ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 23 , 2004 




Վտանգված երեխաներ . ի±նչ դաս են տալիս թիվ 18 հատուկ դպրոցում



Îáõ¹³ßÇÝ »Õµ³ÛñÝ»ñÝ ³ëáõÙ »Ý, áñ ÃÇí 18 ¹åñáóáõÙ ³Ýó³Ïóñ³Í ųٳݳÏÁ »ñç³ÝÇÏ ã¿ñ

15-ամյա մի տղա, խելամտորեն ցանկանալով մնալ անանուն, պատմում է Երևանի թիվ 18 հատուկ դպրոցում իր գլխին եկածի մասին:

«Աստված չաներ` բռնեին փախչելուց: Մուրադյանը մեզ հանվացնում էր, ջուրը լցնում էր վրաներս ու պլետով ծեծում։ Եթե փորձեինք փախչել, մեր համար պիտի փոս փորեինք։ Ես մի անգամ գիշերով փախա, բռնեցին, գիշերայինը պարկետը դրեց ձեռներիս վրա ու կանգնեց պարկետին։

«Փախչելուց մի քանի հոգու բռնել էին, թքել ու շռել վրաները։ Ա՜խ, կուզեի տրաքացնեն էդ դպրոցը»:

Թիվ 18 հատուկ դպրոցը «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած»
(ձևակերպումը գիտության և կրթության նախարարությանն է) երեխաների համար Հայաստանի երկու հատուկ դպրոցներից մեկն է:

Հատուկ դպրոցը նախատեսված է տանգավոր վարք ունեցող և փոքր գողություններ արած 7-12 տարեկան անչափահասներ, որոնք մնում են այնտեղ մինչև 8-րդ դասարանը ավարտելը (մոտ 14 տարեկան)։ Այստեղ են ուղարկվում նաև որբ ու թափառաշրջիկ կամ մուրացկան երեխաներ:

Դպրոցը գտնվում է Երևանի Նուբարաշեն թաղամասում և ունի 95 աշակերտ` մեծ մասամբ սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներից:

Տեղեկություն ստանալով ամենօրյա բռնությունների մասին` «ԱրմենիաՆաուն» հարցազրույցներ է անցկացրել դպրոցի աշխատակիցների, նախկին ու ներկա աշակերտների հետ, ինչի արդյունքում էլ գրվել է այս հոդվածը:

15-ամյա տղայի պատմածը միակ վկայությունը չէ այդ դպրոցի դաժանությունների մասին։ «ԱրմենիաՆաուն» զրույց է ունեցել վեց պատանիների հետ, որոնք ևս սովորել են թիվ 18 դպրոցում 1997-2003 թվերին: Նրանք պատմում էին իրենց նկատմամբ կիրառվող դաժան մեթոդների մասին` ծեծ, երեխային պատժախուց գցել, ճաշից զրկել, գիշերն արթնացնել, ծնողների հետ հանդիպելն արգելել։

23 տարի շարունակ դպրոցի տնօրենը Ժորա Մուրադյանն է, որը նախկինում եղել է դատախազի օգնական: «ԱրմենիաՆաուն» զրուցել է նաև Մուրադյանի հետ: Նա ժխտում է բոլոր մեղադրանքները:

Սաֆարյաններ

Արայիկ Սաֆարյանը 16 տարեկան է, իսկ նրա եղբայր Ստեփանը` 12: 1999 թ. ոստիկանները Երևան-Խարբերդ ավտոբուսում տեսնում են կեղտոտ շորերով Սաֆարյան եղբայրներին առանց ծնողի ուղեկցության։

Ոստիկանները գնում են նրանց տուն` Խարբերդ, որը գտնվում է Երևանի արվարձանում, և նրանց մորը` Հռիփսիմեին, առաջարկում են որդիներին հանձնել Երևանի հատուկ դպրոց, որտեղ նրանք լավ ուսում ու դաստիարակություն կստանան։

Հռիփսիմեն, որ միայնակ հինգ որդիներ է մեծացնում, համաձայնում է:

«Ոստիականները գովեցին, ասեցին` խիստ դպրոց է, երեխաները լավ ուսում կստանան, ձեր հոգսն էլ կթեթևացնեն։ Ես էլ չէի կարողանում բոլորին հետևել, համաձայնվեցի», պատմում է նա։ Դա մի որոշում էր, որի համար հիմա նա շատ է ափսոսում:

