ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 19, 2004




Վտանգավոր ծառայություն. ևս մեկ զինակոչիկ է զոհվում իր զինակցի ձեռքից

Հայկական բանակի ևս մեկ զինվոր է զոհվել զինակցի հասցրած վնասվածքներից:
Զինվորի գյուղական տանը վառ են պահում նրա հիշատակը

18-ամյա Արթուր Գրիգորյանը բանակային
բռնության վերջին զոհն է:

Շարքային Արթուր Գրիգորյանը, որը զինակոչվել է
անցյալ նոյեմբերին՝ 18 տարին լրանալուց 3 օր հետո, մարտի 2-ին մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում սպայի կողմից իրեն հասցված վնասվածքներից:

Ընտանիքի անդմաներն ու ականատեսներն ասում են, որ փոխգնդապետ Հովհաննես Երիցյանը խփել է Գրիգորյանի գլուխը մետաղյա ձողին: Գրիգորյանը մահացել է դրանից երկու շաբաթ հետո հասցված վնասվածքի բարդություններից:

Միջադեպին ականատես սպաներից մեկը հարազատներին պատմել է, որ Երիցյանը ծեծի է ենթարկել զինվորին ծխելու և բարձրաձայն ծիծաղելու համար:

Ըստ Գրիգորյանի հարազատների, ընկերների և ծանոթների տեղի է ունեցել հետևյալը:

Մի խումբ զինվորներ կանգնած են եղել Երևանում տեղակայված 5165 զորամասի բակում: Տեսնելով մոտեցող փոխգնդապետին՝ զինվորները ցրվել են: Արթուրը և մեկ այլ զինվոր անցել են բակում կանգնած բեռնատարի հետևը:

Մոտենալով նրանց՝ սպան ասել է. «Էս ի՞նչ է, մուկն ու կատու՞ եք խաղում» և սկսել է հարվածել Գրիգորյանին:

«Դեմքին հասցված հարվածներից Արթուրի բերետն ընկել է, - պատմում է Արթուրի 25-ամյա եղբայր Աշոտը: - Երբ նա կռացել է՝ փորձելով բարձրացնել այն, սպան ուժգին հարված է հասցրել նրա գլխին: Հետո բռնելով օձիքից՝ երեք անգամ գլուխը խփել է մետաղյա ձողին: Չբավարարվելով այդ հարվածներով՝ երկու անգամ էլ գլուխը ուժգին խփել է երկաթյա դարպասին»:

Դեպքից երկու օր առաջ Արթուրը մասնակցել է Աշոտի հարսանիքին: Աշոտն է մեքենայով Արթուրին տարել զորամաս և ասում է, որ նա չի գանգատվել ծառայությունից»:

«Եղբայրս գոհ էր զինվորական ծառայությունից, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է», պատմում է Աշոտը:

Երիցյանը կալանավորված է, և նրա դեմ քրեական գործ է հարուցված: Նրան սպառնում է 3-8 տարվա ազատազրկում:

Զինակոչիկ Գրիգորյանին նշանակել են ազգային անվտանգության նախարարության հատուկ նշանակության զորամաս հիմնականում իր ֆիզիկական տվյալների շնորհիվ. Գրիգորյանի հասակը 1,85 սմ էր, քաշը՝ 98 կգ:

Չնայած գլխացավերին Գրիգորյանը մեկ շաբաթ շարունակել է ծառայությունը: Փետրվարի 24-ին Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հոսպիտալ, իսկ երկու օր հետո՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդա-հոգեբուժական բաժանմունք: Հարազատները միայն հաջորդ օրն են տեղեկացել, որ Գրիգորյանը հիվանդանոցում է: Նրանց հայտնել են, թե նա ինչ-որ ինֆեկցիայով է վարակվել:

Անահիտ Գրիգորյանը կորցրել է ամուսնուն, դստերը, իսկ այժմ նաև որդուն

«Մինչև վերջին պահը մեզանից թաքցնում էին իրողությունը: Սկզբում ասացին, որ ուղեղի կաթված է տարել, հետո ասացին՝ ուռուցք կա գլխում, իսկ որպես վերջնական տարբերակ նշում էին ինֆեկցիան, - ասում է Արթուրի մայրը՝ Անահիտը: - Փորձում էին ապացուցել, որ երեխաս բանակ գնալուց առաջ հիվանդ է եղել, բայց երեխաս բացարձակ առողջ էր: Ես նրա հիվանդանալը մանկուց չեմ տեսել»:

Հարազատներն ասում են, որ իրենց չեն հայտնել Գրիգորյանի վիճակի ծանրության մասին: Նրանք ասում են, որ իրենց տեսակցությունները սահմանափակված են եղել՝ պատճառաբանելով, թե քնած է: Սակայն Գրիգորյանը նույն զորամասում ազգականներ ունի, որոնք էլ հայտնել են ընտանիքին կատարվածի մասին, ինչը հետագայում հաստատել է նաև Գրիգորյանը:

«Եթե իմանայինք, որ վիճակն այդքան ծանր է, բժշկական կոնսիլիում, այլ մասնագետներ կհրավիրեինք: Գուցե նրանք փրկեին երեխայիս կյանքը: Մենք չէինք հասկանում, որ մեզ խաբում են, - ասում է մայրը: - Գործը կոծկելու և մեզ հանգստացնելու համար վիրահատեցին, բայց ոչ այն մասից, որտեղից հարվածն էր ստացել»:

Ազգականների հավաստմամբ մի փորձագետ հայտնել է իրենց, որ հերձումը պարզել է, որ զինվորը մահացել է ուղեղի վնասվածքի հետևանքով:

«Որ (Երիցյանը) նրան ծեծել է, գլուխը խփել մետաղյա ձողին՝ Արթուրը հաստատեց «Էրեբունի» հիվանդանոցում, - ասում է Անահիտը: - Ասացի՝ Արթուր ջան, քեզ հետ այսպիսի միջադեպ եղե՞լ է, ասաց՝ մամ ջան, եղել է, բայց ես չեմ պատկերացրել, որ խփելուց կարող էր այսպես լինել»:

Մի քանի օր առաջ զորամասից նրանց տուն է եկել մի սպա և հարցուփորձ արել բժշկական տեղեկանքի ու դեպքի մանրամասների մասին: Հարազատները մտավախություն ունեն, որ զինվորական դատախազությունը կարող է կեղծել դատաբժշկական փորձաքննության արդյունքները և այնպես ներկայացնել, թե Գրիգորյանի մահը ծեծի
հետևանք չէ:

Անահիտ Գրիգորյանը համեմատում է իր որդու մահը վերջերս Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից սպանված հայ սպայի մահվան հետ:

«Հունգարիայում հայ սպային թշնամին էր սպանել, դատապարտեցին, քաղաքական գնահատական տվեցին: Բայց չէ՞ որ այստեղ հայ սպան հայ զինվոր է սպանել, ո՞վ է դատապարտելու: Նրան պետք է հայրենիքի դավաճան ճանաչել», ասում է զոհի մայրը:

Դպրոցի տնօրենը ( կենտրոնում ) ասում է, որ Արթուրը «երբեք չէր օգտագործում իր ուժը թույլերի դեմ»

Գրիգորյանները մեխանիզատորների ընտանիք են
Երևանից մոտ 70 կմ դեպի հյուսիս-
արևմուտք ընկած Մելիք գյուղում: Ընտանիքի հայրը մահացել է ավտովթարից 1993 թվականին: 13-ամյա դուստրը մահացել է ծանր հիվանդությունից:

Գյուղի բնակիչներն ասում են, որ Արթուր Գրիգորյանը միշտ կանգնած է եղել եղբոր թիկունքին, որը 14 տարեկանից եղել է ընտանիքի հաց վաստակողը:

Մելիք գյուղի դպրոցի տնօրեն Արթուր Ղևոնդյանը նշում է Գրիգորյան ընտանիքի ծանր սոցիալական վիճակը և ասում է, որ «հորը կորցրած տղան միշտ ընկճված է եղել, երբեք ակտիվություն չի դրսևորել: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է եղել, բայց երբեք իր ուժը թույլերի նկատմամբ չի կիրառել»:

Դպրոցի տնօրենը հպարտանում է, որ չնայած իրենց զավակներին բանակ ուղարկող ծնողների մտահոգությանը, Մելիք գյուղը երբեք դասալիքներ չի տվել:

«Մենք այդպես ենք կրթում մեր երեխաներին, որ սա մեր երկիրն է ու մեր պետականությունը, քաջալերում ենք նրանց գնալ ու ծառայել բանակում, - ասում է նա: - Շուտով գարնանային զորակոչն է սկսվում, մենք ի՞նչ սրտով մեր տղաներին բանակ ուղարկենք»:


According to Agnes
 

  Inside
 

At Risk: Sanctions in Georgia reveal Armenia's regional vulnerability

Full story

 
 

Medicine on the Go: Villagers get treatment delivered to their door

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Fire and Rain and a Rain of Fire

Georgian President Mikael Saakhasvili braved rain for a visit to the Genocide Memorial in Yerevan last Saturday. The next day, his motorcade was fired upon as he tried to enter Ajaria, a contentiously contested autonomous republic on Georgia's Black Sea coast.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.