ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 19, 2004




Շրջիկ հիվանդանոց. գյուղացիները բուժում են ստանում իրենց գյուղում

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչները հավաքվել են բուժական ամբուլատորիայի մոտ: Բժիշկները գալիս են, և բոլորն ուզում են, որ առաջինն իրենց զննեն:

Շտապ օգնության նոր մեքենաները բժշկական օգնություն են բերում գյուղեր

Շատ այլ գյուղերի նման Ջանֆիդան նույնպես չունի հիվանդանոց և ունի ընդամենը մեկ բժիշկ: Բնակիչների մեծ մասն ի վիճակի չէ գնալ կենտրոն բուժման համար: Փաստորեն հարցի լուծումն այն է, որ մասնագետներն իրենք գնան գյուղեր:


«Յուրաքանչյուր տարվա վերջում կազմում ենք նեղ մասնագետների այցելությունների ժամանակացույց, - ասում է Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը: - Գյուղերում մեկ մասնագետից ավելի չի լինում»:

Արդեն մի քանի տարի է Արմավիրի մարզպետարանի ջանքերով կազմակերպվում են բժիշկների այցելություններ: Հիվանդներին են հետազոտում են քիթ-կոկորդ-ականջի մասնագետը, սրտաբանը, նյարդաբանը, վիրաբույժը և ակնաբույժը:

«Այս միջոցառման կարիքը գյուղն ուներ: Գյուղում շատ են այն ընտանիքները, որոնք պարզապես միջոցներ չունեն ոչ միայն Երևան, այլև մարզկենտրոն հասնելու համար: Այս դեպքում մասնագետն է այցելում հիվանդին», ասում է Ջանֆիդայի ամբուլատորիայի գործադիր տնօրեն և թաղամասային թերապևտ Արսեն Մխիթարյանը:

Ըստ Մխիթարյանի գյուղի բնակչությունը նախապես տեղեկացվել է, որ նախատեսվում է բժիշկների այցելություն, և շուրջ 50 գյուղացիներ նախնական զննում են անցել:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2003 թվականին Ջանֆիդայում կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցված ամբուլատորիա:

Ըստ գյուղապետ Ղուկաս Սրեյանի նախորդ բուժկետը կառուցվել է 1920 թվականին: Նոր ամբուլատորիայի համար ծախսվել է 47000 դոլար, որի 10 տոկոսը հատկացրել է գյուղի համայնքը:

«Այսօր մեզ այցելած բժիշկները կարող են մարդավայել ընդունել ու զննել հիվանդներին», ասում է գյուղապետը՝ ավելացնելով, որ այդ նախաձեռնության առավելությունն այն է, որ այն կանխում է հիվանդությունները:

«Բժշկի չեմ դիմել, հնարավորություն չունեմ: 1000 դրամ էլ չունեմ, որ գնամ Երևան: Սպասում եմ իմ հերթին, տեսնեմ ինչ խորհուրդ կտան», ասում է 75- ամյա թոշակառու Հուրի Քալաշյանը:

Ակնաբույժի սենյակից նշանակումների թուղթը ձեռքին դուրս է գալիս 68-ամյա Գյուլվարդ Մուրադյանը:

«Այնքան եմ ուրախացել: Մտածում էի, որ դեղեր նշանակեն, ինչպե՞ս պետք է առնեմ, էն էլ ասացին, որ անվճար են տալիս», ասում է նա:

«Եթե պատահում է, որ տեղում տվյալ դեղորայքից չենք ունենում, նրանց ուղարկում ենք Արմավիրի համապատասխան դեղատունը, որտեղից անվճար ստանում են դեղորայքը: Մարզպետարանը հետո վճարում է դրա համար», ասում է փոխմարզպետը:

Այս տարի բժիշկները ժամանել են շտապ օգնության նոր մեքենայով, որը հագեցած է ժամանակակից հետազոտման սարքավորումներով:

«Ազգաբնակչությունը հետազոտվում է, և եթե նույնիսկ ստացիոնար բուժման կարիք է լինում, միջնորդում ենք, որ դա արվի անվճար, իսկ ամբուլատոր բուժման նշանակումներն արվում են տեղում», ասում է ակնաբույժ Մերի Ալավերդյանը:

Նյարդաբան Շահեն Ալավերդյանն ասում է, որ այս այցելությունները շատ արդյունավետ են՝ մանավանդ հաշվի առնելով իրավիճակը գյուղերում:

Մուրադյանն ուղարկում է հիվանդներին բուժման պետպատվերի շրջանակներում

«Գրեթե բոլոր այցելուները տառապում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներից, - ասում է նա: - Սա կապված է երկրի ծանր սոցիալ-տնտեսական պայմանների հետ»:

Ըստ Մուրադյանի չի կարելի ասել, թե իրենք մեծ գումարներ են ծախսում այս այցելությունների ծամանակ, որովհետև յուրաքանչյուր համայնքի յուրաքանչյուր բնակիչ ֆինանսավորվում է պետության կողմից: Թերապևտիկ և մանկաբուժական ծառայությունն ընդհանրապես անվճար է: Պարզապես կարևորվում են հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են հիվանդության ճիշտ ախտորոշման համար:

«Մենք ի հայտ ենք բերում հիվանդներին և ուղարկում պետպատվերի շրջանակներում բուժսպասարկում ստանալու: Նաև ամեն ինչ անում ենք, որ գյուղացիներն իմանան իրենց իրավունքները: Երբեմն գալիս ու ասում են, որ չեն դիմում բժշկի, որովհետև գումար չունեն», բացատրում է Մուրադյանը:

Անկողնային հիվանդներին, որոնք ի վիճակի չեն գյուղական ամբուլատորիա հասնելու, մասնագետներն այցելում են նրանց տանը:

Այս տարի Արմավիրի հիվանդանոցի բժիշկներն արդեն եղել են մարզի տասը գյուղերում: Այցերը կշարունակվեն մինչև տարեվերջ:

«Նալբանդյան գյուղում անցած մեկ օրում 400 հիվանդ ենք զննել: Հասցնում ենք մեկ օրում գյուղում աշխատանքն ավարտել, քանի որ նախապես ամեն ինչ որոշված ու կազմակերպված է լինում: Հնարավոր չէ, որ մարդիկ իմանան բժիշկների այցի մասին ու չգան», ասում է Լարիսա Մուրադյանը:


According to Agnes
 

  Inside
 

At Risk: Sanctions in Georgia reveal Armenia's regional vulnerability

Full story

 
 

Medicine on the Go: Villagers get treatment delivered to their door

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Fire and Rain and a Rain of Fire

Georgian President Mikael Saakhasvili braved rain for a visit to the Genocide Memorial in Yerevan last Saturday. The next day, his motorcade was fired upon as he tried to enter Ajaria, a contentiously contested autonomous republic on Georgia's Black Sea coast.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.