«Ամերիկացիներ միմյանց կըսեն` իթս նոթ յոր բիզնես, ուրիշի գործերուն մի խառնվեր։ Հայեր մեկը մյուսին կրնա՞ն ըսել` ուրիշի գործերուն մի խառնվեր։ Ամեն հայ ամեն հայի գործին պիտի խառնվի»:
|
«Հայաստանում նրա նմանը չկա»
|
Հայկական նիստուկացի նման դիտարկումներով Կալիֆոռնիայից ժամանած դերասան Վահե Բերբերյանը հանդես եկավ
Երևանի կամերային թատրոնում: Լեփ-լեցուն դահլիճը մեկուկես ժամ ծիծաղում էր։
«Տակավին» ներկայացմամբ Բերբերյանը «ոտքի վրա կատակերգության» ժանրը (standup comedy) ներկայացրեց հայաստանյան հանդիսատեսին, որն ավելի սովոր է, երբ ռուս երգիծաբանները դուրս են գալիս բեմ և զվարճալի պատմություններ են պատմում ռուսների մասին: Այս անգամ հայ երգիծաբանը հայերին էր համեմատում այլազգիների հետ:
«Իռլանդացիները միշտ կխմեն ու իրարու կծեծեն, հայերը կխմեն, իրարու կենաց կխմեն, իրարու կգովեն, նոր կծեծեն»,- ասում է Բերբերյանը։
Ռուս երգիծաբան Միխայիլ Զադոռնովը ռուսներին ու ամերիկացիներին համեմատելիս ասում է, որ ամերիկացիները զարմանում են ռուսների վրա, երբ տեսնում են, թե ինչպես փողկապով ու կոստյումով մի մարդ դուրս է գալիս բեմ, խոսում, և բոլորը ծիծաղում են։
Հայ հանդիսատեսի համար պարզվեց, որ լիբանանցի ամերիկահայն էլ կարող է դուրս գալ բեմ, խոսել ու դահլիճին ծիծաղեցնել։ Սակայն այս դեպքում դերասանը բոլորովին այլ տեսք ուներ. Բերբերյանը, որը նաև նկարիչ ու գրող է, երկար հյուսած մազեր և ականջօղեր ունի։ Նրա տեսքը Երևանում ուշադրություն է գրավում։
«Կանցնեի փողոցով, երեք տղա պպզած ուշադիր ինձի կնայեին, մինչև մեկը ըսավ՝ «մաշնեն չծախե՞նք` ականջօղ առնենք»,- ներկայացումից հետո պատմում է Բերբերյանը: - Ըստ էկզիստենցիալիզմի, եթե մարդու վրա ուշադրություն չեն դարձներ, ուրեմն ան գոյություն չունի։ Հոս այնքան ուշադրություն կդարձնեն, որ գոյությունդ պահանջվածեն շատ կըլլա»։
«Տակավինը» հիմնականում սփյուռքահայերի մասին է, և որոշ արտահայտություններ անգլերեն են։
«Հիանալի ներկայացում էր, ամենեն շատ հավնեցա իր ազատ խոսիլը, մաքուր հայերենեն հեռու,- ասում է ֆրանսահայ Անահիտ Սարգսյանը: - Սփյուռքի մեջ միտում կա պարտադիր մաքուր հայերեն խոսիլ»։
Տեղացիների համար թեթևակի մշակութային ցնցում էր լսել ոչ նորմատիվային բառեր, որոնք հայաստանյան բեմերից չեն հնչում:
|
Դերասան-գրող-նկարիչը հանդես եկավ մեկ ներկայացմամբ լեփ-լեցուն Կամերային թատրոնում
|
«Իմ հոգևոր ծնողքս Հայաստանն է, կնկատեմ` մամա, պապա միասին,- ներկայացման մեջ ասում է Բերբերյանը: - Ատոր համար մայր հայրենիք կըսեն։ Իմ բիոլոգիական մայրենիքս Լիբանանն է, որովհետև Լիբանան ծնած եմ։ Իսկ հայրենիքս Ամերիկան է, որովհետև տարիներ հոն կապրիմ և քաղաքացի եմ։ Կանադան իմ հորքուրս կըլլա։ Հարավային Ամերիկա, արաբական երկրներ՝ Նիկարագուա, Պաղեստին, ասոնք իմ քույրերս ու եղբայրներս են, որովհետև իմ հայրենիքս անոնց ալ մայրենիքը ք---ծ է»։
Բերբերյանը ներկայացումից հետո ասաց, որ վերջին բառի վրա մեկը դեմքը փակեց, մեկ ուրիշը շուրջը նայեց, որ տեսնի ռեակցիան, և, նկատելով, որ մյուսները ծիծաղում են, ինքն էլ սկսեց ծիծաղել։
Թեև հանդիսականների մոտ 80 տոկոսը սփյուռքահայ էին, տեղացիները նույնպես հիացած էին Բերբերյանի ներկայացմամբ:
«Ես հավանեցի նրա թեթևությունը, տեսա գրողին ու դերասանին մեկ մարդու մեջ, որն իր էներգիայով ամբողջ դահլիճը պահում էր,- ասում է գրող և դերասանուհի Արմինե Աբրահամյանը: - Հայաստանում նրա նմանը չկա»։
|