Հայաստանի փախստականների ու միգրացիայի պետական կոմիտեն և Շվեյցարիայի փախստականների հարցերով դաշնային գրասենյակը մարտի 1-ից սկսել են մի փորձնական ծրագիր, որի նպատակն է քաջալերել անօրինական միգրանտներին վերադառնալ և մնալ Հայաստանում:
 |
Վիճակագրական տվյալներով անկախացումից հետո Հայաստանը լքել է մոտ 1 միլիոն մարդ
|
Վիճակագրական տվյալներով անկախացումից հետո Հայաստանից արտագաղթածների թիվը հասնում է 800 հազարից 1 միլիոնի, ընդ որում նրանց մեծ մասը անօրինական միգրանտներ են:
«Հետազոտություն-ները ցույց են տվել, որ վերադարձվելուց հետո, քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով անօրինական ուղիներով դարձյալ հետ են գնում տարբեր երկրներ, - ասում է ռեինտեգրման օժանդակման ծրագրի ղեկավար Շողիկ Սարգսյանը: - Այս ծրագիրը կոչված է կանխելու այդ երևույթը»:
Հայաստանում առաջին անգամ իրականացվող այս ծրագիրը, որը միգրացիայի կանխմանն ուղղված ավելի մեծ ծրագրի մի մասն է կազմում, տևելու է մեկ տարի և ունի 100 հազար դոլար բյուջե:
Շվեյցարիայում ապաստան հայցած և մերժում ստացած 50 կամավորներ կընդգրկվեն այդ ծրագրում և կվերադառնան Հայաստան: Շվեյցարիայում նախապես նրանց բաժանված հարցաթերթիկների պատասխանները կօգնեն պարզելու, թե ինչպես նրանց համար գրավիչ դարձնել վերադարձը հայրենիք:
Ըստ Սարգսյանի վերադարձողները կարող են առանց տոկոսադրույքի մեկ տարով 4000 դոլար վարկ ստանալ:
«Վարկերը կտրամադրենք հատուկ բիզնես ծրագրերի շրջանակներում, որոնք կազմում ենք Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի հետ: Երեխաները կշարունակեն իրենց կիսատ թողած ուսումը: Նրանք, ովքեր կցանկանան մասնագիտական վերապատրաստում անցնել, կստանան այդ հնարավորությունը», բացատրում է Սարգսյանը:
Սարգսյանի հավաստմամբ նաև ապահովվելու են աշխատատեղեր 150 դոլարին համարժեք աշխատավարձով: Վերադարձող արտագաղթածներին նման աշխատանք տրամադրող գործատուները որոշ ժամանակ անց կարող ենք ստանալ պարգև 700 դոլարի չափով:
«Ցանկացած երկրում անօրինական միգրանտների վրա հսկայական գումարներ են ծախսում, - ասում է Հայաստանի փախստականների ու միգրացիայի պետական կոմիտեի միգրացիոն քաղաքականության վարչության պետ Իրինա Դավթյանը: - Փնջային ծրագիրն առաջարկեց այդ գումարների մի մասը տրամադրել արտագաղթողների երկրներին, որպեսզի վերադարձողների համար որևէ ծրագիր իրականացվի: Հիմնականում ամեն ինչ կախված է աշխատանքից. եթե մարդ աշխատանք ունեցավ, նա երբեք չի մեկնի երկրից»:
Ծրագիրը նաև ներառում է կադրային բազայի ամրապնդում, տեխնիկական աջակցություն այս խնդիրներով զբաղվող կազմակերպություններին, տեղեկատվության փոխանակում նման ծառայությունների միջև:
Ըստ Դավթյանի 2003 թվականի առաջին կիսամյակում արտասահմանում ապաստան հայցած հայերի թիվը 2002-ի համեմատ նվազել է 50 տոկոսով, ինչը ժամանակային առումով համընկնում է միգրանտների սպասարկման կենտրոնի գործունեության հետ:
Արտասահմանյան որևէ երկրում օրինականորեն բնակություն հաստատելու համար պետք է ունենալ արտոնագիր, բնակության և աշխատանքի թույլտվություն:
 |
Դավթյանն ասում է, որ փոփոխված ցուցանիշները պոտենցիալ արտագաղթողների հետ իրենց լավ աշխատանքի արդյունքն են
|
Դավթյանն ասում է, որ հայերը սովորաբար խախտում են բոլոր երեք պահանջները. «Անօրինական մուտք են գործում երկիր, անօրինական բնակվում և անօրինական աշխատում»:
2000 թվականի տվյալներով ապաստան հայցած քաղաքացիների թվով Հայաստանն աշխարհի առաջին 20 երկրների մեջ կայուն գրավում էր 14-րդ կամ 15-րդ տեղը: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը երկրորդն էր Ռուսաստանից հետո: 2002 թվականից Հայաստանը դուրս է եկել քսանյակից, իսկ ԱՊՀ երկրների մեջ զիջել է երկրորդ տեղը Վրաստանին:
Դավթյանի հավաստմամբ ցուցանիշների այդ փոփոխությունն արտացոլում է պոտենցիալ արտագաղթողների հետ տարված աշխատանքի արդյունքները:
Շվեյցարական կողմի հետ իրականացվող ծրագիրը 2001 թվականին
արևմտաեվրոպական 5 երկրների և կովկասյան հանրապետությունների նախաձեռնած ծրագրի մի մասն է կազմում: Արտագաղթողների սպասարկման կենտրոնի ստեղծումն այդ նախաձեռնության առաջին քայլն էր:
«Մենք պարտավորվում ենք հետ ընդունել մեր քաղաքացիներին, - ասում է Դավթյանը: - Համաձայնագրի առավելությունն այն է, որ այն պետությունը, որտեղից վերադառնում են արտագաղթածները, պարտավորվում է աջակցելու ծրագրին հայրենիք վերադարձողներին նյութապես օժանդակելու հարցում»:
Հայաստանը ռեադմիսիոն (հետ ընդունելու) համաձայնագրեր է կնքել Շվեյցարիայի, Դանիայի և Լիտվայի հետ: Բանակցություններ են տարվում Չեխիայի, ՈՒկրաինայի, Գերմանիայի և Նորվեգիայի հետ: |