«Հենց առաջին դասերից մեկն էր, դասատուն` Միքայելյան։ «Ն» տառը լավ չէի գրում, խփեց, քթիցս արյուն եկավ, - պատմում է Ստեփանը, - թաշկինակով մաքրեցի։ Մուրադյանը կանչեց մոտը, չափալախ տվեց։ Ասեցի` մամայիս նամակ կգրեմ, որ էստեղ ինձ ծեծում են։ Ասեց` եթե իմանամ, տենց բան ես արել, նամակը կճղեմ, քեզ էլ հետը»։

Այդպես երկու տարի նրանց մայրը տեղյակ չի եղել, թե ինչ պայմաններում են որդիները ապրում մի դպրոցում, որտեղ, ըստ եղբայրների, իրենք և մյուս աշակերտները պարբերաբար ենթարկվում են փորձությունների: Միայն մի անգամ Ստեփանը իր փոքր եղբորը գրած նամակում ակնարկում է, որ Çñ»Ýù գտնվում են անցանկալի մի վայրում.

«Անդրանի'կ ջան, ես քեզ ցանկանում եմ կյանքում չար մարդու չհանդիպես»։

Արայիկ Սաֆարյանը կաղում է, իսկ ոտքերի կոճերն ուռած են։ Նա ասում է, որ մինչև հիմա ցավում են Մուրադ Մուրադյանի հասցրած վերքերը: Մուրադը Ժորա Մուրադյանի որդին է, տնօրենի տեղակալն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

«Կանգնած էինք շարքի մեջ, գալիս էր ու խփում քացով կոճերիս։ Ոտքերս ահավոր սկսել էին ցավել, - պատմում է Արայիկը: - Մի անգամ բժշկին ասեցի, ասեց` սուտ ես ասում, ու ղրկեց դասի։ Ցավից ուշքս գնաց, գիտակցությունս կորցրի, ոչ մի բան չէի հիշում։ Հետո շտապ օգնություն կանչեցին»:

Ըստ տղաների աշակերտները պատիժ էին կրում ամենատարբեր պատճառներով` երբ քունները չէր տանում և խոսում էին անկողնում պառկած, դաս չսովորելու, գիրք ճղելու, ծխելու, այգուց միրգ քաղելու և այլ պատճառներով։

«Ես սոխով ճաշ չէի ուտում, տալիս էի կողքինիս։ Պովրը գնում ասում էր, Մուրադյանը գալիս, ճաշը շփում էր էրեսիս։ Էդպես 3 անգամ շփել ա», պատմում է Արայիկը։

Մի անգամ նրան հաջողվել է փախչել ու տուն հասնել այն բանից հետո, երբ Մուրադյանը հերթական անգամ նրան մերժել է մորը այցելել։ Հռիփսիմեն կրկին տղային հետ է բերել դպրոց, որտեղ, պատմում է Արայիկը, Ժորա Մուրադյանը հանվացրել է նրան, վրան ջուր շփել ու «ղայիշով» դաժանորեն ծեծել:

Երեխաներին կարգադրված էր դպրոցի կարգերի վերաբերյալ ոչինչ չասել ծնողներին։

«Ես չգիտեի` ինչ է կատարվում դպրոցում։ Երեխաները չէին պատմում։ Երբ Արայիկը փախավ, շատ էի ջղայնացել։ Մինչև որ Ստեփանի արյունոտ թաշկինակը չտեսա», ասում է մայրը։

Դա Ստեփանի երկրորդ արյունոտ թաշկինակն էր։ Հերթական անգամ գիշերայինները գիշերը քնից արթնացնում են ամբողջ դպրոցը, որպեսզի պատժեն տղաներից մի քանիսին լույսերը մարելուց հետո խոսելու համար:

«Շարք կանգնացրին ու սկսեցին չռփել։ Ես շարքի մեջ կանգնած քնեցի ու բերնի վրա ընկա։ Առավոտ քիթս ուռել էր, բայց արյուն չեկավ։ Բժիշկը նայեց, ասեց` ջարդվել ա, բայց բան չկա, գնա դասի։

