Վերջերս Հայկ Պապիկյանն առանձնակի սիրով է համակվել դեպի իր համակարգիչը, սքաները և «Արև» կոչվող ծրագիրը և ուրախությամբ ցույց է տալիս, թե ինչպես է այդ երեքի համադրությունն ավելի հաճելի դարձնում իր կյանքը:
|
Հայկ Պապիկյանը և «տեսնելու» նրա գործիքները |
«Տեսեք,- ասում է նա սեղմելով ստեղները,- ես սքան եմ անում գրքի էջը, հետո բացում եմ «Արև» ծրագիրը և վերջ. նա կարդում է ինձ համար»:
«Արևը» վերջերս մշակված աննախադեպ հայերեն աուդիոծրագիր է թույլ տեսնողների համար: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵՄՄԳՀԻ) գիտնականների ստեղծած ծրագիրը թույլ է տալիս կույրերին օգտվել հայերեն կայքերից, հաղորդակցվել էլեկտրոնային փոստով, լսել «Մայքրոսոֆթ վորդ» ծրագրով գրված գրքեր կամ տեղեկատվության այլ աղբյուրներ:
22-ամյա Հայկը ԵՄՄԳՀԻ-ի կազմակերպած «Արևի» դասընթացների 18 շրջանավարտներից է: Նա զրկվել է տեսողությունից 14 տարեկանում` գրիպից առաջացած բարդության հետևանքով: Չնայած անսպասելի պրոբլեմներին, հաստատ որոշել է շարունակել ուսումը:
Հայկը հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանից տեղափոխվել է Երևանի կույր երեխաների գիշերօթիկ դպրոց, որտեղ սովորել է Բրայլի համակարգը: Դպրոցն ավարտելուց հետո հաջողությամբ հանձնել է բուհի ընդունելության քննությունները և այժմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է:
Հայկը գրի է առնում դասերը Բրայլի համակարգով կամ էլ ձայնագրում է դրանք:
Սակայն բացի դասերը սովորելուց, նա պետք է ծանոթանա նաև այլ գրականության հետ` ներառյալ դասական և մասնագիտական: Հայկին օգնում է մայրը` կարդալով այդ գրականությունն ու համալսարանական դասագրքերը:
«Արև» ծրագրի դասընթացն ավարտելուց հետո Հայկը դրա օգնությամբ իր ուսումն ավարտելու մեծ հույսեր է փայփայում:
«Արև» ծրագիրն ինձ շատ է օգնում համալսարանի դասերի հարցում,- ասում է նա: - Այլևս կարիք չկա, որ մայրս կարդա դասագրքերն ու դասախոսությունները, ես դրանք սքանեմ անում և լսում: Բացի այդ, կարող եմ տպել ռեֆերատներս, իսկ հետո լսել ու խմբագրել»:
«Արև» ծրագրի հեղինակ և ԵՄՄԳՀԻ-ի տեխնիկական տնօրեն Արման Քուչուկյանն ասում է, որ ծրագիրը մշակելու համար իր խմբից պահանջվել է երկուսուկես տարի: Նա ասում է, որ ինքը չի թերագնահատում Բրայլի համակարգի արժեքը, այն հրաշալի օգնական է եղել, սակայն այժմ հնացել է:
«Բրեյլի համակարգով շատ քիչ հայերեն ու ռուսերեն գրքեր կան: Արդարացի չէ, որ կույրերը զրկված են այլ գրքեր կարդալու հնարավորությունից: «Արևի» նման ծրագրեր Արևմուտքում վաղուց են գործում, և ես երջանիկ եմ, որ մենք կարողացանք Հայաստանում նույնպես նման ծրագիր ստեղծել»:
73-ամյա Քուչուկյանը 51 տարի աշխատել է ԵՄՄԳՀԻ-ում և ասում է, որ «Արևը» ինստիտուտի լավագույն նվաճումներից է: Նա շատ ոգևորված է ծրագրով, սակայն վստահ չէ նրա ապագայում:
«Մենք կազմակերպեցինք համակարգչային անվճար դասընթացներ կույրերի համար և «Արև» ծրագիրն անվճար տրամադրեցինք նրանց, ովքեր տանը համակարգիչ ունեին: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր համակարգիչ չունեն: Նրանք շուտով կմոռանան իրենց սովորածը»:
Քուչուկյանը դիմել է խորհրդարան` խնդրելով համակարգիչներ տրամադրել դպրոցի շրջանավարտներին:
«Ամեն տարի կույրերի դպրոցն ունենում է 20-25 շրջանավարտ,- ասում է նա: - Եվ շատերը կարող են օգնել այդ երիտասարդներին` նվիրելով նրանց օգտագործված համակարգիչներ: Պատկերացրեք, թե ինչպես կփոխվի երիտասարդի կյանքը, եթե նա համակարգիչ ունենա. այնքան հնարավորություններ մատչելի կդառնան նրան»:
Սակայն Քուչուկյանի բարի մտադրություններն արձագանք չգտան կառավարությունում:
«Մենք ոչ մի դրամ չենք ստացել կառավարությունից այս ծրագրի համար,- ասում է Քուչուկյանը: - Ութ հոգի քրտնաջան աշխատել են շուրջ 10000 հայկական հնչյուններ ծրագրի մեջ մտցնելու համար: «Արևը» զերծ չէ թերություններից, և մեզ հովանավոր է պետք այն կատարելագործելու համար: Բայց մեր բոլոր ջանքերը զուր կլինեն, եթե նրանք, ում համար ծրագիրը ստեղծվել է. չկարողանան օգտվել դրանից պարզապես համակարգիչ չունենալու պատճառով»:
|
Քուչուկյանի հավաստմամբ` շատ հայեր կարող են օգտվել այս ծրագրից |
«Հայաստան» հիմնադրամը վեց համակարգիչ է տրամադրել կույր երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցին, և «Արև» ծրագիրը զետեղրվել է այդ և դպրոցի մյուս համակարգիչներում:
«Մոտ երեք տարի առաջ ԵՄՄԳՀԻ-ի գիտնականները եկան մեր դպրոց ու հետաքրքրվեցին, արդյոք երեխաները հայերեն տառատեսակներ կարդացող ծրագրի կարիք ունե՞ն,- պատմում է դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը: - Մենք իհարկե ասացինք` Այո, և շտապ: Պետությունը չի ֆինանսավորում Բրեյլի համակարգով գրված գրքերի հրատարակությունը, և ամեն անգամ, երբ որևէ գիրք ենք ուզում հրատարակել, դիմում ենք Հայաստանի կույրերի միավորմանը: Բացի այդ, Բրայլի համակարգով տպագրված գրքերը կարճ կյանք ունեն և դժվար են կարդացվում, երբ նոր չեն»:
Ներկայումս գիշերօթիկ դպրոցի 1-11-րդ դասարաններում սովորում է 120 աշակերտ: Այն Հայաստանում միակ դպրոցն է, բացի թույլ տեսողությամբ երեխաների դպրոցի: Հայաստանում ընդամենը կա մոտ 4000 կույր, և նրանց մեծ մասն ընդգրկված է էլեկտրոնային կենցաղային սարքերի արտադրության մեջ:
Հայկ Պապիկյանը, որն ավարտել է գիշերօթիկ դպրոցի մերսման դասընթացները, ասում է, որ համալսարան ընդունվելուց առաջ փորձել է մերսողի աշխատանք գտնել, սակայն ապարդյուն:
«Դպրոցում կույր երեխաների ստացած կրթությունը բավական չէ աշխատանք գտնելու համար,- ասում է նա: - Մյուսների համար դժվար է շարունակել ուսումը բուհում: Հուսով եմ, որ «Արևը» դռներ կբացի շատերի համար, ովքեր հնարավորություն կստանան կրթություն ստանալու թղթակցելով, հանդիպելու «չաթի» սրահներում, էլեկտրոնային փոստով նամակներ ստանալու և կարդալու դրանք առանց որևէ մեկի օգնության: Այլ խոսքով` ձերբազատվել մեր սահմանափակումներից, ունենալ մեր անձնական կյանքն ու ապավինել ինքներս մեզ»:
|