Նորոգման հետ կապված եռամյա ընդմիջումից հետո վերաբացվեց Հայաստանի պետական պատկերասրահը: Այդ նպատակով պատկերասրահին «Լինսի» հիմնադրամից գրեթե 450 հազար դոլար էր հատկացվել:
|
Երեք տարվա ընդմիջումից հետո պատկերասրահը կրկին բաց է
|
Մայիսի 18-ին նորոգ տեսքով այցելուներին ներկայացած պատկերասրահի բացման արարողությանը ներկա էին պետական պաշտոնյաներ և մշակույթի գործիչներ:
Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ 83-ամյա պատկերասրահը նախկին խորհրդային տարածքում իր հարստությամբ զիջում է միայն Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի թանգարաններին:
«Պատկերասրահը մեր ինքնությունն աշխարհին ներկայացնելու միջոց Է»,- ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Պատկերասրահը չէր նորոգվել 1921 թվականի իր ստեղծման օրվանից, և արվեստասեր հասարակայնությունը մտահոգված էր ոչ միայն շենքի վիճակով (որը խարսխում է Հանրապետության հրապարակը), այլև այնտեղ պահվող ցուցանմուշների ճակատագրով:
Այժմ այն նորոգվել է նկուղներից մինչև տանիք: Որոշ պատուհաններ փակվել են` ավելացնելով ցուցադրության տարածքը և, միաժամանակ, պաշտպանելով նկարները վնասակար առատ լույսից: Նորությունների թվում են խանութ-սրահը երկրորդ հարկում և սրճարանն իններորդ հարկում:
Ռուբեն Դրամբյանի և Մարտիրս Սարյանի ջանքերով հիմնադրված Ազգային պատկերասրահում պահվում են 25 հազարից ավելի ստեղծագործություններ։
Պատկերասրահի հայկական բաժնում ներկայացված են VI և VII դարերի որմնանկարներ, քանդակներ և եկեղեցական սրբապատկերներ, ինչպես նաև XIX և XX դարերի գեղանկարիչների կտավներ: Արտասահմանյան բաժիններում ներկայացված գեղանկարիչների թվում են Ռեմբրանդտը, Վան Գոգը, Շագալը և այլք:
Մինչ շինարարները նորոգում էին թանգարանը, գիտաշխատողները զբաղված էին գիտահետազոտական աշխատանքով` հրատարակելով պատկերասրահի հավաքածուների նյութերի մասին պատմող 12 ալբոմ և օրացույց:
|