ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 25, 2004




Մեղավո՞ր է. ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամը դատապարտվում է 18 ամսվա ազատազրկման

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 18 ամսվա ազատազրկման դատապարտեց Բաղրամյանի շրջանի ԱԺՄ կուսակցության նախագահ Լավրենտի Կիրակոսյանին: Նա մեղավոր ճանաչվեց խոշոր չափերի թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։ Սակայն իրավապաշտպանները և ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ ոստիկանությունը գործ է սարքել նրա դեմ՝ տունը խուզարկելու ժամանակ թմրանյութ գցելով, և որ նրան ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով:

Կիրակոսյանը և իր փաստաբանը խորհրդակցում են դատարանում

Դատարանի որոշումը հիմնված էր միայն Կիրակոսյանի տունը խուզարկող հինգ ոստիկանների վկայությունների վրա։ Դատարանը հաշվի չառավ խուզարկությանը հրավիրված երկու ընթերակաների ցուցմունքները, որոնք հիմք էին տալիս ենթադրելու, որ թմրանյութը Կիրակոսյանի տուն են բերել ոստիկանները:

Ինչպես «ԱրմենիաՆաուն» արդեն հաղորդել է (սեղմեք այստեղ), Կիրակոսյանը ձերբակալվել էր ապրիլի 10-ին բողոքի ցույցին մասնակցելու ժամանակ: Նա դատապարտվել էր 10-օրյա կալանքի ոստիկանի հրամանին չենթարկվելու մեղադրանքով: Կիրակոսյանին ազատ արձակելուց երկու ժամ առաջ ոստիկանությունը խուզարկել է նրա տունը՝ հիմնվելով այն կասկածների վրա, թե նա տանը թաքցնում է հանցագործության մեջ կասկածվող մարդկանց զենքը:

Զենք չեն հայտնաբերել: Փոխարենը ոստիկանները գտել են 59 գրամ մարիխուանա, ինչպես իրենք են ասում, Կիրակոսյանի տան ջրատաքացուցիչի վրա:

Ոստիկան Մնացական Մնացականյանը վկայություն տվեց, որ ինքն է գտել մարիխուանան:

«Խուզարկությունը վերջացրել էինք: Երբ դուրս էինք գալիս տնից, ինձ (ոստիկանապետի տեղակալ Մկրտչյանը) ասաց՝ որպես բարձրահասակ ստուգիր։ Լսել եմ, որ մեկը բարձրացել է, ձեռքը չի հասել»,- ասաց նա:

(Ներկաների հավաստմամբ՝ ջրատաքացուցիչն առաջինը ստուգող ոստիկանը Մնացականից նկատելիորեն բարձրահասակ էր)։

Ոստիկանների վկայություններն իրար հակասում էին։ Օրինակ, մի քանիսն ասում էին, որ ջրատաքացուցիչն առաջին անգամ ստուգելուց հետո ամբողջ տունը, տանիքը, բակը խուզարկել են և վերջում կրկին ստուգել ջրատաքացուցիչն ու նոր հայտնաբերել մարիխուանան։ Մեկ ուրիշն ասում էր, որ երկու անգամ էլ ստուգել են ջրատաքացուցիչը միևնույն պահին։

Ընթերակա Միշա Շմավոնյանն ասում է, որ նույն ջրատաքացուցիչի միջից հանել են նաև պլաստմասսայե սափոր, որը փոշու մեջ կորած է եղել, մինչդեռ թմրանյութի տոպրակը՝ նոր ու մաքուր, ինչը ենթադրել է տալիս, որ թմրանյութը նոր է դրված եղել:

(Խուզարկությանը մասնակցել են շներ, որոնք թմրանյութ չեն գտել:)

Ոստիկաններից մեկը լուսանկարել է սափորը և թմրանյութի տոպրակը, սակայն նա վկայություն տվեց, որ ժապավենը փչացել է, և լուսանկարներ չկան:

Շմավոնյանը և մյուս ընթերական՝ Գևորգ Գևորգյանը, ասում են, որ ոստիկաններն ստիպել են իրենց ստորագրել խուզարկության արձանագրությունը:

Շմավոնյանը նաև վկայություն տվեց, որ ոստիկանները եկել են իր տուն և փորձել են համոզել, որ հրաժարվի դատարանում վկայություն տալուց:

Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր քարակերտցիներով

Կալանքի տակ գտնված ժամանակ Կիրակոսյանի մեզը հետազոտության են ուղարկել և մարիխուանայի հետքեր են հայտնաբերել: Սակայն նմուշներ վերցնելուց առաջ Կիրակոսյանը ոստիկանատանը տված սնունդն ուտելուց հետո վատացել է և պնդում է, որ սննդի մեջ թմրանյութ են ավելացրել: Նրան բժշկական օգնություն են ցույց տվել:

Դատարանը մերժեց բժշկին որպես վկա հրավիրելու Կիրակոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանի միջնորդությունը:

Դատարանի դահլիճը լիքն էր Կիրակոսյանի համագյուղացիներով (նա Քարակերտից է): 600 քարակերտցիներ նամակ են գրել՝ նշելով Կիրակոսյանի մարդկային արժանիքները: Քարակերտցիներից մեկն ասաց, որ մարդիկ դիմում են նրան նույնիսկ ընտանեկան վեճերի ժամանակ:

«Միշտ մարդկանց օգնում է ու արդարության համար պայքարում,- ասում է քարակերտցի Լավրենտի Սաֆարյանը: - Վերջին դեպքը պատմեմ, որ տեղի է ունեցել նստելուց մի երկու օր առաջ։ Ես «Իկարուսի» մեջ էի, գյուղացի մի հիվանդ կին կա, անօգնական, ձեռքը բորբոքվել էր, Լավրենտին բարձրացրեց «Իկարուս» նստացրեց, տարավ հիվանդանոց, բուժել տվեց ու հետ բերեց։ Ճանապարհածախսն էլ վճարեց ու վարորդին ասեց՝ էս կնգանից ուրիշ անգամ փող չվերցնես»։

Լավրենտի Կիրակոսյանը հայտարարեց, որ արդեն մի քանի տարի քաղաքական հալածանքների է ենթարկվում։ 1996 թվականին իրեն վեց ամսով ազատազրկման են դատապարտել, ըստ նրա, նորից սարքած մեղադրանքով, և նորից նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ բողոքելու համար։

Կիրակոսյանը վկայություն տվեց, որ ոստիկանությունում պետի տեղակալը իրեն ասել է, որ եթե հրաժարվի քաղաքական գործունեությունից, ազատ կարձակվի։

Կիրակոսյանն ասաց, որ ոստիկանության պետն իրեն հարցեր է տվել իր կուսակցության գործունեության մասին և, մասնավորապես, ցանկացել է տեղեկանալ ընդդիմության ղեկավարներ Արամ Սարգսյանի և Ստեփան Դեմիրճյանի ծրագրերին: Կիրակոսյանի հավաստմամբ ինքն ասել է՝ «Ես հո ագենտ չեմ»։

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը դատավարությունը չավարտված ասուլիս տվեց և հայտարարեց, որ Լավրենտի Կիրակոսյանը քաղաքական բանտարկյալ է, և նրա հարցը տեղավորվում է մարդու իրավունքներին վերաբերող Եվրախորհրդի պահանջների շրջանակներում:

«Սա քաղաքական գործ է,- ասաց Մանուկյանը: - Կարող են թմրանյութի հոդված դնել կամ սպանության, բայց դրանից էությունը չի փոխվում։ Եթե այս և Էդգար Առաքելյանի գործերը (ցուցարար, որը նույնպես դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման խուլիգանության մեղադրանքով) մարսվեն, ապա հետագայում ցանկացած քաղաքական գործ կքրեականացվի»։

Դատական վերջին նիստի նախօրեին ավտովթարից մահացել էր Բաղրամյանի բաժնի ոստիկանապետ Սպարտակ Նահապետյանը։

Լավրենտի Կիրակոսյանն իր վերջին խոսքից առաջ ներկաներին խնդրեց ոտքի կանգնել՝ մեկ րոպե լռությամբ հարգելու ոստիկանապետի հիշատակը։

Հետո նա հայտարարեց, որ սա պատվերով դատ է, և իրական հանցագործները ոստիկաններն են, որոնք սարքել են այս գործը։

«Այս դատավարությունը բռնապետության բացառիկ դեպք է,- հայտարարեց Կիրակոսյանը դատարանում։ - Սակայն հայտնի է, որ բոլոր բռնապետությունները վաղ թե ուշ քանդվում են»։


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
Street Sailing

The Ayas sailing club started its long voyage this week. Over the next two years it will sail “Cilicia” to ancient Armenia trade ports, after being launched from Poti, Georgia. First, though, the ship had to be towed out of Yerevan.

 

 


 
A Byte with...

Aramo


Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.