Հենց այն ժամանակ, երբ ես քիչ էր մնում վերջապես գլուխ հանեի հայաստանյան իմ կյանքից
մի խոսքով, ինձ այս պարագայում պետք է ձեր օգնությունը:
Իմ սանիկ Տաթևիկը այս շաբաթ երկվորյակներ է ունեցել: ՈՒ թեև այդ կապակցությամբ ես երջանիկ եմ, ինչպես ցեխաջրում թավալվող խոզը, ես նաև շփոթմունքի մեջ եմ: Նախ ասեմ, որ ես նույնիսկ վստահ չեմ, որ «սանիկն» այստեղ ճիշտ բառ է: Պատմեմ կատարվածը:
Երեք տարի առաջ ես դարձա իմ բարեկամներ Հայկի և Տաթևիկի հարսանիքի քավորը՝ կնքահայրը: Մինչև Տաթևիկենց տուն գնալը` Հայկի ընտանիքը ներկայացնելու նպատակով, ես անգամ չգիտեի «քավոր» բառը, ինչը տգիտությամբ մեկ կարգով զիջում է իմ անտեղյակությանը, որ «քավոր» լինելով ես ստանձնում եմ Տաթևիկի հորից նրա դստեր ձեռքը Հայկի համար խնդրելու պատասխանատվությունը: Այդ գործընթացը բնավ չէր դյուրացնում այն փաստը, որ Տաթևիկի հայրը և ես շփման ընդհանուր լեզու չունեինք, իսկ խոսք ուզելն այն արարողությունը չէ, երբ կարելի է ապավինել մնջախաղին (թեև մի անգամ ինձ հաջողվել է հավ նմանակելով շուկայում ձու գնել):
Վախենամ, որ վերջին երեք տարվա ընթացքում ես շատ քիչ բան եմ արել կնքահոր կոչումով իմ հանդեպ ցուցաբերված հարգանքն արդարացնելու համար: Առայժմ կնքահոր դերի մասին իմ սովորած միակ բանն այն է, որ այս տիտղոսի շնորհիվ ընտանեկան ճաշկերույթներում հայտնվում ես արտոնյալ վիճակում և առաջինը քեզ են ճաշ մատուցում: Սակայն ինձ ասել են, որ քավորն այն մարդն է, որին զույգը պետք է դիմի ընտանեկան դժվարություններ ունենալու դեպքում: Հաշվի առնելով սեփական ընտանական գործերը կարգավորելու իմ անկարողությունը` ես որոշակի տագնապով եմ սպասում այն օրվան, երբ (կնքհայր ոչ արասցե) ինձ կանչեն միջնորդական առաքելության:
Ամուսնության ժամանակ ստանձնելով քավորի դերը` դրան հաջորդած կարճատև ինն ամիսների ընթացքում ես փորձել էի ավելի լավ պատրաստվել սանիկների զավակների կնքահայր լինելուն: Մասնավորապես ես բազմիցս դիտել էի «Կնքահայրը» ֆիլմի բոլոր երեք մասերը` դանդաղեցնելով և դադար տալով ֆիլմի այն մասերում, որտեղ Ալ Պաչինոն կամ Մարլոն Բրանդոն շփվում են երեխաների հետ:
Բացի այդ, սպասելով անցյալ շաբաթվա ավետիսին, ես դիտում էի ամերիկյան մաֆիայի մասին պատմող «Սոպրանոների ընտանիքը» հեռուստասերիալի թվային տեսասկավառակը:
Համեմատելով ապրելակերպի իտալական տարբերակը հայկականի հետ՝ կարող եմ ասել հետևյալը. փոխարինեք իտալական պաստան հայկական խորովածով և կստանաք «Սոպրանյանների ընտանիք»-ին շատ մոտ մի բան, այսինքն` մարմինը կիպ գրկող պոլիեստերե շապիկ հագած պլոճիկով տղերք, որոնք ավելի շուտ վախ, քան հարգանք են ներշնչում: (Ես արդեն սկսել եմ աշխատել պլոճիկի վրա, բայց դա ժամանակ է պահանջում: ՈՒ նաև, Թոնի Սոպրանոյի նման, սովորում եմ, թե ինչպես պետք է ճիշտ առոգանությամբ ասել «Բա հիմա ի՞նչ ես անելու»):
