ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 11, 2004




Սարքած գո՞րծ. քաղաքական գործչի ձերբակալությունը թմրանյութերի շրջանառության մեղադրանքով կասկած է հարուցում

Բանտում գտնվող ԱԺՄ կուսակցության Բաղրամյանի շրջանի ղեկավարի փաստաբանը, հարևանները, ազգականները, ինչպես նաև իրավապաշտպանները պնդում են, որ շրջանի ոստիկանները ձերբակալությունը հիմնավորելու նպատակով թմրանյութ են «գցել» նրա տուն:

Կիրակոսյանի կինը՝ Լաուրան, նրանց թվում է, ովքեր կարծում են, որ նրա դեմ գործ են սարքում

44-ամյա Լավրենտի Կիրակոսյանն ապրիլի 10-ից բանտում է։ Սկզբում կալանավորվել է Երևանի Օպերայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեղադրանքով: Թե որն է եղել այդ օրինական պահանջը, որոշման մեջ չի նշվում։

Հայաստանի ոստիկանությանը հաճախ մեղադրում են ապացույցներ «սարքելու» մեջ, և ինչպես «ԱրմենիաՆաուին» հայտնեց մի պաշտոնաթող ոստիկան, դա բնավ էլ հազվադեպ երևույթ չէ: Կիրակոսյանի դեմ ենթադրյալ կեղծ մեղադրանքների շարժառիթը, ըստ երևույթին, նրա քաղաքական գործունեությունն է:

Կիրակոսյանը Բաղրամյանի շրջանային Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) ղեկավարն է: ԱԺՄ-ն մեկն է այն կուսակցություններից, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում հանրահավաքներ են կազմակերպել իշխող վարչակարգի դեմ՝ պահանջելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

Կիրակոսյանը դատապարտվել է 10-օրյա վարչական կալանքի: Դատի ժամանակ պաշտպան չի ունեցել։ Կիրակոսյանին ազատ արձակելուց երկու ժամ առաջ դատարանը նրա տունը խուզարկելու թույլտվության որոշում է ընդունել։ Որոշման արձանագրության մեջ ասվում է, որ մի գյուղապետի դեմ բռնարարք կատարելու մեջ մեղադրվող երկու եզդի, հնարավոր է, որ իրենց զենքը թաքցրած լինեն Կիրակոսյանի տանը:

Կիրակոսյանը վկայություն է տվել, որ այդ մարդկանց չի ճանաչում։

Ոստիկանները խուզարկել են Կիրակոսյանի տունը: Զենք չեն հայտնաբերել, բայց հայտնաբերել են 59 գրամ կանեփ (մարիխուանա)։ Հարուցվել է քրեական գործ «թմրանյութերի ապօրինի շրջանառություն առանց իրացնելու նպատակի» մեղադրանքով (նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում)։

Կիրակոսյանը վերցրել է փաստաբան, որը պնդում է, որ իր պաշտպանյալի դեմ գործ են սարքում:

Կիրակոսյանի երկու հարևանները, որոնց ոստիկանությունը ներգրավել է որպես ընթերակա (խուզարկության վկա), ասում են, որ ոստիկանությունն ստիպել է իրենց փաստաթուղթ ստորագրել, որ կանեփը գտել են տան մուտքի մոտ ջրատաքացուցիչի մեջ:

«Որ սկզբից մտան տուն, ջրի տաքացուցիչը ստուգեցին, բան չկար,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց ընթերակա Միշա Շմավոնյանը: - Հետո տարբեր սենյակներ ստուգեցին, գնացին գոմերը ստուգեցին, մի միլիցա ու Գևորգը (մյուս ընթերական) հելան կռիշը ստուգեցին։ Ոչինչ չգտան, էկան, որ էդ տեղը (ջրի տաքացուցիչը) էլի ստուգեն:

«Գևորգը ըսավ՝ պարոն Մկրտչյան (ոստիկանապետի տեղակալը), էդտեղ ստուգել եք, ոստիկանն ըսավ՝ նորից ստուգենք»։

