«Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են` Հայաստանը, հայրենիքս, երկիրս, ու հետո հեռանում են Հայաստանից»,- ասում է ազգությամբ սերբ Լիլիաննա Օսկանյանը, որն արդեն 40 տարի ապրում և աշխատում է Բյուրականում:
79-ամյա Lիլիաննան Հարավսլավիայից Բյուրական է տեղափոխվել 1966-ին, երբ ամուսնուն` աստղագետ Վահե Օսկանյանին, աշխատանքի հրավիրեցին Բյուրականի աստղադիտարան:
|
Լիլիաննան
|
Արագածի լանջին թիկնած Բյուրականը Աշտարակի շրջանի ամենամեծ գյուղն է, ունի մոտ 2500 տնտեսություն: Բյուրականը հանրահայտ դարձավ, երբ 1946 թվականին Վիկտոր Համբարձումյանն այստեղ աստղադիտարան հիմնեց:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա: Խորհրդային տարիներին այն համարվում էր բարձրլեռնային գոտի, և այստեղ աշխատողները հավելավճար էին ստանում:
Հայաստանի գրեթե բոլոր գիտական հաստատությունների նման Խորհրդային Միության փլուզման հետ աստղադիտարանի համար էլ ծանր ժամանակներ սկսվեցին: Գիտական կենտրոնի գործունեության կրճատման հետ Բյուրական գյուղն էլ կորցրեց իր նշանակությունը:
«Վերջին 4-5 տարիներին Բյուրականն աղքատացել է նրանով, որ մարդիկ մեկնում են Ռուսաստան,- ասում է Լիլիաննան: - Թվում է, թե գյուղի կեսն արդեն չկա: Ժողովուրդն այստեղ շատ դժվար է ապրում: Քիչ թե շատ լավ են ապրում այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում մարդ ունեն և փող են ստանում»:
Լիլիաննայի հայերենը դեռ թեթևակի առոգանության հետքեր ունի, սակայն նրա նվիրվածությունն ամուսնու հայրենիքին անսահման է:
Ամուսնու ընտանիքն Արևմտյան Հայաստանից Հարավսլավիա էր տեղափոխվել դեռ մինչև 1915 թվականը: Սերբուհի Լիլիաննա Անտոնովիչը Բելգրադի բժշկական համալսարանի ուսանողուհի էր, երբ ամուսնացավ աստղագետ Վահե Օսկանյանի հետ:
Երկու որդիներն ապրում են Երևանում, սակայն նույնիսկ 1989 թվականին ամուսնու մահից հետո Լիլիաննան շարունակում է միայնակ ապրել Բյուրականի իրենց բնակարանում:
|
Կյանքը լեռնային գյուղում |
Լեռնային այս գյուղում մնալու նրա որոշումը կապված է հայաստանյան ամենավաղ հիշողություններից մեկի հետ:
«Նոր էինք տեղափոխվել այստեղ: Մի օր Արտավազդիկ էինք գնում, դա մի փոքրիկ վանք է Բյուրականում: Մարտ ամիսն էր, ձյունը նոր էր հալվել: Գյուղի ծայրի տներից մեկում մի կին լավաշ էր թխում: Երևում էր, որ քիչ ալյուր ունի: Երբ վերադառնում էինք, կինը լավաշը թխել, վերջացրել էր: Նա 4 հատ լավաշ փաթաթեց և տվեց մեզ:
Ես այդ օրվանից հասկացել եմ այս մարդկանց: Երբ անցնում ես` չեն կարող քեզ մի բանով չհյուրասիրել: Մարդն աղքատ է, բայց քեզ հետ կիսում է իր վերջին ունեցածը: Այդ ժամանակից եմ ես կապվել այս մարդկանց հետ»,- վերհիշում է Լիլիաննան:
Այդ կապվածությունը փոխադարձ է, և Լիլիաննան ընդհանրություններ է տեսնում հայերի ու սերբերի միջև:
«Սովորույթները, մարդկանց սիրելն ու օգնելը: Այս ընդհանրություններն ինձ համար շատ հարազատ են,- ասում է նա: - Հայերն ու սերբերը նման են ճակատագրով: Սերբիան էլ հիմա լավ վիճակում չէ, բայց Հայաստանի վիճակն ինձ շատ է անհանգստացնում: Պարզ է, որ մարդն իր հայրենիքը սիրում է, եթե քո հայրենիքը չսիրես, ուրիշ ոչ մի ազգ չես կարող սիրել»:
Երկու ամիս առաջ Սլովենիայից մի զույգ էր եկել Բյուրական: Նրանք շրջագայում էին ամբողջ աշխարհով և նյութեր պատրաստում Սլովենիայի ռադիոյի համար: Մի գիշեր անցկացրել են աստղադիտարանի հյուրանոցում:
«Պահակներից մեկն ինձ ասաց` բժշկուհի, այստեղ երկու հոգի կան, ձեր լեզվով են խոսում, ոչինչ չեմ հասկանում,- պատմում է Լիլիաննան: - Շատ լավ օր էր ինձ համար: Մինչև ուշ գիշեր զրուցում էինք: Նրանք ինձ պատմում էին Սլովենիայի մասին: Սերբիայի հետ կապերը չեն խզել, չնայած առանձնացել են»:
Բյուրականում բոլորը Լիլիաննային «բժշկուհի» են կոչում: Չնայած Բյուրականն ուներ իր ամբուլատորիան ու բժիշկը, շատ գյուղացիներ հիվանդության դեպքում նրան էին դիմում:
|
Հրանուշ տատ. «Աստված օրհնի մեր Լիլիաննային»
|
«Չնայած գյուղում մի փոքրիկ ամբուլատորիա կար և ուներ իր բժիշկը, բայց ամբողջ գյուղն ինձ մոտ էր գալիս: Ես չէի կարող նրանց մերժել: Բժիշկները երբեմն գնում էին քաղաք, իսկ ես միշտ այստեղ էի, և ինձ էին դիմում»:
Պատահում էր, որ Լիլիաննան ոտքով գյուղից գյուղ էր գնում հիվանդներին այցելելու համար: Սակայն այսօր հիվանդներն իրենք են գալիս նրա մոտ:
«Անցած ձմռանը մի կին 6 տարեկան թոռան հետ եկավ մոտս: Շատ ցուրտ էր, քամի, մեծ փաթիլներով ձյուն էր գալիս,- պատմում է Լիլիաննան: - Այդ կինը չստերով էր ... Չեմ կարողանում մոռանալ: Գյուղը սարսափելի վիճակում է: Ես ստանում եմ 8500 դրամ թոշակ: Ես դրանով չէի կարող ապրել, եթե չլինեին տղաներս: Գյուղի համար իմ թոշակը բարձր է: Այստեղ ավելի քիչ են ստանում»:
Բյուրականում հիմնականում մնացել են Լիլիաննայի սերնդի մարդիկ: Երիտասարդները հեռացել են աշխատանք չունենալու պատճառով: Լիլիաննան մեղադրում է իշխանություններին Բյուրականի կարիքներն անտեսելու համար:
Լիլիաննայի երկու որդիները` Արմենն ու Արան ապրում են Երևանում, սակայն նա Բյուրականից հեռանալու միտք չունի: Չնայած մինչև Երևան մեկ ժամվա ճանապարհ է, վերջին անգամ այնտեղ եղել է 1999 թվականին` թոռան հարսանիքին:
«Ես այստեղ ինձ լավ եմ զգում: Երևանի մեր բնակարանից տեսնում եմ փողոց ու շենքեր, իսկ այստեղի պատշգամբից տեսնում եմ իմ սիրած Տեղերի վանքը, երևում է նաև Մասիսը,- ասում է Լիլիաննան: - Գյուղում ապրելն անհամեմատ ավելի զգացմունքային է, քանի որ շփվում ես մարդկանց հետ»:
|