Զինծառայությունից խուսափելու նպատակով արտասահման մեկնած քաղաքացիները մարտի 1-ից կարող են վերադառնալ Հայաստան, վճարել դրամական փոխհատուցում և վերականգնել իրենց իրավունքները:
1992 թվականից 18 և ավելի տարիք ունեցող այն տղամարդիկ, ովքեր լքել էին հանրապետությունը և չէին վերադարձել զինծառայությունն անցնելու համար, հայտնվել էին հետախուզվողների ցուցակում: Նոր օրենքը նախատեսում է, որ ներում կշնորհվի 27 և ավելի տարիք ունեցող այն անձանց, ովքեր կվճարեն 50-180 դոլար (կախված կոնկրետ դեպքից) յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար:
«Վերջին տարիներին բավականին շատ են բողոքները: Արտասահմանում մեր հայրենակիցները գտնվում են անմխիթար վիճակում: Ամեն քայլափոխին նրանց ճնշում են, գումարներ շորթում, - ասում է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը: - Մենք գնացինք այս քայլին, որպեսզի օրինականացնենք Հայաստանում և արտասահմանում նրանց գտնվելը: Քրեական գործերը նրանց նկատմամբ կկարճվեն, որպեսզի նրանք կարողանան օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից»:
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հույս են հայտնում, որ օրենքի ընդունումը կօգնի բավականին մեծ թվով երիտասարդների վերադառնալ հայրենիք:
«Մի կողմից նրանց վերադարձը պետության շահերից է բխում, մյուս կողմից՝ այդ հեշտ ու հանգիստ վերադարձն էլ այն չէ, - ասում է պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը. - հայրենիքից նրանց բացակայության տարիներին նաև նրանց փոխարեն են կռվել, մարտնչել ու զոհվել նրանց ընկերներն ու հասակակիցները»:
Արտերկրում գտնվող քաղաքացիները դիմումները կներկայացնեն համապատասխան դիվանագիտական ծառայություններ, որոնք կուղարկեն դրանք տարածքային զինկոմիսարիատներ:
Օրենքը նաև որոշակի արտոնություններ է նախատեսում այն քաղաքացիների համար, ովքեր կարող են ապացուցել, որ ենթարկվել են հետապնդումների զորակոչից խուսափելու պատճառով:
Վճարումից ամբողջությամբ ազատվում են երկրի պաշտպանության կամ զինծառայության պարտականությունները կատարելիս հայր կամ եղբայր կորցրած քաղաքացիները: Ամբողջությամբ ազատվում են նաև նրանք, ովքեր 3 կամ ավելի երեխա ունեն, և նրանք, ովքեր առանց մոր մեծացող 2 երեխա ունեն:
Այն զինապարտները, ովքեր կվերադառնան և այդ վճարումները չեն կատարի, կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Հավաքված գումարները կփոխանցվեն հատուկ հաշվի վրա և կօգտագարծվեն պայմանագրային զինծառայությունը խրախուսելու նպատակով:
Ըստ պաշտպանության նախարարության հաշվարկների այսօր արտերկրում են գտնվում 14-15 հազար նախազորակոչային տարիքի տղաներ, որոնք հանրապետությունից ավելի վաղ հեռանալով՝ զինկոմիսարիատներում հաշվառման չեն կանգնել: Այժմ մշակվում է օրենքի նախագիծ նաև այդ կոնտինգենտի համար:
Մասնագիտությամբ նկարիչ Արիկը, որն արդեն 5 տարի ապրում է Լոնդոնում, վերադարձել և հետը բերել է հատուկ այդ նպատակով հավաքած գումարը:
«Չնայած գումարը դժվարությամբ եմ վաստակել, բայց վերջապես կազատվեմ այդ պրոբլեմից: Հինգ տարի շարունակ սպասել եմ այս օրվան: Վերջապես ինձ ազատ մարդ կզգամ», ասում է նա: |