ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 16, 2004




Սառն սփոփանք. հայաստանյան ամառն ընկրկում է 14 ընկերությունների պաղպաղակային գրոհից

Երբ ամռանը ջերմաստիճանը մոտենում է 40 աստիճանին, հայաստանցիները դիմում են սփոփանքի միակ աղբյուրին` իսկական պաղպաղակին, ինչի մասին ժամանակին միայն երազել կարող էին:

1988-1993 թվականների դժվար տարիներին մայրերը փորձում էին հանգստացնել երեխաներին տանը պատրաստած պաղպաղակով, որը գրեթե երբեք չէր հիշեցնում իսկականը:

Հայաստանում պաղպաղակ է արտադրում 14 ընկերություն

«Ես ունեմ մի տետր, որտեղ գրված են իմ պաղպաղակների բոլոր բաղադրատոմսերը, բայց որքան էլ տանջվում էի, միևնույն է, երեխաներս ասում էին` չէ, խանութի պաղպաղակի համը չունի»,- ասում է տնային տնտեսուհի Նազենի Մկրտումյանը:

Այսօր Հայաստանում պաղպաղակ է արտադրում 14 ընկերություն:

«Ամռանը մեր խանութի օրական շահույթի մոտ 40 տոկոսը գոյանում է պաղպաղակի վաճառքից, իսկ ամենաշատ վաճառվողը «Թամարա» և «Աշտարակ կաթ» ֆիրմաների արտադրանքն է»,- ասում է «Միլենա» խանութի մենեջեր Արթուր Մինասյանը:

«Թամարան» անկախացումից հետո առաջինն էր, որ 1992 թվականին սկսեց պաղպաղակ արտադրել, սակայն դրա որակը դեռ շատ հեռու էր այսօրվա չափանիշներից (խորհրդային տարիներին Հայաստանում կար երեք-չորս տեսակի պաղպաղակ, որոնք որակով խիստ զիջում էին այսօրվա արտադրանքին):

1995 թվականին շուկա մուտք գործեց «Աշտարակ կաթ» ընկերությունը, որին հաջորդեցին մյուսները, որոնք այսօր սառնանույշի մի անհավատալի տեսականի են առաջարկում սպառողին:

Հայաստանում պաղպաղակ արտադրող ընկերությունների առաջարկած ապրանքների ողջ տեսականին 2003 թվականին «Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի կողմից ենթարկվել է մանրամասն հետազոտության: Ըստ ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի` 6 ամիս տևած հետազոտությունները ներառում էին շուկայի ուսումնասիրություն, մոնիտորինգ, 1000 հոգու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցում, 4 լաբորատորիայում կատարված հետազոտություն և 11 հոգուց բաղկացած մասնագիտական հանձնախմբի կատարած համտեսում և գնահատում:

Հարցումից պարզվել է, որ սպառողների մոտ 40 տոկոսը նախապատվությունը տալիս է «Աշտարակ կաթին», 30 տոկոսը` «Թամարային», 20-25 տոկոսը` «Շանթին», իսկ մյուս 11 ընկերություններին` «ԱՍԱ», «Գրանդ քենդի», «Երևանյան պինգվին» և այլն, բաժին է ընկնում շուկայի ընդամենը 7 տոկոսը:

«Հաջորդ կարևոր քայլը լաբորատոր հետազոտությունն էր, որը կատարվեց ՀՀ արտոնագրման վարչության կողմից արտոնագրված երեք լաբորատորիաներում և մեկ վերստուգիչ լաբորատորիայում, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, և որին մենք վստահում ենք»,- ասում է Հակոբյանը:

Որոշ ընկերություններ դժգոհ էին Հակոբյանի գնահատականներից

Լաբորատոր հետազոտություններից, համտեսումից և արտադրամասեր կատարած ստուգիչ այցերից հետո հանձնախումբը 100 բալանոց սանդղակով 98 միավոր շնորհեց «Աշտարակ կաթի», 94 միավոր` «Թամարայի», 82 միավոր` «Շանթի» և 81 միավոր` «Գրանդ քենդիի» պաղպաղակներին: Մյուսներն արժանացան 80 միավորից ցածր գնահատականի, ինչը նշանակում է, որ դրանք չեն համապատասխանում ընդունված չափանիշներին:

Պաղպաղակի նմուշները վերցվել են քաղաքի տարբեր համայնքներից: Քաղաքի կենտրոնում պաղպաղակի 85 տոկոսի ժամկետները պահպանված են եղել: Սակայն ծայրամասերում պաղպաղակի 25 տոկոսը զանազան խախտումներ է ունեցել (պահպանվել է այլ մթերքների հետ, պահանջվածից բարձր ջերմաստիճանում և այլն):

