ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
Special Edition
May 21, 2004




Հակամարտության հետևանքները. պատերազմի կողմնակի անդրադարձը սերունդների, ժողովուրդների ու երկրների վրա

Երբ Անդրանիկ Ասատրյանը որոշեց գիրք գրել Ղարաբաղի պատերազմի մասին, ո՛չ հանրահայտ դառնալու մտադրություն ուներ, ՛չ էլ պատմաբան դառնալու հավակնություն:

«Ամեն մի մահ ինձ ցավ էր պատճառում»,- ասում է հայի հետ ամուսնացած ադրբեջանցի Ռայա Բաբաևան

Տասնհինգամյա պատանին ընդամենն ուզում էր կիսել իր մտքերը պատերազմի և Հայաստանի պատմության վերաբերյալ:

«Իմ թուրք ժամանակակից, դու չգիտես ճշմարտությունը ցեղասպանության մասին, չգիտես ճշմարտությունը Ղարաբաղի պատերազմի մասին,- գրում է Անդրանիկը: - Այն պատմությունը, որ դու սովորում ես դպրոցում, կեղծ է, այնպես որ թույլ տուր պատմել քեզ, թե ինչպես է ամեն ինչ կատարվել իրականում»:

«Իմ թուրք ժամանակակցին» 35 էջանոց գիրքը լույս տեսավ անցյալ ապրիլին Ստեփանակերտում: 500 օրինակի տպագրության և բաշխման ծախսերը հոգացին Անդրանիկի ընտանիքի բարեկամները:

Անդրանիկը ծնվել է 1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղի ինքնորոշման շարժումը:

«Չգիտեմ՝ որևէ ադրբեջանցի կամ թուրք երբևէ կկարդա՞ այս գիրքը,- ասում է պատանի հեղինակը: - Բայց եթե կարդա, հուսով եմ, որ այն կօգնի իմ ժամանակակիցներին ավելի լավ հասկանալու պատմությունը»:

Պատանու հիշողությունները պատերազմի մասին աղոտ են: Անդրանիկն ընդամենը երկու տարեկան էր, երբ նրա ընտանիքն Ադրբեջանից փախավ Ղարաբաղ: Սակայն նա շատ բան իմացավ պատերազմի մասնակիցներից, այդ թվում՝ իր հորից:

«Գիրքը գրելիս մի հազար անգամ հարցրել եմ ինքս ինձ. «Արժե՞ր արդյոք անկախությունն այդքան կյանքերի զոհաբերության գնով»,- ասում է Անդրանիկը: - Ամեն պատերազմ ողբերգություն է, բայց մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայերը կարող են հասնել խաղաղության միայն պատերազմի միջոցով»:

Ղարաբաղում քչերն են կարդացել Անդրանիկի գիրքը, սակայն շատերը կհամաձայնեն պատերազմի հանդեպ պատանու դիրքորոշմանը:

Այժմ Ղարաբաղում ապրող 145 հազար հայերի անկախությունը նվաճվել է շուրջ 30 հազար հայերի և ադրբեջանցիների կյանքի գնով: Հազարավոր մարդիկ ապրում են ֆիզիկական և հուզական վնասվածքներով: Պատերազմի հետևանքները զգալի են Ղարաբաղի կյանքի գրեթե ամեն ոլորտում:

«Երբ ինչ-որ մեկն ասում է, որ հայերը պաշտպանում էին Ղարաբաղը, որովհետև դա իրենց նախնիների հողն է, հասկանում եմ, որ այդ մարդը պատերազմի տարիներին Ղարաբաղում չի եղել,- ասում է «Ազատ Արցախ» օրաթերթի թղթակից Նաիրա Հայրումյանը:

«Ես կարծում եմ, որ մարդիկ կռվում են ոչ թե երկիր նվաճելու, այլ իրենց երեխաներին, կանանց ու ծնողներին պաշտպանելու, նրանց բռնությունից ու կոտորածից փրկելու համար»,- ասում է նա:

Հայրումյանի ամուսինը՝ Արթուրը, գնացել է պատերազմ պաշտպանելու իր տունը և նորածին որդուն՝ Դավթին, և սպանվել է 1992 թվականին:

«Չգիտեմ՝ անխուսափելի էր պատերազմը, թե՞ ոչ,- ասում է Հայրումյանը,- բայց հավատում եմ, որ մարդիկ իրենց կյանքն իզուր չեն զոհել»:

Եթե պատերազմի նպատակը ադրբեջանական ճնշումից ազատագրվելն էր, ապա Հայրումյանը, գուցե իրավացի է:

«Իմ թուրք ժամանակակցին» գրքի հեղինակը

Ղարաբաղցի լուսանկարիչ Գեորգի Ղազարյանն ասում է, որ ադրբեջանցիները միշտ ճնշում էին հայերի մշակութային կյանքը Ղարաբաղում:

Ղազարյանը վերհիշում է, որ, օրինակ, արգելվում էր լուսանկարել Մարտակերտի Դադիվանքը, դրա համար հարկավոր էր ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը:

«Ադրբեջանցիները վանքի տարածքը արոտավայր էին դարձրել,- ասում է Ղազարյանը: - Շուշիում քանդել էին մի քանի հին գերեզմանոցներ ու ճանապարհ էին կառուցել: Դա Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն էր, որն ուղղված էր հայերեն արձանագրությունները ոչնչացնելուն և տարածաշրջանում հայկական ներկայության բոլոր վկայությունները վերացնելուն»:

Պատերազմը, որը կանխեց Ղարաբաղում հայկական ներկայության վկայությունների հետագա վերացումը, փախստական դարձրեց շուրջ 360 հազար հայերի: Նրանց մեծ մասը փախավ Բաքվի ու Սումգայիթի ջարդերից հետո՝ հետևում թողնելով 92 հազար տուն:

Նրանք, ովքեր իրենց տները լքելով փախան Հայաստան և այլուր, բախվեցին անսպասելի պրոբլեմների անցանկալի իրողությունների նոր աշխարհում:

35-ամյա Նոնա Աղաբալովան փախստական, է, որը բարձր սոցիալական կարգավիճակ ուներ Ադրբեջանում. զբաղվում էր գիտահետազոտական աշխատանքով: Այսօր նա ապրում է Երևանի «Հայէլեկտրամաշ» գործարանի հանրակացարանի մի սենյակում, որտեղ հազիվ մեկ մահճակալ, բազմոց ու սեղան են տեղավորվում:

Պատերազմի ու փախստականների մասին խոսելիս ասում է, որ իր դեպքում «պատմությունը կրկնվել է»: Նրա պապերը, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված եղեռնից մազապուրծ եղած, նախ բնակություն են հաստատել Ղարաբաղում, ապա 1933 թվականին տեղափոխվել Բաքու:

«Ես չեմ ուզում մեղադրել իմ նախնիներին ապրելու սխալ վայր ընտրելու համար,- ասում է Աղաբալովան: - Պարզապես զարմանում եմ, որ այդքան բանից հետո նրանք եկել են ապրելու ադրբեջանցիների մեջ»:

Նրա հայրը մահացել էր Բաքվում տարիներ առաջ, իսկ մայրը մահացել է վերջերս Երևանում՝ այդպես էլ չհամակերպվելով «փախստականի» իր կարգավիճակի հետ:

«Հնարավորության դեպքում կուզենայի մի օր Բաքու գնալ,- ասում է նա, - բայց երբեք չեմ ապրի այնտեղ: Չեմ ուզում կրկնել նախնիներիս սխալը»:

Ղարաբաղի հայերն ասում են, որ խորհրդային իշխանության օրոք բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել ադրբեջանցիների հետ, բայց իրենց կյանքը սահմանափակված է եղել չգրված մի օրենքով՝ «նախ ադրբեջանցիները, հետո հայերը»:

«Եթե որևէ ղարաբաղցի աշխատանք էր ստանում համալսարանում, նրան նույնիսկ մեքենայով տեղ չէին հասցնում: Նման նշանակումները կատարում էին իշխանությունները»,- ասում է Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի գյուղապետը:

