ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 19, 2004




Ապաքինում երաժշտությամբ. երգը միավորում է «Սպեղանին»


«Բը~զզ, բզզան բզեզ, ի՞նչ ես անում, թել եմ մանում», երգում է «Սպեղանի» երգչախումբը։

Սարինա Ավթանդիլյանը գտել է իր «սպեղանին»

Եթե դեռ չես հասել նախագծային ինստիտուտի հինգերորդ հարկ, որտեղ երգչախումբը փորձ է անում, կթվա, թե մի հարկ վերև բզեզների մի հսկա բույն է։ «Բզեզը» մանկական երգ է, որ գրվել է հատուկ «Սպեղանիի» համար։

Երբ յոթ տարի առաջ ստեղծվեց երգչախումբը, նրա անդամները ութ-տասը տարեկան մանուկներ էին, որոնք կապված էին ընդհանուր ճակատագրով. նրանց հայրերը զոհվել էին Ղարաբաղի պատերազմում։ Այժմ մանկական երգերը «Սպեղանիի» երգացանկի փոքր մասն են, և նրանց առաջին հերթին միմյանց կապում է ոչ թե իրենց ընտանիքների
ճակատագիրը, այլ երգարվեստը։ Հունվարին Լոս Անջելեսում թողարկվել է «Սպեղանիի» առաջին ձայնասկավառակը, որը
պարունակում է հոգևոր երգեր։ Ձայնագրությունները կատարվել են Մակարավանքում։

Երգչախումբը ծնվել է ողբերգությունից։

Երգչախմբի հիմնադիր Սարինա Ավթանդիլյանի ամուսինը զոհվել է 1992 թվին Շուշիի համար մղված մարտերում։ Պատերազմի սարսափները նրան ուղեկցել են երկար ժամանակ: «Աղջիկս ծնվեց այն օրը, երբ առաջին «Գրադը» խփեց Ստեփանակերտին։ Մեկ տարի էլ չէր անցել` ամուսինս զոհվեց։ Այդ ժամանակ աղջիկս ծնողներիս հետ Մոխրաթաղում էր, որ Մարտակերտի մոտ է։ Ես Ստեփանակերտում ամուսնուս թաղմանն էի, երբ ադրբեջանցիները սկսեցին գրավել Մարտակերտը: Մարդկանց շարանները գալիս էին դեպի Ստեփանակերտ, իսկ ես հոսանքին հակառակ ոտքով գնում էի գյուղ, որ աղջկաս փրկեմ։ Երկու օր քայլում էի անձրևի տակ»։

Աղջկան Սարինան փրկում է, բայց անհայտ կորում են մայրը, տատը և պապը։

Պատերազմի մղձավանջները երկար ժամանակ ուղեկցում էին Սարինային, ականջին անընդհատ օդային տագնապն էր, քայլերի ձայները նրան սարսափեցնում էին, երբ օդանավի ձայն էր լսում, կարծում էր, թե թշնամին մոտենում է, աղջկան գրկած տնից դուրս էր թռչում։

Հետո Սարինան գտավ իր սպեղանին` երգչախումբը:

«Ես մեռած էի, մեջս էլ կյանք չկար, - ասում է նա։ - Ի՞նչ անեի»:

Եվ Սարինան հայտարարություններ է փակցնում զինկոմիսարիատների պատերին, որ ստեղծվում է երգչախումբ զոհված մարտիկների երեխաներից։

«Այս երգչախումբը դարձավ իմ հոգին ու էս ձայներով սկսեցի առողջանալ։ Մղձավանջները մնացին անցյալում, ու իմ կյանքը փրկվեց»։

Հայտարարությանն արձագանքում են մոտ 80 երեխաներ` թշվառ ու սոված, երգից ու նոտաներից անտեղյակ:

«Լսողություն բացարձակ չկար, երեք-չորսը հազիվ հնչյունները ջոկում էին, - ասում է Սարինան, - հուսահատված էի, բայց քանի որ գաղափարը կար, հետ չկանգնեցի»։ Ամենակրտսերը Սարինայի դուստր Մարինան էր, որն այն ժամանակ 5 տարեկան էր։

Սարինան մասնագիտությամբ խմբավար է, ավարտել է կոնսերվատորիան և այժմ դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Նա պետք է սովորեցներ իր երգչախմբի անդամներին երգել:

«Երբ եկա երգչախումբ, երգել ընդհանրապես չգիտեի, - հիշում է 15-ամյա Ասյա Մովսիսյանը, - մի երկու ամիս հետո մամաս ասեց` գուցե հանե՞նք, Սարինան պատասխանեց` թող մի քիչ էլ մնա։ Ու մնացի, դարձա երգչուհի»։

