ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 12, 2004




Միջնավանի մեծ մարդը. վերաբնակների կյանքն ու կանայք

Ռուբեն Ղուկասյանը, որը Ղարաբաղի Միջնավան գյուղում ավելի հայտնի է որպես «Գիգանտ», ասում է, որ վաստակել է իր անունը «սրտի մոմենտով»: Ուրիշներն ասում են, որ պատճառն այն է, որ նա երկու կին ունի:
«Գիգանտը» ― նրա հսկայական ընտանիքը

Նրա հասակը հազիվ 145 սմ լինի: Ղուկասյանը ցույց է տալիս իր մկանները և ասում, որ անունը կարող է կապված լինել նաև իր ֆիզիկական ուժի հետ:

Գիգանտը երկու կին ունի՝ քույրեր Մարգարիտը ու Անուշը, որոնց նա, իր ասելով, փախցրել է
1986-87 թվերին: Ծանոթները համեմատում են նրան ռուսական «Մեծ սեքսի փոքր հսկան» ֆիլմի գլխավոր հերոսի հետ:

«Գնացի ուզելու, հերը չտվեց, որ սենց փոքր-մոքր եմ։ Ես էլ ասի, որ տենց ա, էրկու աղջկան էլ կփախցնեմ», ասում է Գիգանտը։ Քույրերն ասում են, որ իրենց կամքով են փախել:

Տեղի վերաբնակների շրջանում Ղուկասյանը հայտնի է իր բարությամբ:

Եթե մեկին օձը կծել է կամ հիվանդ է կամ ծննդաբերում է, Գիգանտը նստեցնում է իր եռանիվ մոտոցիկլետի սայլակը ու քշում մոտակա հիվանդանոց։

Գիգանտի ձեռքից ամեն ինչ գալիս է. նորոգում է ռադիո, սառնարան, մեքենա: Դրանց մասերը ամենուր են` բակում ու իր ձեռքերով կառուցած երկհարկանի տան պատուհանի գոգին:

Գիգանտի շնորհքներից է ատամ քաշելը։ Ատամ քաշելու ընդամենը մի գործիք ունի, որը պահում է իր քաշած օղու մեջ։ Օգնում է նրանց, ովքեր չեն կարող հասնել մոտական ատամնաբուժարանը Կապանում՝ 50 կիլոմետր հեռու:

«Վերջին անգամ կողքի գյուղից մի կնիկ էկավ, էրկու ատամը քաշեցի։ էրկու հազար դրամ էր տալի, չվերցրի, քյասիբ կնիկ էր», ասում է Գիգանտը։

Ատամ քաշելիս Գիգանտը որպես ցավազրկող օգտագործում է իր քաշած օղին

Գիգանտի ատամնաբուժությունը շատ պարզ է. հիվանդին մի բաժակ տնական օղի է խմեցնում որպես ցավազրկող, քաշում է ատամը, մի բաժակ էլ խմեցնում է քաշելուց հետո։ Եթե հիվանդն իր հետ օղի է բերում, նեղանում է. պարտադիր պիտի իր քաշած օղին խմի։

Գիգանտի բուժածների թվում է նաև Միջնավանի քաղաքապետ Արմեն Սարգսյանը.

«Երեք օր ատամնացավից չքնեցի, - պատմում է Սարգսյանը, - վերջը գնացի Գիգանտի մոտ, ասի՝ պիտի հանես: Արաղը բերեց, երեք բաժակ խմեցի, քաշեց-քաշեց դուրս չեկավ, աթոռից վեր թռա, չորրորդ բաժակն էլ խմեցի, նստեցի, էս անգամ հանեց։ Մի հատ էլ հանելուց հետո խմեցի, ու ոչ մի պրոբլեմ»։

Գիգանտը չի խուսափում իր ամուսնական կարողությունից խոսելուց, ասում է, որ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի մի կնոջ հետ է քնում, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ` մյուսի, իսկ կիրակի հանգստանում է։

Նախկինում բազմակնությունը քրեական հանցանք էր համարվում, որի համար նախատեսվում էր մինչև երեք տարի ազատազրկում։ Անցյալ տարի ընդունված նոր քրեական օրենսգրքից հանվել է բազմակնության մասին հոդվածը։ Այսուհանդերձ օրենքն արգելում է մեկից ավելի կանանց հետ ամուսնություն գրանցել։

Ղարաբաղի վերաբնակեցվող տարածքներում Գիգանտի օրինակը միակ չէ։

Քարվաճառի բնակիչ 41-ամյա Գարուշ Մնացականյանը նույնպես երկու կին ունի:

«Սաղ էլ էրկու կնիկ ունեն, մյուսները թաքցնում են, ես` ոչ», ասում է Գարուշը ու թվարկում այն մարդկանց անունները, որոնք երկու ընտանիք են պահում տարբեր տեղերում։ Գարուշն ութ երեխա ունի, վեցը առաջին կնոջից` Ռուզանից, երկուսը երկրորդ կնոջից` Կարինեից։

Ղարաբաղ տեղափոխվել է Արագածից։ «Տանը հարմարություններ չկային, մի սենյականոցում էինք ապրում», ասում է Գարուշը։ Քարվաճառում երեք սենյականոց տուն ստացան։ Ինքը կանանց հետ քնում է մի սենյակում, երեխաները` մյուսում։

Գարուշ Մնացականյանն ասում է, որ «բոլորն էլ երկու կին ունեն»

35-ամյա Գիգանտը նույնպես ութ երեխա ունի` չորս աղջիկ, չորս տղա, վեցը` Մարգարիտից, երկուսը` Անուշից։ Երեք տարի առաջ քույրերը գրեթե միաժամանակ են ծննդաբերել, երկու ամսվա տարբերությամբ:

Երեխաները` 1-ից 17 տարեկան, երկու կանանց էլ մամա են ասում։

«Երկու մամաներիցս մորաքրոջս եմ սիրում, մամաս միշտ գործի ա էղել, մորաքույրս ա ինձ նայել», ասում է մեծ որդին` Փաշիկը, որի մայրը Մարգարիտն է։

Քույրերը տարբեր դերեր ունեն այս արտասովոր ընտանիքում: Անուշն ավելի շատ «պարադնի» կինն է, իսկ Մարգարիտը տան ծանր աշխատանքն է անում, վարում է հողը, խնամում այգին։ Անցյալ տարի հողի վրա աշխատելիս օձը կծել է Մարգարիտին, բայց Գիգանտը մոտոցիկլետով նրան արագ հասցրել է Կովսականի հիվանդանոց, ու Մարգարիտի կյանքը փրկվել է։

Ամուսնու հավաստմամբ կանայք իրար հետ համերաշխ են:

«Ինձ թևութիկունք են, ես գոհ եմ, իրենք էլ են գոհ», ասում է Գիգանտը։

Մեծ ընտանիքի անդամն է նաև ավագ աղջկա` Հայաստանի փեսացու Մրազը, որն ասում է, որ ինքն էլ է ուզում երկու կին ունենալ, սակայն Գիգանտը դեմ է. «տղես էլ կասի, պապա, էրկու կնիկ պիտի առնեմ»։


According to Agnes
 

  Inside
 

Free for a Fee: New law provides amnesty for draft dodgers

Full story

 
 

The Big Man of Mijnavan: The lives and wives of resettlement

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Flying High

In anticipation of this weekend's visit by Georgian President Mikhail Saakashvili, workers put up flags on Mashtots Avenue in Yerevan. At first, Armenian and Georgian flags were placed, but the Georgian ones had to come down when it was discovered that the design was wrong.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.