Լևոն Դաբաղյանն ասում է, որ, եթե պատերազմ սկսվի, ինքը «զենք կվերցնի ու կգնա կռվելու»

«Ըստ էության հայերին այդպիսի աշխատանքներ չէին տալիս:
Երևանում բարձրագույն կրթություն ստացած որևէ հայ նման աշխատանք ստանալու համար պետք է ստանար Բաքվի թույլտվությունը: Իսկ Բաքվում նրան ասում էին. «Դու Երևանում ես բուհ ավարտել, ուրեմն Հայաստանում էլ աշխատանք փնտրիր»:

73-ամյա Լևոն Դաբաղյանը 1990 թվականին փախել է Կիրովաբադից և այժմ ապրում է Ստեփանակերտի ծերանոցում:

«Ես միայն գիտեմ, որ հայերը միշտ ստիպված են եղել պայքարել իրենց իրավունքները պաշտպանելու համար,- ասում է նա: - Ադրբեջանցիների հետ հաշտ էինք ապրում, բայց միշտ գիտեինք, որ նրանց չի կարելի վստահել: Կարելի է մեղադրել իշխանություններին, բայց գուցե դա նաև մեր սխալն էր, նրանց, ովքեր ապրում էին Ադրբեջանում: Փաստորեն պատմությունը պատժեց մեզ ադրբեջանցիներին վստահելու համար»:

Դաբաղյանն ընտանիք չունի: Նրա միակ որդին զոհվել է պատերազմի ժամանակ: Ծերունին անց է կացնում իր օրն այգին մշակելով: Ու նաև հետևում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

«Ադրբեջանի նոր նախագահն ասում է, որ իրենք պատրաստ են վերսկսելու պատերազմը: Իլհամ Ալիևը կարծում է, թե կարող է շարունակել հայերին վերացնելու քաղաքականությունը, բայց սխալվում է: Հիմա ձեռքիս բահ ու փոցխ է, բայց եթե պատերազմ սկսվի, ես զենք կվերցնեմ ու կգնամ կռվելու»:

Մինչ Ղարաբաղի պատանիները սովորում են պատերազմի մասին այլևս որպես անցած պատմության, իսկ ծերունիները երդում են տալիս, որ դժվար թե կարողանան կատարել, միջին տարիքի շատ ղարաբաղցիների կյանքը բախվում է պատերազմի հետևանքներին, որը նաև կանխորոշում է նրանց ապագան:

Ստեփանակերտում բնակվող Ալմազ Անտոնովայի համար պատերազմի սարսափները ռումբերի ու գնդակների հետևանք չեն: Նա խառն ընտանիքից է, մայրը հայ է, հայրը՝ ադրբեջանցի: Նրա ամուսինը հայ է: Եղբայրներից մեկն ամուսնացել է հայուհու հետ, մյուսը՝ ադրբեջանուհու:

Պատերազմը բաժանել է նրա ընտանիքը: Ծնողները տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ մայրը շուտով մահացել է՝ կիսված ընտանիքի վիշտ սրտում: Վերջերս Ալմազն իմացել է, որ մահացել է նաև հայրը: Հայուհու հետ ամուսնացած եղբայրը տեղափոխվել է Ռուսաստան:

«Պատերազմից միշտ տուժում են հասարակ մարդիկ,- ասում է նա: - Պատերազմը չսպանեց իմ ընտանիքի անդամներին, բայց փոխեց մեր ամբողջ կյանքը»:

Պատերազմը կործանել է Ստեփանակերտում բնակվող մեկ այլ ադրբեջանուհու՝ Ռայա Բաբաևայի ընտանիքը: Բաբաևայի ծնողներն ադրբեջանցի են, բայց նա ամուսնացել է հայի հետ:

«Ինձ համար դժվար ժամանակներ էին: Ադրբեջանցիներն ու հայերը սպանում էին միմյանց, և ամեն մի մահ ինձ ցավ էր պատճառում»,- ասում է Բաբաևան: Նրա ամուսինը զոհվել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ:

