքենայիս մեջը, բայց ոչ մեկից վնաս չեմ ունեցել»։
Նախկին տաքսու վարորդը հիմա թոշակառու է: Ստացածը 15 լարի է (7,5 դոլար), դրանով ապրել չի լինի։ Հիմա Ախալքալաքի շուկայում առևտուր է անում, մաղ ու այլ մանր-մունր բաներ է վաճառում։
Արդյոք գերեզման կառուցելը նրան մահվանը չի՞ մոտեցնում, և ինքը չի՞ վախենում մահվանից:
«Տո չէ, այ ախպեր,- ծիծաղում է Սերոժը,- մոտեցնի-չմոտեցնի, կուզես վախեցի, կուզես մի վախեցի, որ մեռնելդ գա, կմեռնես։ Կարևորը ինչքան կրնաս՝ ապրես, մարդավարի, շնորհքով, հարգանքով։ Դու սիրես մարդկանց, մարդիկ քեզ սիրեն։ Թե չէ ծնվել ես, պիտի մեռնես, հարյուր տարի էլ ապրես՝ պիտի մեռնես, մի տարի էլ ապրես՝ պիտի մեռնես»։
Զատկին, մեռելոցին և այլ եկեղեցական տոներին ամբողջ ընտանիքով գալիս են, Սերոժի հոր ու մոր գերեզմանների մոտ նստում, ուտում ու խմում ի հիշատակ հանգուցյալների։
Մի օր, երբ թոռներն այցելեն Սերոժի «հավերժական կացարանը», տապանաքարին կտեսնեն մակագրություն՝ «Հիշատակ թոռներից»:
«Ոչինչ, որ թոռները չեն սարքել,- ասում է Սերոժը,- փոքր էին, ո՞նց սարքեին։ Բայց անցնող-դարձողը կիմանա, որ էս մարդը հարգանք-պատիվ է ունեցել, քանի որ թոռներն են իրա գերեզմանը սարքել»։
|