Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան նշանակված Լարիսա Ալավերդյանը, որը պաշտոնապես անցավ իր պարտականությունների կատարմանը մարտի 1-ից, արդեն պաշտպանում է իրեն այն քննադատությունից, որ ինքը պարզապես նախագահի կամակատարն է:
«Մարդու իրավունքների ինստիտուտը պետք է ոչ միայն պաշտպանություն ապահովի առանձին դեպքերի կամ երևույթների կապակցությամբ, այլև ծավալի կանխարգելիչ գործունեություն», ՊԽԼԻ-ին տված հարցազրույցում ասաց Ալավերդյանը:
Օմբուդսմենի ինստիտուտի
ձևավորումը 2001 թվականից Եվրախորհրդին անդամակցող Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն էր: Իշխանություններն այժմ ասում են, որ Ալավերդյանի նշանակումն այդ պաշտոնում ցույց է տալիս, որ իրենք լուրջ են ընդունում այդ պարտավորությունները:
Այժմ Ալավերդյանը զբաղված է աշխատակազմ հավաքագրելով, որը բաղկացած կլինի 75 հոգուց:
Մինչև օմբուդսմենի պաշտոնում նշանակվելը Լարիսա Ալավերդյանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն էր ու նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի անդամը:
Հանձնաժողովը, որն աշխատեց ավելի քան հինգ տարի, այժմ դադարեցրել է իր գործունեությունը: Այն հիմնականում գործ ուներ շարքային քաղաքացիների գանգատների հետ և իր գոյության տարիներին քննել է ավելի քան 6000 դիմումներ:
«Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի աշխատանքը չի սահմանափակվելու զուտ դիմում-բողոք ներկայացնող անձանց հետ շփումով, - ասում է Ալավերդյանը: - Օմբուդսմենի գործունեության ոլորտը շատ ավելի լայն է. օրենսդրական դաշտի բարելավում, հանրության իրազեկման խնդիրներ և ընդհանուր առմամբ իրավունքի կիրառման պրակտիկայի բարելավում»:
Նրա հավաստմամբ հիմնական խնդիրը կլինի դատական համակարգի հետ աշխատանքը: «Դա մեր ամենաթույլ օղակն է, - ասում է նա: - Սակայն վերահսկողությունը կարող է հզոր զենք դառնալ»:
Ալավերդյանի կարծիքով տարբերությունը հին ու նոր համակարգերի միջև հսկայական է. «Այնտեղ բոլոր անդամներին նշանակում էր նախագահը, իսկ այստեղ մեկին է նշանակում: Այստեղ լիազորություններն ու պարտականությունները շատ մեծ են»:
Նա հերքում է այն մեղադրանքները, որ Քոչարյանի կողմից նշանակված լինելն իրեն քաղաքական կախվածության մեջ է դնում նախագահից: «Ես գիտեմ, որ նախագահը երբեք չի միջամտում այն ոլորտներին, որոնց ղեկավարներին վստահում է, - ասում է Ալավերդյանը: - Եթե անկախության հարց են բարձրացնում, ապա միթե պառլամենտն իսկապես անկա՞խ է»:
Սակայն այս փաստարկը համոզիչ չէ ընդդիմության և իրավապաշտպանների համար: Նրանք պնդում են, որ Ալավերդյանը չհանձնեց անկախության քննությունը, երբ, լինելով մարդու իրավունքների նախկին հանձնաժողովի անդամ, չարձագանքեց անցյալ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին:
Քոչարյանի վիճահարույց վերընտրումից հետո ընդդիմության հանրահավաքներում կալանավորվեցին տասնյակ ակտիվիստներ:
Ի պատասխան Ալավերդյանն ասաց. «Ինձ այդ հարցով ոչ ոք չի դիմել: Այդ հարցով ես անձամբ չեմ զբաղվել»: Անդրադառնալով բուն ընտրություններին՝ նա ասաց, որ կիսում է միջազգային դիտորդների մտահոգությունները, սակայն «ես երբեք կասկածի տակ չեմ դրել, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ»:
Նրան քննադատողները նաև նշում են, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրա ղեկավարած կազմակերպության գրասենյակը ծառայում էր որպես Քոչարյանի նախընտրական շտաբ: Ալավերդյանը դա թյուրիմացություն անվանեց. «Գրասենյակը մեր սեփականությունն է, և մենք ընտրությունների ժամանակ այն վարձով ենք տվել: Մեր կազմակերպության ոչ մի անդամ չի մասնակցել Քոչարյանի շտաբի աշխատանքներին»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշանակվում է 6 տարի ժամկետով: Սակայն օրենքին լիովին համապատասխանելու համար օմբուդսմենի ինստիտուտը պետք է ամրագրվի սահմանադրությամբ, իսկ սահմանադրական փոփոխությունը պետք է հաստատվի համազգային հանրաքվեով: Սահմնադարության փոփոխումից հետո օմբուդսմենին կնշանակի խորհրդարանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ էր արել հայաստանյան իշխանություններին նշանակելու այնպիսի թեկնածուի, որը կվայելի ամբողջ խորհրդարանի, այդ թվում՝ նաև ընդդիմության հավանությունը: Սակայն դա տեղի չունեցավ, ինչն առաջ բերեց ընդդիմադիր պատգամավորների զայրույթը: «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ իրենք հրաժարվում են հանդիպել Ալավերդյանի հետ, քանի որ նա նշանակվել է առանց իրենց համաձայնության:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ այս ամենի արդյունքում Հայաստանը ստացավ «նախագահի օմբուդսմեն»:
Ալավերդյանը մերժում է այս քննադատությունները: «Տրված անկախության սահմանները բավականին մեծ են: Օմբուդսմենի անկախությունը կախված չէ նշանակողից, - ասում է նա: - Միայն հանրությունը և օմբուդսմենը կարող են այդ ինստիտուտը դարձնել անկախ»:
Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն այլ բնույթի առարկություններ ունի. «Ես դեմ եմ, որ մեր տեսակի ավտորիտար կամ ռազմա-ոստիկանական պետություններում նշանակվի օմբուդսմեն: Օմբուդսմենի ինստիտուտը կարող է գործել միայն և միայն ժողովրդավարական երկրներում»:
Մինչ խորհրդարանը քննարկում էր օրենքը, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով ժամանակավրեպ էին համարում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը Հայաստանում: «Գործող Սահմանադրությունն ու օրենսդրությունը սահմանափակում են այդ ինստիտուտի ստեղծման կարգը, բնույթն ու կառուցվածքը», ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Փաստաբանների միջազգային միությունը և այլ կազմակերպություններ:
Նախագծի վերաբերյալ բացասական կարծիք էին հայտնել նաև միջազգային փորձագետները: «Օրինագծում չկան երաշխիքներ, որ օմբուդսմենի ինստիտուտը անկախ կլինի գործադիր իշխանությունից: Ձեր օմբուդսմենին նշանակում է հանրապետության նախագահը, ինչն արդեն վտանգավոր է», ասաց Լեհաստանի օմբուդսմենի գրասենյակի տնօրեն Անջեյ Մալինովսկին:
Ալավերդյանն ասաց, որ իր գործունեությունում մտադիր է կիրառել Լեհաստանի փորձը: «Լեհաստանը մասամբ նման է մեզ, - ասաց նա, - այն նույնպես անցել է տոտալիտար թոհուբոհով, սակայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Լեհաստանում ավելի վաղ է հաստատվել: Բարեփոխված Լեհաստանը, նրա դասերն ու դառը փորձը շատ ուսանելի են մեզ համար»:
Պատերազմի և խաղաղության լրատվության ինստիտուտը լայնորեն անդրադառնում է Կովկասի և այլ զարգացող տարածաշրջանների խնդիրներին: Այդ հոդվածները կարդալու համար այցելեք www.iwpr.net սայթը:
|