«Պատերազմից միշտ տուժում են հասարակ մարդիկ»,- ասում է Ալմազ Անտոնովան

Երկու կանայք էլ ապրում են նորմալ կյանքով Ստեփանակերտում, որը մի քանի տարի առաջ ադրբեջանցիների և հայերի միջև ընթացող պատերազմի էպիկենտրոնն էր:

Անտոնովան դասավանդում է ռուսաց լեզու և գրականություն: Բաբաևան աշխատում է Արցախի հանրային ռադիոհեռուստատեսությունում, ադրբեջաներեն լուրերի հաղորդավարն է: Նրա «Արդարության ձայն» հաղորդումը հեռարձակվում է Ադրբեջան և միտված է հարևան երկրների միջև մշակութային կապերի հաստատմանը:

«Հայերն ընդունում են ինձ յուրայինի պես, և ես ինձ մեկուսացած զգալու պատճառ չունեմ»,- ասում է Բաբաևան:

«Ես հայրենասեր եմ և ինչ-որ առումով՝ ազգայնական,- ասում է Բաբաևայի գործընկեր Լարիսա Գրիգորյանը,- բայց Բաբաևային ատելու պատճառ չեմ տեսնում: Նա մեղավոր չէ, որ նրա ժողովուրդը թշնամանքով է վերաբերվում մեզ: Ես ոչ մի տարբերություն չեմ դնում նրա և իմ հայ բարեկամների միջև»:

Ոմանց համար, ինչպես Աշոտ Առաքելյանի, պատերազմի պատճառով խորացած տնտեսական դժվարությունները կործանարար հետևանքներ են ունեցել, և դրանց հասցրած վերքերը դեռևս չեն սպիացել:

Առաքելյանը թոշակի անցած մաթեմատիկայի ուսուցիչ է: 90-ականների սկզբին, երբ տնտեսության վիճակն ամենածանրն էր, նա աշխատանք գտնելու հույսով որդու հետ մեկնել էր Ռուսաստան:

Սիբիրի քաղաքներից մեկի շուկայում մրգավաճառի աշխատանք էր գտել: Նրա գործատուն՝ Ալին, ադրբեջանցի էր, որը փախել էր Ադրբեջանից իր հայ կնոջ հետ: Չորս տարի առաջ այժմ 53-ամյա Առաքելյանը վերադարձել է Երևան:

«Կարծում եմ, որ պատերազմի գլխավոր պատճառը Խորհրդային Միության փլուզումն էր,- ասում է Առաքելյանը: - Ազգամիջյան կոնֆլիկտներ առաջացան Միության տարբեր վայրերում՝ Չեչնիայում, Մերձդնեստրովիեում և Աբխազիայում: Ղարաբաղը հակամարտության ևս մեկ գոտի էր:

Ազդե՞ց արդյոք պատերազմն իմ կյանքի վրա: Այո: Կուզենայի՞ ապրել ինչպես առաջ՝ խորհրդային իշխանության օրոք: Ո՛չ: Այն կյանքն ապահով էր, բայց անտանելի: Աշխարհով մեկ սփռված բազմահազար հայ փախստականների և տնտեսական դժվարությունների առաջ կանգնած հայաստանցիների համար այժմ դժվար է պատմական գնահատական տալ պատերազմին: Բայց ես համոզված եմ. մեր ժառանգները կասեն, որ դա փրկություն էր ղարաբաղցիների համար»:

Լուսանկարները` Գեորգի Ղազարյանի


According to Agnes
 

  Inside
 

The Peace Process: Who wants what? And when?

Full story

 
 

An Interview with the President of the Republic of Nagorno Karabakh

Full story

 

An Interview with the Minister of Foreign Affairs of Karabakh

Full story

 

The Politics of Population: Re-settlement program attracts the dislocated and the opportunists to free life on the land

Full story

 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sweet

Ten years since its last performance, the opera "Anush" returned to Yerevan stage this week. The 90-year old opera, based on Hovhaness Tumanyan's poem, was staged by Gegham Grigoryan and starred Anahit Mkitaryan in the lead role.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.