Սյունիքի մարզի ծայր հարավում գտնվող և Իրանի հետ սահմանակցող Մեղրին Հայաստանի ամենաարևադարձային շրջանն է: Այս փոքր տարածքում` ընդամենը 664 քառակուսի կիլոմետրի վրա, շատ ավելի մեղմ կլիմա ունի, քան Հայաստանի մյուս շրջանները, աճում են այնպիսի մրգեր, որոնք չես գտնի երկրի այլ մասերում:
Բացի նռից ու թզից, որոնք շատ քիչ աճում են նաև Հայաստանի այլ շրջաններում, Մեղրիում աճեցնում են նաև կիտրոն, արմավ, նուշ, իսկ վերջերս` նաև ձիթապտուղ և կիվի:
Մեղրիի հարթավայրերն ընդամենը 500 մետր են բարձր ծովի մակերևույթից (Հայաստանի միջին 1830 մետրի համեմատ): Միջին ջերմաստիճանը 14 աստիճան է, ինչն ընդամենը 3 աստիճանով է բարձր մայրաքաղաքի միջինից:
«Համապատասխան պայմաններ ստեղծելու դեպքում այս ռազմավարական առումով շատ կարևոր շրջանը կարող է լրիվ ինտեգրվել հանրապետության շուկային»,- ասում է Երևանի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Հովհաննես Սայադյանը:
Շուրջ 1000 մեղրեցիներ աշխատում են շրջանի միակ կայուն գործող ձեռնարկությունում` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Շրջանի երեք քաղաքում ապրում է շուրջ 5000 մարդ, մնացած 9000 բնակիչները գրեթե բոլորը զբաղվում են մերձարևադարձային այգեգործությամբ:
Սակայն եթե մայր բնությունը հրաշալի բնակլիմայական պայմաններ է շնորհել Մեղրիին, մարդու ստեղծած արգելքները դժվարացնում են այդ ներուժի օգտագործումը:
Մեղրիի սահմանները փակ են երկու կողմից. արևելքից Ադրբեջանն է, արևմուտքից` Ադրբեջանին պատկանող Նախիջևանը: Հարավում էլ մրգերով հարուստ Իրանն է, այնպես որ, Մեղրիի արտադրանքի գործնականորեն միակ շուկան Երևանն է` 420 կմ դեպի հյուսիս և հիմնականում զառիվեր:
Խորհրդային տարիներին, մինչև Նախիջևանի փակվելը, ճանապարհը դեպի մայրաքաղաք տևում էր երեք ժամ: Բացի այդ, կար Բաքու-Մեղրի-Երևան հուսալի և էժան երկաթուղային կապը:
Այսօր Մեղրի-Երևան ճամապարհը խլում է ավելի քան 7 ժամ և հատկապես դժվարանցանելի է ձմռանը: Արտադրանքի գնին գումարվում են տրանսպորտային ծախսերը` զգալիորեն անդրադառնալով արտահանման վրա:
Փաստորեն Արևմտյան Վրաստանի այգեգործների համար, որոնք միրգ են աճեցնում նման բնակլիմայական պայմաններում և առավելություն ունեն ի դեմս Վրաստան-Հայաստան երկաթուղու, ավելի էժան է հասնել երևանյան շուկա, քան մեղրեցիների համար:
«Դա շատ կարևոր հարց է, քանի որ անմիջականորեն ազդում է ամբողջ շրջանի գործունեության վրա,- ասում է Մեղրու մշակութային կենտրոնի աշխատակից Միքայել Ազատյանը: - Քաղաքում արտադրական ձեռնարկություն գործնականում չկա, և բնակչությունը ստիպված է ապավինել գյուղմթերքների վաճառքից ստացած եկամտին: Նույնը վերաբերում է Մեղրու շրջանի 11 գյուղերին, որտեղ ապրում է ավելի քան 4000 մարդ»:
Ազատյանն ասում է, որ մինչև ոչինչ չփոխվի, բնակչությունը կնվազի, քանի որ մարդիկ ստիպված կլինեն մեկնել ավելի լավ կենսապայմաններ գտնելու հույսով:
2000 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց Մեղրու շրջանի զարգացմանն ուղղված որոշում: Սակայն բնակիչներն ասում են, որ այդ ջանքերը մնացին թղթի վրա, և, բացի այդ, որոշմամբ իրենց շրջանի զարգացումը նախատեսվում էր ամբողջ Սյունիքի մարզի զարգացման շրջանակներում:
Որոշումը «չէր արտացոլում Մեղրու շրջանի յուրահատկությունը», նշում է մեղրեցի Սիրուն Սարգսյանը:
Իսկ մեկ այլ նախաձեռնություն արտացոլում էր:
Փորձելով օժանդակել Մեղրու գյուղացիներին` ՀՀ գյուղնախարարությունը 2002 թվականին սահմանափակեց Վրաստանից ներմուծվող արևադարձային մրգերը:
«Արդյունքները շատ սպասել չտվեցին,- ասում է Սարգսյանը: - 2002 թվականն իսկապես շահութաբեր տարի էր շրջանի բնակիչների համար»:
Սակայն այդ ծրագիրը գործեց միայն մեկ տարի, և առանց սահմանափակումների Մեղրին կրկին մաքառումների մեջ է: Ըստ Սիրունյանի` նախարարությունում ասել են, թե ծրագիրը չի շարունակվել շուկայական հարաբերությունների հետ կապված ինչ-ինչ պատճառներով:
|
Մեղրին շրջանի ամենամեծ բնակչություն ունեցող բնակավայրն է |
Մեղրու զորությունը միայն հողը չէ: Այս տարվա մայիսի 11-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի գործարքին: Ամերիկյան «Քոմփաս քոմոդիթիզ» ընկերությունը կոմբինատի համար կվճարի 350 միլիոն դոլար` պայմանով, որ առաջին տարում ներդնի 3,5 միլիոն դոլար:
Ամերիկացիներն անշուշտ հասկանում են Մեղրու հարուստ ընդերքի ներուժը, սակայն շրջանի գյուղացիների նման նրանք էլ են բախվում տրանսպորտային մարտահրավերի հետ:
Արևմուտքից դեռ շատ առաջ խորհրդային իշխանությունները գիտեին, որ բավական չէ միայն արդյունահանել հանքաքարը և 1949 թվականին այն արտահանելու նպատակով կառուցեցին երկաթգիծ:
«Հայաստանի հարավային հանքային գոտին յուրացնելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ,- ասում է կոմբինատի տնօրեն Մայիս Խաչատրյանը: - Հյուսիսում գտնվող հանքերը` Ալավերդիում, Ախթալայում և Շամլուղում, մոտ են Վրաստան-Հայաստան երկաթուղուն, իսկ հարավային հանքերը շրջափակման պատճառով կտրվել են ոչ միայն Երևանից, այլև այլընտրանքային հաղորդակցության ուղիներից»:
Եթե հանքային պաշարները և արևադարձային միրգը վաղուց են Մեղրու կռվանները, ապա նրա աշխարհագրական դիրքը նոր արժեք է, որը միջազգային նշանակություն ունի:
Վերջին տարիներին Մեղրու տարածքը դարձել է քննարկումների նյութ այսպես կոչված «Մեղրու միջանցքի» կապակցությամբ: Մեղրին միացնում է Ադրբեջանը Նախիջևանին, սակայն ղարաբաղյան պատերազմն սկսվելուց հետո սահմանները փակվել են` կտրելով հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և նրա ենթակայության տակ գտնվող տարածքի միջև:
Բանակցությունների ընթացքում երրորդ կողմի ներկայացուցիչները քննարկել են Մեղրու` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր գործարքի տարբերակ` մասնավորապես, որ Հայաստանը կհանձնի Մեղրին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման փոխզիջման շրջանակներում:
«Հաշվի առնելով Մեղրու աշխարհաքաղաքական դիրքը Հարավային Կովկասում` զարմանալի կլիներ, եթե այդ հարցը չքննարկվեր հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում,- ասաց Մեղրու քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը: - Սակայն պետք է հասկանալ, որ դրսից նախաձեռնված երկխոսությունը մի բան է, իսկ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը` բոլորովին այլ: Սխալ չի լինի ասել, որ շրջանի բնակչությունը երկար տարիներ պարզապես անտեսում է դրսից ներմուծված այսպես կոչված «տարածքների փոխանակման» տարբերակի շահարկումները:
|
Վերջերս այս «արևադարձային» գոտում աճեցնում են նույնիսկ կիվի |
Բնակիչները համամիտ են քաղաքապետի հետ և ասում են, որ լրջորեն չեն ընդունում այն խոսակցությունները, թե իրենց հայրենիքը կարող է դառնալ խաղաղության գործարքի մանրադրամ:
«Արաքս գետը, որից փոխադարձ համաձայնությամբ ոռոգման նպատակով օգտվում են հայկական և իրանական կողմերը, խոր կիրճ է փորել»,- ասում է Լեգվազ գյուղի բնակիչ Մովսես Ասատրյանը: Նրա հավաստմամբ` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հաճախ են այցելում այս վայրերը բնության տեսարաներով հիանալու, իսկ «չար լեզուները շարունակում են պնդել, թե հիասքանչ տեսարանը նրանց այցելության միակ նպատակը չէ: Բայց մենք ուշադրություն չեն դարձնում նման պնդումներին»:
«Ոչ ոք չի կասկածում, որ բանակցությունների ընթացքում շահարկվում է «Մեղրու խաղաքարտը»,- ասում է Ագարակի փոխքաղաքապետ Մարտին Հովակիմյանը: - Սակայն ցավալի, երբ այդ խաղաքարտը փորձում են հաղթաթուղթ դարձնել հայ քաղաքական գործիչները: Դա կեղտոտ ներքաղաքական խաղ է և ապագայում պետք է շարունակություն չունենա:
Եվ, վերջապես, մշտական ասեկոսեները բացասաբար են անդրադառնում ներդրումների ներհոսքի վրա, ինչի կարիք Մեղրին շատ ունի: Եղել են դեպքեր, երբ շրջանի տնտեսության մեջ հնարավոր ներդրումները սառեցվել են նման ասեկոսեների տարածման հետևանքով»:
Մեղրու քաղաքապետը հիշեցնում է, որ գրեթե մեկ դար է, ինչ տարածքային վեճ է ընթանում, թե ում է պատկանում Մեղրին:
«1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում բոլշևիկների և քեմալականների միջև ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից հետո, որի արդյունքում այլ տարածքների հետ Նախիջևանն անջատվեց Հայաստանից, Անկարան և Բաքուն հաճախ են հայտնում իրենց հավակնությունները Մեղրու և ամբողջ Սյունիքի նկատմամբ,- ասում է Հովհաննիսյանը: - Այնպես որ, շրջանի բնակչությունն արդեն իմունիտետ է ձեռք բերել նման խոսակցությունների նկատմամբ: Ամեն ինչ կախված է գործարարներից. եթե որևէ շրջան աշխարհագրական առումով հեռու է Հայաստանի կենտրոնից, ապա կենտրոնը պետք է ավելի մոտ լինի այդ շրջանին տնտեսական առումով»:
Կոմբինատի տնօրեն Մայիս Խաչատրյանի կարծիքով` «անհրաժեշտ է շրջանին օֆշորային գոտու կարգավիճակ տալ»: Նման կարգավիճակը կխթաներ ներդրողներին փոքր ձեռնարկություններ հիմնել մաքսազերծ գոտում:
«2002 թվականը ցույց տվեց, որ Մեղրու նկատմամբ համապատասխան տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր է հասնել մեծ հաջողությունների»,- ասում է Սարգսյանը: Սակայն բաց շուկայի պայմաններում Մեղրին տանուլ է տալիս:
Սարգսյանի և շատ այլ տեղացիների կարծիքով` նման պայմանները «կարող են քայքայել տեղական տնտեսության կառուցվածքը, իսկ դրանում ներգրավված է շրջանի բնակչության բացարձակ մեծամասնությունը»:
Այստեղ շատերը` հիշեցնելով, որ Հայաստանը երկու կողմից շրջապատված է թշնամաբար տրամադրված հարևաններով, այն կարծիքին են, որ Մեղրու թուլացումը ռազմավարական խոշոր սխալ կլինի:
|