Հաճախ վաճառողներն էլեկտրաէներգիա խնայելու նպատակով գիշերն անջատում են սառնարանը, իսկ, ըստ մասնագետների, հալված պաղպաղակի կրկնակի սառեցումը կարող է նպաստել ախտածին մանրէների առաջացմանը:

Հակոբյանն ինքը ստուգումների ընթացքում դարձել է անորակ պաղպաղակի զոհ:

«Մեկ ամիս բուժվում էի` սեփական մաշկիս վրա զգալով բողոքներով մեզ դիմած 100-ից ավելի սպառողների վիճակը, որոնք տարբեր թունավորումներ ու հիվանդություններ են ձեռք բերել անորակ պաղպաղակի պատճառով»,- ասում է Հակոբյանը:

Այս հետազոտությունների ընթացքում առողջական վնաս կրելուց բացի ասոցիացիայի նախագահ Հակոբյանը ենթարկվեց նաև բարոյահոգեբանական ճնշման: Մի քանի հեռուստհաղորդումներից հետո, որոնց ընթացքում հանձնախմբի անդամների հետ Մելիտա Հակոբյանը ներկայացրել է հետազոտության արդյունքները, նա բազմաթիվ սպառնալի զանգեր է ստացել:

«Շատ էին զանգում, գալիս, ասում էին «Կվերացնենք, հիմա զենքը հանում ենք, գանք և այլն»: Ես էլ ասում էի` նեղություն մի կրեք, ես ինքս կգամ ձեզ մոտ, վախենալու ոչինչ չունեմ, գիտեմ միայն, որ կա մարդու առողջությանը վտանգ սպառնող ապրանք, և իմ պարտքն եմ համարում սպառողին զգուշացնել այդ մասին»,- համոզված ասում է Հակոբյանը:

Պաղպաղակ արտադրող հայկական ընկերությունների կողքին այսօր վաճառվում է նաև «Ալգիդա» ընկերության պաղպաղակը: Ըստ ներմուծող «Կլեոպատրա» ընկերության մենեջեր Անահիտ Դերվիշյանի` պաղպաղակի այս տեսակը մրցակից չէ տեղական ապրանքներին:

«Ես, անշուշտ, չեմ ասում, թե «Ալգիդան» այնքան լավն է, որ մրցակից չունի, մեր տեղականներն էլ շատ լավն են, բայց «Ալգիդան» ունի բոլորովին այլ համային հատկություններ, պատրաստվում է այլ տեխնոլոգիայով և այլ հումքից»,- ասում է Դերվիշյանը:

«Ալգիդան» արտադրվում է աշխարհի 150 երկրում, Հայաստան է ներմուծվում Տրապիզոնից (Թուրքիա):

Կեր ու չաղացի՞ր

Պաղպաղակի այս տեսակը նույնպես հետազոտել է Սպառողների ազգային ասոցիացիան: Ի տարբերություն տեղական տեսակների, «Ալգիդան» միակն է, որի պիտակը լիովին համապատասխանում է օրենքի տառին` մանրամասն նշելով, թե ինչ է պարունակում պաղպաղակի տվյալ տեսակը: Այն պարունակում է տեղական շուկայում բացակայող պահածոյացնող նյութեր, որոնց շնորհիվ նրա պահպանման ժամկետը մեկուկես տարի է, մինչդեռ տեղական պաղպաղակները կարող են պահվել 4-5 ամիս:

Հայաստանում արտադրվող պաղպաղակի գինը տատանվում է 50-450 դրամի սահմաններում:

Վաճառողուհի Նաիրա Մուրադյանի հավաստմամբ` իր հաճախորդների մեծ մասը նախընտրում է տեղական պաղպաղակ. երեխաները, որոնք հաճախ շատ գումար չեն ունենում, գնում են ավելի էժան պաղպաղակ, օրինակ` «ԱՍԱ» կամ «Գրանդ քենդի», իսկ մեծահասակները` հիմնականում «Աշտարակ կաթ» կամ «Թամարա»:

«Շատ հաճախ է պատահել, երբ երեխան ծնողին խնդրել է գնել «Ալգիդա», ծնողը մերժել է` պատճառաբանելով, թե թուրքական է,- պատմում է Մուրադյանը: - Բայց, դե, երեխան էլ մեղք չունի, իսկապես շատ համեղ է, բայց մեր «Թամարային» չի հասնի»,- հումորով շարունակում է երիտասարդ վաճառողը ու վայելում սառը, շոկոլադապատ պաղպաղակը:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photos of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
Summer in the City

With Friday temperatures reaching 35 degrees Celsius (95 Fahrenheit), little boys and big girls found relief in the fountains of Republic Square.

 

 


 
A Byte with...

Michael Pogosyan


Full story


 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.