Երկար ժամանակ երգչախումբը համարվում էր նախ սոցիալական ծրագիր և հետո միայն` երաժշտական խումբ: Ամեն համերգի ժամանակ նրանց ներկայացնում էին որպես զոհված մարտիկների երեխաների երգչախումբ, և հանդիսատեսի մեջ առաջին հերթին խիղճն էր արթնանում, ուշադրությունը շեղվում էր երգի կատարման որակից։ Սարինան հիշում է, թե ինչպես էին համերգի ժամանակ երեխաները սովից նվաղում, ինչպես մի աղջիկ ուշաթափ եղավ։

Սփյուռքի բարերարներն օգնում էին երեխաներին հագուստով ու սննդով։ Սարինան ասում է, որ կային ծնողներ, որոնք երեխաներին բերում էին երգչախումբ ոչ թե երգելու, այլ օգնություն ստանալու համար։

Սակայն ժամանակի հետ հեռացան նրանք, ում մեջ սեր չառաջացավ երգի նկատմամբ։ Թեև հիմա էլ կան երեխաներ, որոնք ծանր պայմաններում են ապրում, իսկ ոմանք նույնիսկ փորձերին գալու փող չեն ունենում:

Սակայն սոցիալական խնդիրներն արդեն հետին պլան են մղվել, ու «Սպեղանիի» առաջնային խնդիրը դարձել է պրոֆեսիոնալիզմը։

Երգչախմբում ստացած կրթության շնորհիվ Լաուրա Մելիքյանն անցյալ տարի ընդունվել է կոնսերվատորիայի վոկալի բաժին. «Առաջին երգողներից եմ եղել։ Որ եկա, ոչ մի նոտա չգիտեի։ Ձայնս էլ վատն էր, փոքր էր։ Բայց սովորեցի երգել», ասում է նա։

Այժմ 35 հոգիանոց երգչախումբը համալրվել է չորս երեխաներով, որոնք ունեն ծնողներ։ Միայն երկուսն են տղա, քանի որ մյուսները գնացել են բանակ, կամ նրանց մանկական ձայները փոխվել են ու այլևս պիտանի չեն մանկական երգչախմբին։

Երգչախմբի ուշադրության կենտրոնում պրոֆեսիոնալիզմն է

Երգացանկում բզեզի բզբզոցը «Սպեղանիի» ստեղծման հիշողությունն է
արթնացնում, որպես երգարվեստում պատանիների կատարած առաջին քայլ։ Երգացանկի հարյուրից ավել երգերի մեջ գերակշռում են միջնադարյան հայ հոգևոր երգերը և եվրոպական դասական կոմպոզիտորների գործերը։ Երգերից շատերը ա կապելլա են, ինչն առանձնահատուկ վարպետություն է պահանջում:

Յոթ տարվա ընթացքում «Սպեղանին» մոտ 150 համերգ է տվել։ Սարինան ասում է, որ «Սպեղանին» բազմաթիվ հրավերներ է ստացել արտասահմանից, սակայն չի կարողացել մեկնել միջոցների պակասի պատճառով: Սակայն մեկ ամսից երգչախումբը կմեկնի իր առաջին արտասահմանյան հյուրախաղերին Լիբանան, Սիրիա և Իտալիա։

Լիաննա Առուշանյանն այն երգչուհիներից է, ովքեր հիշում են այն օրերը, երբ գոյատևելն ավելի կարևոր էր, քան երգելը:

«Ուրիշ երեխաներ իրենց հայրերից էին խոսում, ու ես խեղճանում էի, - ասում է 18-ամյա Լիաննան, որի հայրը զոհվել է Ղարաբաղի Քարինտակ գյուղի մարտերի ժամանակ, - իսկ այստեղ բոլորս հայր չունեինք ու իրար ավելի լավ էինք հասկանում։ Էն ժամանակ այդ հանգամանքը նշանակություն ուներ` փոքր էինք»։

Լիանան ասում է, որ այսօր այդ ողբերգությունն այլևս նշանակություն չունի, քանի որ «հիմա մեզ բոլորիս երգն է կապում»։

------
Սեղմեք այստեղ և կլսեք երգչախմբի կատարումներից մի հատված:


According to Agnes
 

  Inside
 

At Risk: Sanctions in Georgia reveal Armenia's regional vulnerability

Full story

 
 

Medicine on the Go: Villagers get treatment delivered to their door

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Fire and Rain and a Rain of Fire

Georgian President Mikael Saakhasvili braved rain for a visit to the Genocide Memorial in Yerevan last Saturday. The next day, his motorcade was fired upon as he tried to enter Ajaria, a contentiously contested autonomous republic on Georgia's Black Sea coast.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.