«Հայոց լեզվի դասն էր, լավ չէի սովորել, դասատուն` Խաչատրյանը, չռփեց, քթիցս արյունը թափվեց` ամբողջ շորերս արյուն եղավ, թաշկինակը դրել էի, չէր կտրվում»։

Այդ արյունոտ թաշկինակը Ստեփանը երկար ժամանակ պահում է գրպանում և երբ մոր հետ հանդիպում է, տալիս է նրան որպես իր տանջանքների լուռ վկայություն, քանի որ բառերով վախենում էր պատմել։

Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել, Հռիփսիմեն երկու որդիներին վերցնում է դպրոցից ու դիմում գրում գիտության և կրթության նախարարություն` նրանց տեղափոխելու համար։ Այժմ Ստեփանը սովորում է Խարբերդի դպրոցում, իսկ Արայիկը բեռնակիր է աշխատում շուկայում։

Ինչպես պնդում են Սաֆարյանները, հետագայում Մուրադյանն ու պահակներից մեկը փորձել են հետ բերել եղբայրներին, սակայն ապարդյուն:

«Տղեն, պահակը գալիս էին, որ տանեն էրեխեքին, վիրավորում էին, հայհոյում էին, - պատմում է տատը` Մարիան, - ասում էին` սենց տան մեջ էրեխա կապրի՞ (Սաֆարյանները 7 հոգով ապրում են փոքրիկ վագոնի մեջ), ես էլ ասում էի` ձեզ ո՞նց էրեխա տամ, տարաք ինվալիդ սարքիք»։

Կուդաշին եղբայրները

15-ամյա Ռոման և 16-ամյա Վասիլի Կուդաշին եղբայրները 6 տարի անցկացրել են Նուբարաշենի թիվ 18 դպրոցում: Նրանց այստեղ են բերել ոստիկանները 97 թվին համապատասխանաբար 9 և10 տարեկան հասակում, երբ մի քանի անգամ բռնվել են մանր գողության համար։

Այդ ընթացքում նրանց հայրը մահացել է, իսկ մայրը անհետ կորել։ Անցյալ տարվա հունվարին Վասիլին 4-րդ անգամ է փախել դպրոցից, ինչից հետո կարգադրություն է ստացվել »Õµ³ÛñÝ»ñÇÝ տեղափոխել Վանաձորի մանկատուն։

Նուբարաշենը եղբայրների հիշողության մեջ մնացել է առաջին հերթին պարբերական ծեծերով:

«Օր չէր լինում, որ մեկը ծեծ չուտեր։ Սաղ օրը ծեծ էինք ուտում», ասում է Վասիլին։

2002 թվի սեպտեմբերին երկու եղբայրներն իմանում են մի ծանոթից, որ իրենց հայրը երկու տարի է, ինչ մահացել է: Տղաներն ասում են, որ տնօրենը գիտեր իրենց հոր մահվան մասին, բայց իրենց ոչինչ չէր ասել:

Հոր մահից վշտացած, ինչպես նաև կանոնավոր ծեծից պրծնելու նպատակով գիշերը երրորդ հարկի ննջասենյակից եղբայրները ցատկում են եղևնու վրա: Ընկնելով գետնին Ռոմանը վնասում է երիկամները:

Մի անգամ աշակերտներից մեկը փորձել է բացել պահեստի դուռը, սակայն չի կարողացել, քանի որ բանալին կոտրվել է կողպեքի մեջ։ Վասիլին պատմում է, որ բանալու մյուս կեսը ինքը գտել էր, և այն ձեռքին տեսել էր Մուրադյանը ու որոշել, որ ինքն է փորձել պահեստի դուռը բացել:

«Ասում էի` ես չեմ ջարդել, ասում էր` դու ես ջարդել ու սաղ օրը ծեծում էր: Երբ գալիս էր, ինձ գտնում ու ծեծում էր, ոտքով, ձեռքով խփում էր, կրունկներով ոտքերիս էր տալիս։

«Հետո ինքը իմացել էր, թե ով է արել, բայց ծեծում էր, ուզում էր ինձնից լսեր։ Ես չգիտեի ով է, բայց որ իմանայի, չէի ասի»։

Եղբայրները պատմում են, որ Ժորա Մուրադյանը ծեծում էր նաև ճիպոտով, որը փայտ էր` վրան ռետին հագցրած։