Ես բջջային հեռախոս եմ գնել սանիկներիս համար ու դրել եմ նրանց համարը արագահավաքի վրա, իսկ վերջերս Նահանգներ կատարած
ուղևորության ժամանակ երկտեղանոց մանկասայլակ եմ գնել: Կյանքումս առաջին անգամ նորածնի շորեր եմ գնել` զվարճանքով հայտնագործելով, որ գոյություն ունի այնպիսի բան, ինչպես զրո չափը:
Այս ամենի կապակցությամբ ես խիստ հուզված եմ և կնքահայրության այս ամբողջ եռուզեռի մեջ ես հանկարծ գլխի ընկա, որ երեխաների ծննդից երկու օր է անցել, իսկ ես նույնիսկ չգիտեմ արդյոք նրանք արդեն անուն ունեն կամ ինչ քաշով են ծնվել: Ես արդեն գիտեմ, որ սրանք կարևորագույն տեղեկություններ են լուրը ծանոթներին հայտնելիս: Սակայն կնքահայրությունը դժվար է տրվում այս գործում անփորձ, էլ չեմ ասում այս երկլեզու աշխարհում միալեզու մարդուն, որքան էլ նրա մտադրությունները բարի լինեն:
Ինչևէ, ես այժմ զբաղվում եմ ինքնակրթությամբ կնքահայրություն անելու բնագավառում: Ես պատրաստվում եմ կաշառք տալ բժիշկներին և ստել քահանաներին իմ կրոնական կողմնորոշման մասին, և հանկարծ իմանում եմ, որ ես կարող եմ բոլորովին էլ նորածինների քավորը չլինել: Այս աշխարհում թարգմանիչ ունենալն ինձ բավական չէ. այժմ ինձ պետք է նաև լրիվ դրույքով ազգագրագետ՝ Հայաստանի մշակութային ավանդույթները պարզաբանելու համար:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նորապսակների համար քավոր լինելը միանգամայն տարբեր է այդ միության հետևանք հանդիսացող ժառանգների քավոր լինելուց: Հնարավոր է, և բոլորովին անհավանական չէ, որ մեկ այլ անձ, ըստ երևույթին մանկակնքահայրության մեջ ավելի մասնագիտացած, կստանձնի նորածիններին մեծացնելու և դաստիարակելու պարտականությունները, որոնք ես վերապահել էի ամուսնության քավորին: Ես մտադրություն չունեմ խորամուխ լինելու ազգագրական մանրամասնությունների մեջ, բայց շատ շնորհակալ կլինեի, եթե ինչ-որ մեկը պարզաբաներ իմ պարտականություններն այս պարագայում:
Ծնող լինելու իմ ունեցած փորձն այնքան էլ շահեկան չէ քավորի իմ կերպարի համար: Ընտանեկան մի հավաքի ժամանակ ես գրկեցի քրոջս նոր քայլել սկսած դստրիկին ու տարա ցույց տալու «մու կովիկներին» հորս պատկանող մարգագետնում: Այս պատմության համար կարևոր է, որ այդ մարգագետնի ցանկապատի միջով էլեկտրականություն էր անցնում: Ես առանց որևէ միջադեպի մի միլիոն անգամ անցել էի այդ ցանկապատի վրայով: Բայց այդ օրը փշալարը բռնեց տաբատիս փողքը: 12 վոլտ լարումը թեթևակի հարվածեց ինձ ու վերածեց ձեռքերս մի ինքնանետիչի (կատապուլտի), և ես շպրտեցի երեխային դեպի կովը՝ այն երեխային, որին փորձում էի սիրաշահել: Այժմ նա միանգամայն առողջ կին է և իր սեփական երեխան ունի, բայց միթե դուք երկվորյակներ կվստահեի՞ք նման մարդու:
Երիտասարդ զույգը կարող է պրոֆեսիոնալ օգնության կարիք ունենալ, և հուսանք, որ նրանց բախտը կբերի, և նրանք կխուսափեն նման վախճանից: Սակայն ներկայումս ես, համենայն դեպս, վարժվում եմ Բրանդո(յան)ի նման կզակս քորել: |