ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 19, 2004




Վտանգված Հայաստան. Աջարիայի դեմ Վրաստանի հայտարարած պատժամիջոցները բացահայտում են Հայաստանի խոցելիությունը

Վրաստանի սևծովյան ափին գտնվող Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում քաղաքական լարված իրավիճակի կապակցությամբ երեկ երեկոյան կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը պետք է փարատի Հայաստանի համար այդ իրավիճակի հետևանքների մասին մտահոգությունը:
Նախագահներն անցյալ շաբաթավերջին Երևանում կայացած հանդիպման ժամանակ

Երկարատև լարվածությունը Վրաստանի և Աջարիայի միջև սաստկացավ մարտի սկզբին, երբ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ կենտրոնը ձգտում է «համատարած վերահսկողություն հաստատել Աջարիայում»:

Անցյալ երեքշաբթի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատժամիջոցներ կիրառեց ինքնավար հանրապետության դեմ այն բանից հետո, երբ Աբաշիձեի զինյալ կողմնակիցները կրակ բացեցին նախագահական ավտոշարասյան վրա, երբ Սաակաշվիլին փորձում էր մուտք գործել Աջարիա անցյալ կիրակի: Վրաստանի նախագահը հենց նոր էր ավարտել իր շաբաթավերջյան հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երևանում:

Սաակաշվիլին անվանեց այդ միջադեպը «լուրջ մարտահրավեր Վրաստանին»:

Հայաստանի գործարարներն ու պաշտոնատար անձինք մտավախություն ունեին, որ այդ պատժամիջոցները կարող են ուժեղ հարված հասցնել Հայաստանին, որը, շրջափակված լինելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ապավինում է Աջարիայի Բաթում նավահանգստով իրականացվող ծովային փոխադրումների վրա:

Սակայն երեկ Աբաշիձեի հետ հինգժամյա հանդիպումից հետո Սաակաշվիլին այսօրվանից հանեց պատժամիջոցները:

Պատժամիջոցների հայտարարումից հետո Հայաստանի պաշտոնատար անձինք անմիջապես սկսեցին միջոցներ ձեռք առնել ՈՒկրաինայից Վրաստանի Փոթի նավահանգստով մի երկրորդ երթուղի բացելու համար:

Հայաստանի ներմուծման և արտահանման ավելի քան 90 տոկոսն իրականացվում է վրացական նավահանգիստներով: Ամսական սննդամթերքով և վառելիքով բեռնված ավելի քան 1000 երկաթուղային վագոն է գալիս Հայաստան Բաթումից: Եվ եթե փոխադրումների որոշ մասը դեռ կարելի է իրականացնել Փոթիով, նավթամթերքների տերմինալ այդ նավահանգիստը չունի, այնպես որ Հայաստանին մնում է ապավինել Բաթումին:

Պատժամիջոցների կիրառումից հետո Հայաստանում վառելանյութի
առևտրով զբաղվող խոշոր ընկերություններից մեկը՝ «Ֆլեշը», հայտարարեց, որ բենզինի 20 օրվա պաշար ունի և չի բացառում գների բարձրացման հնարավորությունը, եթե իրավիճակը պահպանվի:

Իրադարձությունները հարևան Վրաստանում ստիպեցին Հայաստանի պաշտոնատարներին խոսել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին:

«Հայաստանը կողմ է կառուցողական երկխոսությունների և խաղաղ լուծումների ոչ միայն իր առևտրական շահերից ելնելով, այլ նախ և առաջ հանուն տարածաշրջանային կայունության», ասում է Հայաստանի վարչապետի տարածաշրջանային հարցերով խորհրդական Ստեփան Մարգարյանը:

«Նման իրադարձությունները միայն ընդգծում են հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մենք անկախ պետություններ ենք, սակայն փոքր պետություններ ենք, և մի երկրի տնտեսական կամ քաղաքական ճգնաժամը անմիջապես անդրադառնում է մյուս երկրի կայունության վրա», ասում է նա:

Բոզոյանն ասում է, որ երկու երկրները նույն տնտեսական հոգսերն ունեն

Մարգարյանն ասում է, որ ո'չ Հայաստանը, ո՛չ էլ Վրաստանն այնքան հզոր տնտեսություն չունեն, որ անտեսեն միմյանց շահերը:

Ներկայումս Վրաստանի և Հայաստանի միջև առևտուրը տարեկան 20 միլիոն դոլար է կազմում, ինչը Մարգարյանի հավաստմամբ «շատ քիչ է
հարևանների համար»: Խորհրդականն առաջարկում է, որ Հայաստանը և Վրաստանը ձևավորեն միասնական տնտեսական և առևտրական գոտի, որը գրավիչ կլինի միջազգային ներդրողների և գործընկերների համար:

Անկախացման 12 տարիների ընթացքում չի հիմնադրվել ոչ մի հայ-վրացական համատեղ ձեռնարկություն, թեև երկրների հարաբերությունները բարեկամական են:

«Այսօր Վրաստանը 24 տոկոս զեղչ է տրամադրում Հայաստան մտնող նավթամթերքների և 17 տոկոս մյուս ապրանքների սակագների համար, - ասում է Մարգարյանը: - Սակայն Ադրբեջանին տրամադրում է 50 տոկոս զեղչ: Բացի այդ Հայաստան եկող յուրաքանչյուր երկաթուղային վագոնի համար Վրաստանը գանձում է 1500-2000 դոլար մաքսավճար, ինչը նույնպես անդրադառնում է բիզնեսի վրա»:

Սաակաշվիլու հայաստանյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները հանձն առան զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը և երկկողմանի կապերը: Սաակաշվիլին անվանեց Հայաստանը իդեալական գործընկեր՝ ասելով, որ իր երկիրը Հայաստանից սովորելու շատ բան ունի:

«Մեդիա կենտրոն» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը նկարագրում է Սաակաշվիլուն որպես ուժեղ առաջնորդի և նույնպես կիսում է այն տեսակետը, որ Հայաստանի տնտեսական հաջողությունները ուղղակիորեն կապված են հարևան երկրներում տիրող իրավիճակի հետ:

Բոզոյանն ասում է, որ Սաակաշվիլու պատժամիջոցներն Աջարիայի դեմ նաև պայմանավորված էին գալիք խորհրդարանական ընտրություններով Վրաստանում. Սաակաշվիլին մտադիր է թույլ չտալ Աջարիայի առաջնորդի կուսակցությանը մտնել խորհրդարան:

«Աջարիան պետություն է պետության մեջ և ունի տոտալիտար առաջնորդ՝ Աբաշիձեին, որը ներկայացնում է այն ուժեղ և հին աջարական կլանը, որը ղեկավարել է Աջարիան հարյուրամյակներ շարունակ: Իրականում Աբաշիձեն ձգտում է լիակատար ինքնավարության Վրաստանից, թեև մասնակցել է Վրաստանի նախագահական ընտրություններին», ասում է Բոզոյանը:

Վրաց-աջարական սահմանային պահակակետ

Մոտ 300 հազար բնակիչ ունեցող Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը ստեղծվել է 1921 թվականին: Բնակչության մեծ մասը մահմեդականներ են, մինչդեռ Վրաստանի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են:

Բոզոյանն ասում է, որ մի կողմից Սաակաշվիլին պետք է որոշակի անկախություն տա ինքնավար հանրապետությանը: Սակայն մյուս կողմից դա սպառնում է լարվածություն առաջացնել ազգային փոքրամասնություններով բնակեցված մյուս տարածքներում, այդ թվում՝ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, հայաբնակ Ջավախքում և ադրբեջանաբնակ Մարնեուլում:

Վերլուծաբանն ասում է, որ դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացում կստանան հարաբերությունները Թբիլիսիի և Բաթումի միջև, սակայն ակնհայտ է, որ վրաց ղեկավարի վարկանիշը մեծապես պայմանավորված կլինի սեփական երկրում հակամարտությունները լուծելու նրա կարողությամբ:

Եվ Բոզոյանը հույս է հայտնում, որ իրադարձությունները Վրաստանում, որոնք ցույց տվեցին Հայաստանի ծովային ելքից զրկված տնտեսության խոցելիությունը, կդրդեն Հայաստանի իշխանություններին ձեռնամուխ լինելու տարածաշրջանային տնտեսական գոտու ձևավորման և նոր ծրագրերի իրականացման աշխատանքներին:


According to Agnes
 

  Inside
 

At Risk: Sanctions in Georgia reveal Armenia's regional vulnerability

Full story

 
 

Medicine on the Go: Villagers get treatment delivered to their door

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Fire and Rain and a Rain of Fire

Georgian President Mikael Saakhasvili braved rain for a visit to the Genocide Memorial in Yerevan last Saturday. The next day, his motorcade was fired upon as he tried to enter Ajaria, a contentiously contested autonomous republic on Georgia's Black Sea coast.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.