Երբ եղբայրները տուն են գնում, տեսնում են այնտեղ ուրիշ մարդիկ են բնակվում։ Հետո ոստիկանները նրանց կրկին հետ են տանում։ Այս անգամ, սակայն, ծեծ չեն ուտում:

«Ես վնասված էի (պատուհանից ցատկելու հետևանքով), միլիցեքն էլ ասին` որ խփես, դատի կտանք։ Մուրադյանը արդեն վախեցել էր», պատմում է Ռոմանը։
Ü»ñϳÛáõÙë ¹åñáóáõÙ ëáíáñáÕ ïճݻñÝ ³ëáõÙ »Ý, áñ ³Ù»Ý ÇÝã É³í ¿

Ըստ Կուդաշին եղբայրների, Մուրադյանը ծեծելով ստիպում էր երեխաներին, որ միմյանց մատնեն:

«Շատ էր սիրում սրան-նրան հարցաքննել։ Մուրադյանը խիղճ չուներ, բռնում էնքան էր ծեծում, մինչև մարդ իրա վրա վեկալեր», ասում է Վասիլին։

Ռոմանը մի բառով բնութագրում է Մուրադյանին` սադիստ է։

Սակայն նա այնուամենայնիվ մի դրական բան է նշում դպրոցի մասին. սպառնալիքի տակ սովորում էր, այնտեղ գերազանցիկ է եղել։ Իսկ Վանաձորում էլ չի սովորում, քանի որ չսովորելու համար չեն պատժում։

Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանն ասում է, որ Կուդաշին եղբայրները իրենց լավ են պահում և այդտեղ գտնվելու ընթացքում ոչ մի պրոբլեմ չեն ստեղծել:

Տնօրենը

64-ամյա Ժորա Մուրադյանը 1980 թվից Նուբարաշենի դպրոցի և 1968 թվից Հանքավանի մանկապատանեկան «Հասմիկ» ճամբարի (նախկինում` պիոներական) տնօրենն է։

Մինչև անկախությունը Նուբարաշենի թիվ 18 դպրոցում սովորող երեխաների թիվը 15 հոգուց ավել չի եղել:

«Սովետի ժամանակ երեխային թղթախաղի մեջ բռնում, բերում էին այստեղ, - ասում է Ժորա Մուրադյանը, - բերում էին ծեծկռտուքի, դանակահարության համար։ Յառի հանցագործ երեխաներ, որ արդեն քրեական աշխարհի հետ շփված են եղել, երբևէ չեմ ունեցել»։

Այժմ դպրոցում ապրում և սովորում է 95 աշակերտ։ Հանցագործություն կատարածներ նրանց մեջ չկան։ Այս տարի առաջին անգամ ընդունվել են 6 աղջիկներ։

Դպրոցի տարածքը պարսպապատված է։ Մինչև բակ մտնելը պետք է անցնել պահակակետը։

Դպրոցի հետնամասում խնամված մրգատու այգին է և բանջարանոցը։ Մուրադյանը հիշում է, որ նախկինում` մինչև իր տնօրեն դառնալը, այստեղ ծիրանը չէր հասցնում հասնել, երեխաները թռցնում էին ցոգոլները։ Այժմ այգին հսկայական բերք է տալիս։

Շենքում իշխում է լռությունը։ Ինչպես տնօրենն է ասում. «Դրսից ներս ես մտնում` ամեն ինչ իդեալական է` մաքրությունից սկսած, կարգապահությունով վերջացրած»։

Տասնութ տարի առաջ վերանորոգված շենքում դասասենյակների պատերը միայն մի փոքր խունացած են, նրանց վրա որևէ բիծ չկա, նստարանները նույնպես մաքուր են, կարծես դրանց վրա թանաք չի օգտագործվել։ Դպրոցի բաղնիքը վերանորոգել է Հայ ավետարանչական եկեղեցին։ Հասարակական կազմակերպությունները կարող են միայն բարեգործական օգնություն ցույց տալ, այլ տիպի օգնությունները` հոգեբանական, մանկավարժական, սոցիալական, Մուրադյանը մերժում է։

