Մարտի 13-ին «Հայկական նավատորմի նվագախումբն» իր հիմնադիր Արտո Թունչբոյաջյանի հետ հյուրերի առաջ բացեց իրենց վաղուց սպասված Ավանգարդ ժողովրդական երգի ակումբի դռները և ներկայացրեց իրենց նոր «Մեր կյանքի ձայնը» սկավառակը:
 |
«Նավատորմի նվագախումբը» նոր ակումբ է բացել Երևանում
|
«Այս ակումբը
դառնալու է մի վայր, որտեղ
ամենահամարձակ գաղափարներն անգամ կարող են իրականություն դառնալ, որտեղ
արվեստագետի ու
արվեստի սահմանները միաձուլվելու են`
ստեղծելով նորը
կամ մեկնաբանելով
հինը նոր ձևով»,
ասում է
Թունչբոյաջյանը:
Ակումբի բացմանը մասնակցելու և նվագախմբի հայրենիքը տեսնելու համար Հայաստան էին ժամանել 20 լրագրողներ Եվրոպայից և ԱՄՆ-ից:
«Մենք չենք ստեղծվել փառասիրության մղումով, մեր ճանաչումն ու փառքը զուտ միջոց է մեր ազգն ու պետությունը ներկայացնելու համար» նշում է խմբի հիմնադիրը:
Թունչբոյաջյանը, որը երգում է և նվագում է հարվածային գործիքների վրա, հիմնադրել է խումբը 1989 թվականին:
Խումբը կազմված է 20-45 տարեկան 12 հայ երաժիշտներից, որոնք ներկայումս Հայաստանի լավագույնների թվում են: Նրանք կատարում են սեփական ստեղծագործություններն ինչպես ազգային գործիքների` դուդուկ, զուռնա, քյամանչա, քանոն, այնպես էլ տրոմբոնի, ալտ, տենոր և սոպրանո սաքսոֆոնների, շեփորի, կոնտրաբասի, հարվածային գործիքների, սինթեզատորի և դաշնամուրի վրա:
Նվագախմբի արտասովոր անվանումն արտահայտում է հիմնադրի կյանքի հավատամքը:
«Մեր նավը շարժվում է հավատի, վստահության ու սիրո ծովերով: Երբ մարդն ուժով դուրս է գալիս իր բնական սահմաններից` ցույց տալով, թե ինչպես կարելի է լինել աշխարհի մի մասը առանց կորցնելու սեփական ինքնությունն ու արմատները, ապա նրա գաղափարներն ու համոզմունքներն առաջ կտանեն նրա նավն առանց ջրի», ասում է Թունչբոյաջյանը:
«Երբ ես պատկերացնում էի «Հայկական նավատորմի նվագախումբը», ես տեսնում էի այնպիսի մարդկանց, որոնք կհասկանան ու կընդունեն միմյանց առանց որևէ սահմանների: Մենք գտանք միմյանց, ու իմ վստահությունը նրանց հանդեպ ավելի ուժեղ էր, քան նրանց սեփականը», ասում է նա:
Արտո Թունչբոյաջյանը ծնվել է Թուրքիայում 1957 թվականին: Նրա երաժշտության և կյանքի վրա մեծ է եղել եղբոր` նույնպես երաժիշտ Օննոյի ազդեցությունը: Նա քաջալերել է Արտոյին զարգացնելու սեփական երաժշտական բնավորությունը ոչ միայն որպես եղբայր, այլև որպես ընկեր ու երաժիշտ:
 |
Նվագախմբի ղեկավարն է Թունչբոյաջյանը, որը նվագում է հարվածային գործիքների վրա
|
Արտոն սկսել է իր երաժշտական գործունեությունը 11 տարեկան հասակում` եղբոր հետ նվագելով ու ձայնագրելով ավանդական երաժշտություն և
ձևավորվելով որպես պրոֆեսիոնալ երաժիշտ Եվրոպայում ու Թուրքիայում: 1981 թվականին Արտոն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ` ուսումնասիրելու նոր ստեղծագործական հոսանքները և ավելացնելու մի նոր չափում կյանքի սեփական ընկալմանը: Սկսած այդ ժամանակից նա հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում սեփական ստեղծագործությունների մենահամերգներով:
Նա ստեղծել է իր արվեստը, երբեմն նաև իր երաժշտական գործիքները: Արտոյի ձեռքերում երաժշտական գործիք են դարձել շիշը, կաթսաները և այն ամենը, ինչից կարելի է ստանալ ձայն:
«Ինձ շատերն են հարցնում, թե ինչու եմ ընտրել ոչ ավանդական երաժշտական գործիքներ, ինչու չեմ նվագում այն գործիքները, որ մարդիկ վաղուց են ստեղծել: Դրա պատասխանը ես միաժամանակ և' գիտեմ, և' չգիտեմ, - ասում է Արտոն: - Ես մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ հայերը վախենում էին անգամ խոսել հայերեն: Մեր ծնողները հավաքվում էին եկեղեցու նկուղում ու թաքուն հայերեն երգեր երգում: Ես կուզենայի հայկական գործիքներ նվագել, բայց ինչպե՞ս, երբ չկար գործիք, չկար սովորեցնող: Այդ ժամանակ ես իմ երաժշտական մղումներն արտահայտեցի հարվածային գործիքների ու իմ ստեղծած գործիքների միջոցով»:
Ըստ «հայկական ջազի կնքահայր», դաշնակահար Լևոն Մալխասյանի Արտոյի ու նրա խմբի արվեստը պարզապես ապշեցուցիչ է: «Սա ջազ է, որն անընդհատ շարժման մեջ է, - ասում է Մալխասյանը: - Արտոն փոփոխությունների ու նորարարության գլխապտույտ միջոցներ է գտնում ու, դրանով հանդերձ, կարողանում է հարազատ մնալ ժողովրդական երաժշտությանը»:
---------------------
Սեղմեք այստեղ և կլսեք նվագախմբի կատարումներից մի հատված:
«Հայկական նավատորմի նվագախումբը» ըստ Ագնեսի:
|