Ամեն շաբաթ առավոտյան Աշոտ Խալաթյանն ուսին է գցում երջանկություն բերող տիկնիկներով լի պայուսակը և ուղղվում վերնիսաժ:
 |
Երջանկության ավանդույթ |
Տիկնիկները պատրաստված են Հայաստանի դեռ հեթանոսական ժամանակներից եկող ավանդույթներով: Մի մասը սև մորուք ունի, մյուսները կրում են ավանդական զարդանախշերով գլխարկներ:
Դրանք նուրի-նուրիներն են՝ գունագեղ գործված տիկնիկներ, որոնք, ինչպես շատերն են հավատում, երջանկություն են բերում:
Նուրի-նուրի նշանակում է անձրևի հարս: Հին ժամանակներում այս տիկնիկներն օգտագործվել են տապ օրերին և երաշտի ժամանակ երկնքից անձրև ուզելու համար:
Դրանք նաև խորհրդանշել են առատությունն ու պտղաբերությունը:
Տիկնիկները գործում է Աշոտի կինը՝ Մարիամը: Վերջին 10 տարվա ընթացքում՝ հատը 5-25 դոլարով վաճառվելով, դրանք եկամուտ և երջանկություն են ապահովել Աշոտին ու Մարիամին:
Նրանք միակը չեն, որ զբաղվում են նուրի-նուրիների վաճառքով: Այսօր արդեն, ի տարբերություն խորհրդային տարիների, շատ տիկնիկագործներ կան, որոնք վերնիսաժում ու արվեստի սրահներում ներկայացնում են իրենց նուրի-նուրիները՝ կարմրաթուշ, մետաղադրամները ճակատին, ուրախ, տխուր, մեծ-մեծ աչքերով ու երկար հյուսերով:
Սակայն Մարիամի տիկնիկները տարբերվում են իրենց կոկիկ գործվածքով, գույներով ու դեմքի արտահայտությամբ:
Մարիամը փոքրիկ դազգահի վրա հիմնաթելով հիմքն է գցում, որի վրա էլ գունագեղ
բրդյա թելերով սկսում է գործել տիկնիկների հիմքը՝ մարմինը և հագուստը: Պատրաստի կարպետ-արտաքինը տիկնիկագործը լցնում է մաքուր բամբակով, և տիկնիկը ձեռք է
բերում արդեն իր հիմնական ուռուցիկ տեսքը: Վերջում ամենապատասխանատու
պահն է՝ դեմքի ասեղանգործումը և մազերի ու մորուքի տեղադրումը, որը նույնպես կատարվում է բրդյա թելերով: Բացի այս Մարիամն իր տիկնիկներին կաշվե տրեխներ է հագցնում, իսկ կանանց գոտկատեղից նաև կախվում են կավե փոքրիկ կուժերը, և
նուրիները պատրաստ են:
«Աղջիկս նոր էր ծնվել, և առաջին տիկնիկը պատրաստեցի նրա համար՝ կտորից, - պատմում է Մարիամը: - Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ նուրի-նուրիներն իմ կյանքի անբաժանելի մասն են դառնալու: Վերնիսաժում հայտնված առաջին տիկնիկն իմ աշխատանքն էր, որը կատարելագործվել է ժամանակի հետ ու արտացոլում էր հայկական կարպետագործության նրբություններն ու ազգային ավանդույթները»:
Մարիամի հավաստմամբ նուրի-նուրիները գալիս են հեթանոսական ժամանակներից և կապված են Վարդավառի հետ, որը ջրի պաշտանմունքը խորհրդանշող հին հեթանոսական տոն է: Այս ծիսական տոնի հիմնական բաղադրիչը ջուրն է, որը մարդիկ ավանդույթի համաձայն ցողում են իրար վրա՝ ի նշան պտղաբերության և հաջողության:
 |
Մարիամը կարում է, Աշոտը վաճառում է |
«Վարդավառին այս տիկնիկները ծիսական նշանակություն են ունեցել և խորհրդանշել են նոր կյանքը, ջուրը, պտղաբերությունը», ասում է Մարիամը:
Ավանդույթը՝ ավանդույթ, սակայն մինչև այսօր էլ խորհրդավոր հավատը նուրիների նկատմամբ շարունակում է ապրել շատերի մեջ, և նրանք գնում են այդ տիկնիկները՝ խորապես հավատալով, որ դրանք երջանկություն ու հաջողություն կբերեն իրենց ու իրենց մտերիմներին:
«Այս տարիների ընթացքում շատերն են մոտեցել ու շնորհակալություն հայտնել երջանկության համար, որն իրենց պարգևել է կնոջս գործած նուրի-նուրին, - պատմում է Աշոտը: - Մեկը մեզ մոտից տիկնիկ էր գնել ու նվիրել էր Ամերիկայում բնակվող իր հարազատներին, որոնք 10 տարուց ավելի երեխա չէին ունենում: Նուրի-նուրին երջանկություն էր բերել նրանց, ու նրանք երկվորյակներ են ունեցել: Ընդ որում աղջկան կնոջս պատվին անվանել են Մարիամ: Մարիամ անունը գրված է եղել տիկնիկի կողքին: Մեկ ուրիշն ամուսնացել է, մյուսի հաջողությունը միանգամից բացվել է»:
Նման պատմությունները քաջալերում են Մարիամին, որը մեկ տիկնիկը պատրաստում է 10 ժամում:
«Ես մեծ հաճույքով եմ աշխատում ու կարծում եմ, որ տրամադրությունը փոխանցվում է տիկնիկներին, - ասում է Մարիամը: - Շատ եմ ուրախանում, երբ ասում են, որ իմ տիկնիկներն իրենց երջանկություն կամ հաջողություն են բերել: Սակայն, կարծում եմ, որ հաջողությունը գալիս է նաև մարդու ներքին հավատից»:
Մարիամը, որը սկսել է կարպետ գործել 25 տարի առաջ, ասում է, որ ձեռքի աշխատանքին զուգահեռ անընդհատ ծանոթանում է հայկական ազգային ավանդույթների նրբություններին ու զարդանախշերին: Վարպետի հավաստմամբ նուրի-նուրիների գոգնոցները, հին դարերի կանանց գոգնոցների նման, նախշերով մի ամբողջ տոհմի պատմություն են պատմում և ունեն իրենց խորհուրդը:
Նախկինում Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, այսօր տիկնիկների վաճառքով զբաղվող Աշոտը հերթով փայտե ցուցատախտակին է շարում տիկնիկները՝ ուրախ ու տխուր, գույներով ու նախշերով հագեցած, և սկսվում է օրը վերնիսաժում:
«Իմ մասնագիտությունն օգնում է ինձ
մարդկանց հետ շփվել և ներկայացնել
կնոջս ձեռքի աշխատանքները, -
ասում է Աշոտը, որը նուրի-նուրիի
նման մորուք ունի: - Սակայն
ամենահաճելին այն մարդկանց
երջանիկ դեմքերն են, որոնք
վերադառնում ու շնորհակալություն
են հայտնում տիկնիկների բերած
երջանկության ու հաջողության
համար»:
Մարիամն ասում, որ տարիների
ընթացքում հազարավոր տիկնիկներ է
պատրաստել, որոնք ապրում են
աշխարհի տարբեր ծայրերում: Եվ
մարդկանց նման նրանցից
յուրաքանչյուրն ունի իր
ճակատագիրը, իր երկար կամ կարճ
կյանքը:
«Մի տղա տիկնիկ ունեինք, որի կանանց անընդհատ տանում էին, ինքը մնում էր մենակ, ու ամեն անգամ, երբ ամուսինս պայուսակից հանում էր տխուր արտահայտությունը երեսին այդ տիկնիկին, սիրտս կանգնում էր: Ես էլ բարկացա ու նրա համար միանգամից 3 կին գործեցի, բայց մի օր նրան էլ տարան, - ասում է Մարիամը: - Առհասարակ, չգիտես, թե ում կհավանեն, ում՝ ոչ: Մի տիկնիկ էի գործել, այնքան տգեղ էր ստացվել, նման էր մեր դերասան Մհեր Մկրտչյանին, ես մտածեցի՝ չեն հավանի, բայց սխալվում էի: Տիկնիկների աշխարհում, ինչպես և կյանքում, ամեն ինչ անկանխատեսելի է»:
Իսկ երբեմն էլ այդ աշխարհը, Աշոտի և Մարիամի հավաստմամբ, իրական աշխարհի արտացոլումն է...
«Մի անգամ տուն վերադարձա միայն տղա տիկնիկներով, այդ օրը, չգիտես ինչու, բոլոր աղջիկներին գնել էին, - ասում է Աշոտը: - Մարիամն էլ սկսեց ծիծաղալ ու ասաց՝ ոնց որ Հայաստանի կյանքը լինի. աղջիկները փող են աշխատում, տղամարդիկ տուն են վերադառնում ձեռնունայն»:
|