Հերթական դասն ավարտվելուց հետո աշակերտները դասարանից դասարան գնում են շարքով։

«Ա'յ եղբայր, շարքը քեզ խանգարո՞ւմ է։ Ուրիշ տեղ զանգը հնչում է, երեխաները իրար գզում են, այստեղ զանգը հնչում է, ամեն երեխա շարք է կանգնում, գնում մյուս դասարան։ Վա՞տ տրադիցիա է», հռետորական հարց է տալիս Ժորա Մուրադյանը։

Դպրոցի աշխատակիցները չեն հաստատում, որ այստեղ բռնություններ են կիրառվում։

Դաստիարակության գծով տնօրենի տեղակալ Հայկանուշ Ջավախյանը, որը, ըստ Ստեփանի և Արայիկի, իրենց մշտապես ծեծում էր, ասում է, որ դպրոցում բացառված են բռնությունները.

«Ծնողներից մշտապես լսում ենք գովասանքի խոսքեր մեր դպրոցի մասին, նրանք տեսնում են երեխայի մոտ և' վարքագծի, և' ուսումնական, և' կարգապահական բավականին մեծ փոփոխություններ։ Ծեծ ընդհանրապես գոյություն չունի, ո՞նց կարելի է այս երեխաներին ծեծել»։

Նույնը պնդում է նաև Մուրադ Մուրադյանը.

«Իհարկե, ծեծ չկա, տեր Թոդիկի դպրոցում է եղել։ Ուղղակի միշտ երեխան պետք է զբաղված լինի որևէ բանով` դասերին` դասով, խաղին` խաղով, աշխատանքին` աշխատանքով։ Զորամասի հրամանատարը ասում է` զինվորը պոտենցիալ հանցագործ է, եթե ոչ մի բանով զբաղված չէ։ Երեխան էլ, որ որևէ բանով զբաղված չլինի, ուղեղը ուրիշ ուղղությամբ կաշխատի»։

Դպրոցը ռազմահայրենասիրական թեքում ունի։ Դասերից հետո գործում են խմբակներ` երկրապահ, ռազմագիտության, կարուձևի, կոշկակարության, երգի, նկարչության։

Գիշերային հերթապահ 21-ամյա Հրաչյա Մանուկյանը այս դպրոցի շրջանավարտ է: Դպրոցում կարգուկանոնի մասին նրա պատմությունը փոքր-ինչ տարբեր է.

«Էղել ա մի հատ ապտակ տվել եմ, բան չունեմ ասելու, ինձնից մեծն էլ ինձի ա տվել, իմ համար։ էտի իմ սխալի համար են ապտակել, զգացել եմ, որ մեղավոր եմ, ինձի հասել ա էդ մի հատ ապտակը։ Ավելի լավ ա ես մի հատ ապտակ ուտեմ, քանց թե ապագայում ճաղերի հետևը ընկնեմ, դուբինկայով ծեծ ուտեմ»։

Մանուկյանը չունի մասնագիտական կրթություն, սակայն դա նրան չի անհանգստացնում:
î³ïÝ ³ëáõÙ ¿, áñ ¹åñáóÁ ïճݻñÇÝ ¹³ñÓñ»É ¿ §ÇÝí³Éǹ¦

«Կարող ա դիպլոմ ունենան մարդիկ, բայց հոգով չունենան։ Մանկավարժական կրթություն արդեն քչից շատից ունենք, մեր դասատուներից ենք սովորել»։

Անձնակազմից յուրաքանչյուրը, երբ թվարկում է դպրոցի առավելությունները, չի մոռանում մի քանի անգամ նշել, որ այդ ամենը Մուրադյանի շնորհիվ է, որը, Ջավախյանի բնութագրմամբ, «մարդ է մեծատառով»։

Մուրադյանը ծեծը իր դաստիարակության հիմնական մեթոդ չի համարում։

«Երեխային ծեծելով կարո՞ղ ես պահել դպրոցում, - հարցնում է նա, - երեխային ծեծեցիր` քեզ չի հնազանդվի, չի ենթարկվի»։

Սակայն չի ժխտում, որ երբեմն կիրառում է ուժային մեթոդը.