Երկրորդ խուզարկության ժամանակ գտնվել է սպիտակ ցելոֆանե տոպրակ: Տոպրակի մեջ եղել է 59 գրամ կանեփ:

Շմավոնյանի հավաստմամբ՝ թեև նույն տեղից հանված պլաստմասայից սափորը փոշոտ էր, կանեփի տոպրակը կեղտոտ չէր, ինչը, նրա կարծիքով, ապացուցում է, որ տոպրակն այնտեղ է դրվել ոստիկանների «գտնելուց» անմիջապես առաջ:

Ոստիկաններն արձանագրություն են կազմել և ստորագրել են տվել ընթերականերին:

Կիրակոսյանի փեսան ցույց է տալիս, թե որտեղ են գտել թմրանյութը

«Ես էլ, Գևորգն էլ ըսեցինք՝ ինչի՞ ստորագրենք, առաջին անգամ էտի չի հայտնաբերվել, ստուգեցին ու ոչինչ չգտան: 2-3 անգամ ըսեցին, Գևորգը ստորագրեց, ես էլ ստորագրեցի»,- ասաց Շմավոնյանը։

Լավրենտիի քույրը՝ Գայանեն, ասում է, որ ինքը տեսել է, թե ինչպես են ոստիկանները գցել տոպրակը:

«Ինձ ներս չէին թողել, ես դռան ճեղքից գաղտուկ նայում էի, տեսա՝ միլիցեն հելավ վերև, թևի միջից բան գցեց, ասի՝ էն ինչ գցեց: Հանելը չեմ տեսել»։

Քննիչ Սեյրան Մարտիրոսյանը հրաժարվեց պատասխանել խուզարկության վերաբերյալ «ԱրմենիաՆաուի» հարցերին։

Խուզարկությունից հետո Կիրակոսյանին տարել են Հանրապետական նարկոլոգիական կենտրոն: Նրա մեզի հետազոտության մեջ հայտնաբերել են թմրանյութ։

Նարկոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Սվետլանա Մինասյանը, որը Կիրակոսյանի մեզում թմրանյութ է հայտնաբերել, ասում է, որ նա կարող էր թմրանյութ օգտագործած լինել մինչև կալանվելը, որ երեք շաբաթ առաջ թմրանյութ օգտագործած անձի մեզում էլ այն կարելի է հայտնաբերել։

Կիրակոսյանին հարևանները պաշտպանում են՝ ասելով, որ նրան անգամ ծխախոտ ծխելիս չեն տեսել:

Մասնագետների հավաստմամբ՝ կանեփի միջի թմրանյութը կարող է հայտնվել օրգանիզմում ոչ միայն ծխելու, այլ նաև ուտելու կամ խմելու միջոցով:

Փաստաբան Վարդան Զուռնաչյանն ասում է, որ մեզը հետազոտության տանելու նախորդ օրը ոստիկանությունում Լավրենտիին հաց ու կոտլետ են տվել, որն ուտելուց հետո նա վատ է զգացել, փսխել ու գլխապտույտ է ունեցել։ Բաղրամյանի պոլիկլինիկայից բժիշկ է եկել և սրսկել նրան։

Կիրակոսյանի հարազատները կարծում են, որ նրա հիվանդությունը հակազդեցություն է սննդի մեջ եղած թմրանյութին: Նրանք ասում են, որ կամ ոստիկանները նրա սննդին կանեփ են խառնել, կամ էլ հետազոտության արդյունքները կեղծված են։

«Թմրամոլը կանեփ ուտելուց չի վատանա, քանի որ նրա օրգանիզմը սովոր է,- ասում է Մինասյանը,- իսկ եթե ուտի այնպիսի մարդ, որը թմրանյութ չի օգտագործել, ես չեմ կարող ասել, թե ինչ կարող է լինել նրա հետ»:

Կիրակոսյանի քույրն ասում է, որ դռան արանքից տեսել է, թե ինչպես է ոստիկանը գցում ապացույցը

