Փողոցային սրճարանների քանակի կտրուկ աճը վերջին տարիներին, բնապահպանների հավաստմամբ, կրկնակի ավելի վնաս է հասցրել Երևանի կանաչ գոտուն, քան 1990-ականների սկզբի դաժան էներգետիկական ճգնաժամը, որը ստիպել էր շատ երևանցիների կտրել ծառերն իրենց տները տաքացնելու համար:
|
Ավերում են` ևս մի սրճարան կառուցելու համար |
«Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» հասարակական կազմակերպու-
թյան հաշվարկներով
շինարարական բուռն աճի
ժամանակա-հատվածում ոչնչացվել են ավելի քան 700 հա կանաչ տարածքներ: Մեկ տասնամյակ առաջ հատվել է ընդամենը 300 հա տարածք:
Կազմակերպության ղեկավար Սրբուհի Հարությունյանի հավաստմամբ միայն վերջին տարվա ընթացքում մայրաքաղաքի կանաչ տարածքը 570 հեկտարից նվազել է 507 հեկտարի: «Դա հիմնականում զբոսայգիներում և այլ կանաչ տարածքներում իրականացված շինարարության հետևանք է», հայտնեց նա «Ազատ Եվրոպա» և «Ազատություն» ռադիոկայանների թղթակցին:
Անթիվ անհամար սրճարաններն ու զվարճավայրերն անճանաչելիության աստիճանի փոխել են քաղաքի կենտրոնի հասարակական զբոսայգիները: Այդ հաստատությունների տերերը, որոնցից շատերը նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են, հեշտ ու հանգիստ կտրում են բազմամյա ծառերն իրենց չափազանց շահութաբեր բիզնեսի համար նոր տեղ զավթելու համար: Երևանի քաղաքապետարանը ենթարկվել է բնապահպանական խմբերի խիստ քննադատությանը կանաչ գոտիների կրճատում թույլատրելու համար: Բնապահպանները զգուշացնում են, որ դա անբարենպաստ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա:
Նախագահի նշանակած Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, անցյալ հոկտեմբերին պաշտոնից ազատվելուց շատ չանցած, ընդունեց, որ ինքը հաճախ հողահատկացումներ է արել ավելի հզոր պաշտոնյաների հրահանգով: Նա նաև նշել է, որ գրեթե բոլոր սրճարանատերերն անտեսել են իրենց արտոնագրերի պայմանները՝ իրենց հատկացվածից ավելի տարածքներ զավթելով և դրանց վրա ապօրինի շինություններ կառուցելով:
Իշխանությունները չեն հրապարակում սնկի նման բազմացող սրճարաններից քաղաքի ստացած եկամուտների գումարը: Երևանի ներկա քաղաքաապետ Երվանդ Զախարյանը կասկածներ ունի, որ գործատերերը խաբում են քաղաքապետարանին: Փոխքաղաքապետ Կամո Արեյանի հավաստմամբ Զախարյանը «խիստ հրաման է» տվել իր ենթականերին ստուգելու սրճարանների գործունեությունը:
Որոշ հասարակական կազմակերպություններ պնդում են, որ հողազավթման գործընթացում առանցքային դերը պատկանում է քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը երեք տարբեր քաղաքապետների օրոք: «Նա է ապահովում այդ գործընթացի շարունակականությունը», ասում է Գոհար Օգանեզովան Հայկական բուսաբանական ընկերությունից:
Օգանեզովան նաև գանգատվում է, որ կառավարական պաշտոնյաները ծագած պրոբլեմների համար սովորաբար մեղադրում են իրենց նախորդներին կամ այլ պետական գերատեսչությունների: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հենց դա էլ արեց երեքշաբթի օրը, երբ հայտարարեց, որ չունի բավականաչափ լիազորություններ Երևանում ծառահատումները կանխելու համար: «Քաղաքում ծառերի պահպանությունը քաղաքապետարանի գործն է», հայտնեց նա «Ազատ Եվրոպա» և «Ազատություն» ռադիոկայանների թղթակցին:
Այվազյանը նաև ուղղակիորեն հայտարարեց, որ իր ղեկավարած նախարարությունը հաճախ պատասխանատվության չի կանչում օրինազանցներին, որովհետև չի ցանկանում խանգարել Հայաստանի շինարարական բուռն աճին: |