Իրանին սահմանամերձ վերջին հայկական գյուղը` Նյուվադին, թաղված է Արաքս գետի իջվածքի փարթամ բուսականության մեջ: Սյունիքի մարզի Մեղրու շրջանի 13 գյուղերից ամենահարավային այս գյուղում ապրում է 45 ընտանիք:
Մեղրու հետ Նյուվադին կապված է 30 կիլոմետրանոց ճանապարհով, որն ավելի շատ ժայռերի մեջ փորված անցում է հիշեցնում:
|
Հեռավոր գյուղը մեկուսացած է |
«Չնայած բոլոր քարտեզներում այդ հատվածը ներկայացված է որպես նորմալ ավտոճանապարհ, իրականում այն ավելի հարմար է մրցարշավի համար և լիովին կարող է մրցակցել հանրահայտ Փարիզ-Դաքար ճանապարհի հետ,- ասում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի փորձառու վարորդ Հրաչյա Հարությունյանը: - Մեղրու շրջանի առանձին ճանապարհներով դեռևս գերադասելի է անցնել բեռնակիր անասուններով, քանի որ հայտնի չէ, թե ինչ է սպասվում հաջորդ ոլորանի հետևում: Մանավանդ որ, ճանապարհն անցնում է կիրճի եզրով»:
Նյուվադիից մինչև Երևան մոտ 450 կիլոմետր է, գրեթե այնքան, որքան մինչև Բաքու: Սակայն եթե Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար անհրաժեշտ է մոտ 7 ժամ, Ադրբեջանի մայրաքաղաքը չորսուկես ժամվա հեռավորության վրա է (Իրանի տարածքով անցնող ճանապարհով):
«Իրանից դեպի Ադրբեջանի մայրաքաղաք տանող ճանապարհն անցնում է փոքր թեքություն ունեցող հարթավայրով»,- բացատրում է բեռնատարի վարորդը:
Արաքսի իրանական ափին երևում է նորակառույց մայրուղին, որը բավական ծանրաբեռնված երթևեկություն ունի` հատկապես այս տարածաշրջանի համար:
«Մոտ հինգ տարի առաջ այստեղ մայրուղի չկար,- ասում է Հարությունյանը,- նեղլիկ արահետ էր, որով հիմնականում բեռնակիր անասուններ էին անցնում: Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի թուրք բնակչությունը, ըստ էության, կապող օղակ է Նախիջևանի և Բաքվի միջև: Հենց նրանք էլ կառուցեցին ճանապարհը` երկու քաղաքների միջև ուղղակի կապ ապահովելու նպատակով»:
Իսկ Նյուվադին իր մայրաքաղաքի հետ նման կապից զուրկ է:
«Բարձր լեռնանցքերը` մինչև 2500 մ բարձր ծովի մակերևույթից, բավական դժվարացնում են երթևեկությունը: Միջին արագությունը ժամում 60 կմ է, այսինքն` րոպեում մեկ կիլոմետր»,- ասում է Հարությունյանը:
Իսկ Տաշտունի լեռնանցքը ոչ միայն գեղատեսիլ է, այլև շատ վտանգավոր: 20 կիլոմետրի վրա ճանապարհը երկու կիլոմետր բարձրանում է (կամ իջնում)»:
«Հայաստանում ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ զգալ 10 սմ անկում ճանապարհի ամեն մի մետրի վրա,- ասում է Մեղրու ճանապարհային շահագործման վարչության աշխատակից Արմեն Վահանյանը: - Այդ բարձրություններում ձմեռը տևում է վեց ամիս, այնպես որ, մեր վարչությունն աշխատում է գրեթե առանց հանգստի: Մեղրու հատվածը Հայաստանի պետական ավտոմայրուղու մի մասն է, որով ապահովվում են Իրանի հետ կապը և մեզ համար այդքան կարևոր բեռնափոխադրումները: Միջին հաշվով յուրաքանչյուր տասնվեց րոպեն մեկ այդ ճանապարհով իրանական բեռնատար է անցնում»:
|
Ավելի հեշտ է անցնել ձորակով, քան այս «ճանապարհով» |
Չնայած Երևանի և Մեղրու միջև հաղորդակցության ողջ դժվարությանը, չափազանցում չի լինի ասել, թե շրջկենտրոնը Նյուվադիին կապող 30 կիլոմետրանոց հատվածը նվազ ջանք է պահանջում: Գյուղի կլիման մերձարևադարձային է, այստեղ ձմեռ գրեթե չի լինում, իսկ դեկտեմբերին ու հունվարին ծաղկում են արմավը, կիվին ու նուռը: Միայն ճանապարհը չի առանձնացնում Նյուվադին, այլև բնությունը:
78-ամյա Վլադիմիր Բայանդուրյանը գյուղի 153 բնակիչներից է: Նյուվադիի բնակիչների մեծ մասի նման նա էլ փախստական է Ադրբեջանից:
«Մի խորհրդավոր զուգադիպությամբ, ծննդյանս տարին` 1926 թվականը, դարձավ իմ թափառական ճակատագրի նշանը,- ասում է Վլադիմիրը: - Հենց այդ տարում բոլշևիկյան Ադրբեջանի իշխանություններն կատարեցին վարչատարածքային փոփոխություններ, որի արդյունքում Հյուսիսային Ղարաբաղի` հայերով բնակեցված շրջանները մի ակնթարթում հայտնվեցին Շամխորի ու Խանլարի շրջանների կազմում:
Նույն թվականին Ադրբեջանի իշխանությունները մերժեցին Նախիջևանի հայ փախստականների խնդրանքը վերադառնալ հայրենի երկիր: Եվ ես` Գետաշենում ծնված հայս, դատապարտվեցի փախստական լինելու: 1991 թվականի ապրիլի 30-ին խորհրդային բանակը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը իրականացրին Գետաշենից, Շահումյանից ու Մարտունաշենից հայերի արտաքսման «Օղակ» ռազմական օպերացիան: Եվ իմ ընտանիքն ու ես դարձանք փախստական»:
Կրկնակի փախստական դարձած Բայանդուրյանը 1991 թվականից ապրում է Նյուվադիում, սակայն դեռ չի համակերպվել նոր բնակավայրի հետ:
«Ապրելու պայմաններ չկան,- ասում է նրա որդին` Եղիշեն: - Գյուղում չկան ճանապարհ, խանութ, ոռոգման ջուր, չկա արտադրություն, չկա բժիշկ ու, հավանաբար, չկա հեռանկար: Կա ընդամենը մեկ հեռախոս և ամբողջ գյուղում մեկ «ՈՒԱԶ»: Հիանալի բնակլիմայական պայմանները դժվար թե փոխհատուցեն այդ բացերը, քանի որ գործնականում հնարավոր չէ շուկա հասցնել մեր մթերքը: Հրաշալի արմավն ու նուռը ուղղակի փչանում են այգիներում և անասնակեր դառնում»:
Սակայն բնակիչներն առավել վրդովվում են իրենց հոգսերի նկատմամբ պաշտոնյաների վերաբերմունքից: Կամ, ավելի ճիշտ կլիներ ասել` որևէ վերաբերմունքի բացակայությունից:
«Նույնիսկ այն տները, որտեղ 10 տարուց ավելի ապրում ենք, մեր սեփականությունը չեն,- ասում է Վլադիմիր Բայանդուրյանը: - Քանի որ աշխատանք չունենք, ի վիճակի չենք վճարելու մեկ քառակուսի մետրի համար կառավարության սահմանած 60 հազար դրամը: Այնպես որ, հողը մերն է, իսկ տունը` ոչ»:
Խորհրդային տարիներին գյուղում մշակվում էր մոտ 180 հեկտար հողատարածք, այսօր` ընդամենը 52 հեկտար:
Նյուվադիում հողագործներն ապավինում են Արաքսի ոռոգման ջրին, բայց հավատացնում են, որ անմշակ հողատարածքների պատճառը ջրի պակասը չէ: Պարզապես իմաստ չունի արտադրել ավելին, քան գյուղացին կարող է սպառել, քանի որ Երևան փոխադրելը չափազանց թանկ է:
«Ժամանակն է ընդգրկել նյուվադցիներին Հայաստանի Կարմիր գրքի մեջ, նրանք իսկապես վտանգված տեսակ են,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհի Լյուբա Մուրադյանը: - Խորհրդային տարիներին աշակերտների թիվը հասնում էր 900-ի: Այսօր դպրոցի ամբողջ կազմը` ներառյալ 14 ուսուցիչները, 45-ի էլ չի հասնում: Ահա այսպես ենք հիմնավորվում նոր և, ինչպես մայրաքաղաքում են ասում, «ռազմավարական» գյուղում: Մինչդեռ այստեղ մի քանի տասնյակ կիլոմետրի վրա` Նախիջևանում, Ագուլիսն է, որտեղ 1600 տարի առաջ ստեղծվել են հայերեն գրերը»:
Այսօր ադրբեջանական Նյուվադի անվանումով գյուղը վերանվանվում է Նոր Ագուլիսի: Դա իրենց` գյուղացիների ցանկությունն է:
Գյուղացիներն ասում են, որ զգում են կապը իրենց ազգային պատմության հետ: Ըստ էության` նաև կապը մարդկային քաղաքակրթության հետ, քանի որ, ինչպես պնդում են, հենց այստեղ է մոտ 6 հազար տարի առաջ սկզբնավորվել պղնձե դարը:
Երբեմն թվում է, թե դրանից հետո քիչ բան է փոխվել:
|