Քննիչի հարցումը, թե արդյոք Լավրենտի Կիրակոսյանը երբևէ թմրանյութ օգտագործել է, Բաղրամյանի ոստիկանությունը անպատասխան է թողել:

Սակայն նրա անցյալն այնքան մաքուր չէ, որքան թվում է հարևաններին:

Կիրակոսյանը 1996 թվականին մեղադրվել է տանը նռնակ պահելու մեջ և դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման։

1998 թվականին նրան մեկ այլ մեղադրանք է ներկայացվել՝ քրոջ որդուն մկրատով մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն նա չի «նստել» (քույրն ասում է, որ այդ գործն էլ են ոստիկանները սարքել):

Բաղրամյանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Պերճ Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ Կիրակոսյանի գործով։ Միայն ասաց, որ նա նախկինում դատված է եղել, և որ ոստիկանները կանեփ չեն գցել տուն, քանի որ ոստիկանի թևքի մեջ 59 գրամ կանեփ չէր տեղավորվի։

Լավրենտի Կիրակոսյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ունի երեք երեխա, ավագ որդին բանակում է։ Զբաղվում է անասնապահությամբ։

Կիրակոսյանը բնակվում է Քարակերտ գյուղում, որ բնակիչների վկայությամբ՝ համայնքի ամենաակտիվ գործիչներից է։ Նրան ազատելու դիմումի տակ ստորագրել է 1500 քարակերտցի:

Կիրակոսյանը 10 օրով կալանվել է նաև անցյալ տարի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար։

Դատարանի 2003 թվականի ընդունած վարչական կալանքի որոշումը Կիրակոսյանը փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի օգնությամբ բողոքարկել է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վերջին գործի վերաբերյալ տված ցուցմունքում Կիրակոսյանը հայտնում է.

Միշա Շմավոնյան

«Բաղրամյանի ոստիկանապետն ասաց՝ որ խելքի չես եկել, կրկին ցույցի ես գնում, 10 օրով կալանում եմ։ Դրանից հետո տարան Արմավիրի դատարան, որտեղ դատավորը բոլորովին չլսեց ու չխոսեց ինձ հետ։ Ինձ հանեցին դուրս, հետո կրկին ներս հրավիրեցին ու ասացին, որ 10 օրով ազատազրկում են»։

Ցուցմունքում նշված է, որ խուզարկությունից հետո Բաղրամյանի ոստիկանապետի տեղակալը խոստացել է Կիրակոսյանին ազատ արձակել՝ պայմանով, որ հրաժարվի քաղաքական գործունեությունից:

«Մկրտչյանը (ոստիկանապետի տեղակալը) ասաց՝ միլպետին ես կասեմ, որ դուք 100 %-ով խոստացել եք, որ այլևս չեք մասնակցի որևէ ցույցի, կհրաժարվեք ձեր քաղաքական հայացքներից և կասեք, թե ձեր շտաբում ձեր լիդերներն ինչ են խոսում, ինչ են պլանավորում»։

Թմրանյութի քրեական գործի քննությունն ավարտվել է և ուղարկվել է դատարան։

«Լավրենտիի նկատմամբ հետևողական քաղաքական հալածանք է տարվում,- ասում է նրա փաստաբան Զուռնաչյանը, որն անվճար է վարում այս գործը: - Նրան կալանում են մի բանի համար՝ իբր ոստիկանի պահանջը չի կատարել, տունը խուզարկում են մեկ այլ գործով, իսկ վերջում քրեական գործ են հարուցում մեկ ուրիշ մեղադրանքով»։

Զուռնաչյանի հավաստմամբ՝ ոստիկանությունը մերժել է իր միջնորդությունը քննել այն մարդկանց, ովքեր, իբր, զենք են տվել Կիրակոսյանին:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A Wing and a Prayer

Church officials were on hand Monday to bless construction of a new terminal at Zvartnots International Airport.

 

 


 
A Byte with...

Khoren Abrahamyan

Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.