«Ես առանց պատժելու երեխային չեմ կարող դաստիարակել։ Եթե երեխան այնպիսի արարք է կատարել, որ բոլորի զայրույթն է առաջացրել, ես էդ երեխային եթե մի հատ չապտակեմ, մյուսներին չեմ կարող դաստիարակել։ Դա տարվա մեջ մի անգամ կարող է լինել»։

Ինքն իրեն համարում է դաստիարակության կոշտ մեթոդների կողմնակից, պնդում է, որ պետք է լինել երեխայի նկատմամբ պահանջկոտ, խիստ,
միևնույն ժամանակ ուշադիր ու հոգատար։

Մուրադյանն ասում է, որ նոր ընդունվող երեխայից երեք բան է պահանջում. «Դու պետք է լավ սովորես, նայես` ընկերներդ ինչպիսին են, այդպիսի օրինակելի վարք դրսևորես, երրորդ` ինչ էլ որ արած լինես, գաս խոստովանես»։

Իսկ եթե որևէ մեկը չի խոստովանում, ըստ Մուրադյանի ընկերներն են ասում` գնա խոստովանիր, կամ իրենք են գալիս հայտնում տնօրենին.

«Փոքրերից մեկը պատը կեղտոտել էր, տեսնես ինչ էին անում այդ երեխային, ասում էին` ընկեր Մուրադյան, պատը կեղտոտել էր, հազիվ մաքրեցինք»։

Ըստ նրա, դպրոցում գործում են պատիժներ` նկատողություն, խիստ նկատողություն, որոշակի միջոցառումներից զրկում, օրինակ` թատրոն չտանել։

Պատիժներ

Դպրոցում սովորածները պատիժների այլ մեթոդների մասին են պատմում։ Եթե սնվելը միջոցառում համարվի, ապա Մուրադյանի և տղաների ասածները համընկնում են, քանի որ, ըստ նրանց, ամենատարածված պատժի ձևը սննդից զրկելն է:

Վասիլի. «Մի անգամ մի քանի հոգի աթոռները ճղել էին, քսան հոգու մի շաբաթ հացից զրկեցին։ Մի Արթուր ունեինք, սովածությունից պատ էր ուտում։ Դահլիճում պատի ծեփերը քանդեց կերավ։ Ախպերս հաց էր բերում, հաց ու ջրով էի սնվում»:

Ռոման. «Մի անգամ մեկը գիրք էր ճղել, ինձ ճաշից զրկեցին։ Օրը 4 անգամ էին կերակրում, ինձ` երկու։ Եղել է, որ դասը չսովորելու համար ամբողջ օրը հացից զրկել են»:

Ստեփան. «Ճաշի ժամանակ որ մեկը խոսեր դեմինի հետ, զրկում էին ճաշից։ Մատյան կար` դիմացը անբավարար էին դնում ու տենց ցելի օրը չէին թողնում հաց ուտի։ Ինձ շատ-շատ էին զրկում հացից։ Եթե լավ բան ունեի, հացի հետ փոխում էի` սպարտիվկա, շալվար։ Ութերից տղաներ կային, գնում ասում էին Մուրադյանին, որ հացի հետ շոր ենք փոխել, գալիս ծեծում էր։ Շատ անգամ Արայիկն էր հաց բերում։ Մի անգամ ընկերոջս զրկել էին, կուրտկայիս մեջ հաց էի լցրել տարել վերև։ Գիշերայինները էկան, որ ստուգեն բոլորիս գրպանները, կուրտկաս գցեցի կողքի պալատը։ Հաց չգտան, գնացին։ Հետո հացը տվի ընկերոջս, ասի` արագ կեր, կարող ա էլի գան ստուգեն։ Կերավ-պրծավ` էկան, տեսան գետնին փշուրներ։ Սաղ պալատը ծեծեցին»։

Մեկ այլ պատժաձև է մեկի արարքի համար բոլորին պատժելը կամ բոլորով մեկին պատժելը։

Մուրադյանը այլ կերպ է բացատրում խմբի կողմից պատժելը:

«Երեխաները իրենք չեն պատժում, նման բան գոյություն չունի։ Երեխան, եթե վատ արարք է կատարում, ասում են` պետք է գնաս, ինքդ ասես, եթե չէ, միևնույն է, մենք կասենք»։

Սակայն տղաներն ասում են, որ ինքնակամ ոչ ոք ոչ մեկին չի ցանկանում մատնել:

Ռոման. «Եթե մեկը խաբար էր տալիս, մենք էլ մի պռիչին էինք բռնում, ծեծում էինք, ասում էինք` դե գնա քո արածի համար էլ խաբար տուր, էլ չէր գնում։ Բայց միշտ չի, որ իմանում էինք, թե ով ա խաբար տվողը»:

Ստեփան. «Ամբողջ դպրոցի երեխաներին կանգնացնում էին երկու շարքով ու երեխային ասում` մեջով քայլի ու մեզ կարգադրում` խփեք ու թքեք վրաները։ Մենք էլ խփում էինք։ Եթե չխփեինք, մեզ էլ կանցկացնեին միջանցքով:
§Ð³ñóñ»ù »ñ»Ë³Ý»ñÇݦ, ³ëáõÙ ¿ ïÝûñ»ÝÁ

Արայիկ. «Մի անգամ անգիր էին տվել, չէի սովորել։ Մուրադյանը էկավ հարցրեց` ով ա ստացել երկու։ Մեկը ես էի։ Բոլորին շարք կանգնացրեց ու ինձ մեջով անցկացրեց, ու խփում էին։ Երբ հասա իրեն, խփեց փորիս, ոտիս ու վզիս ու ամբողջ օրով զրկեց ճաշից»։

Տղաներն ասում են, որ Մուրադյանը ուներ «բոլորը մեկի և մեկը բոլորի համար» նշանաբանը, որը կիրառում էր խմբակային պատիժների համար:

Վասիլի. «Գիշերը 12-ին, 1-ին որ մեկը խոսում էր սենյակում, վեր էին կացնում, սաղին շարում ու սաղին ծեծում էին։ Վախտ էր լինում, էդ մի խոսացող էրեխային կանգնացնում էին, սաղ շարքով` 80 հոգով, ծեծում էին։ Որ չծեծեինք, մեզ կծեծեին։ Մի անգամ շարքը շարել էին, մեկին սաղս խփեցինք, մի Պիսարև Իգր ունեինք, եկավ իրա հերթը, ինքը չխփեց։ Ասին` որ չխփես, քեզ ավելի բեթար ենք ծեծելու։ Ու չխփեց, տենց տարան գեշ ծեծեցին»:

Ռոման. «Որ էրեխա էր փախչում, գիշերվա 1-ին արթնացնում ու հարցնում էին` ո՞վ գիտի ոնց ա փախել, ու մեզ սկսում էին ծեծել։ Մի Հակոբյան Լյովա կար, ինքը աշխատանքի ուսուցում էր տալիս, համ էլ գիշերային էր, պատուհանը բացում էր, մեզ հանվացնում ու տկլոր կանգնացնում, որ մրսենք։ Հետո փետը թրջում էր ու ծեծում»:

Սաֆարյան եղբայրները պատմում են մեկ այլ ընդունված պատժաձևի մասին` կարցեր, պատժախուց գցելը։ 15-ամյա մի տղա, որը վախենում է ասել իր անունը, պատմում է, որ մի ամբողջ օր անցկացրել է պատժախցում ու երազում է տեսնել, թե ինչպես են պատժախցում ծեծում Մուրադյանին։

Փախուստներ

Ժորա Մուրադյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին միայն երկու անգամ են երեխաները փախել դպրոցից։ Սակայն երեխաները պատմում են, որ հաճախ էին լինում փախուստներ, երբեմն խմբով` յոթ-ութ հոգով։

Ըստ նախկին աշակերտների, փախուստների համար սահմանված պատիժներն ամենադաժանն են: Գիշերայինները միզում էին հաճախ³ÏÇ փախչողների վրա: Այդուհանդերձ երեխաները փախչում են։

Իսկ փախչելուց վախեցողները այլ ելք էին փնտրում։

Լևոն անունով մի տղա կար, որն ուներ արհեստական աչք: Նա դուրս է հանել այն, դրել դռան փեղկի տակ, որ ջարդվի ու իրեն տուն ուղարկեն։ Սակայն դա նրան չի հաջողվել, աչքը պինդ է եղել, փոխարենը մտահղացման համար արժանացել է ծեծի։

15-ամյա տղաներից մեկը կույր աղիքի կեղծ նոպա է ձևացրել, որ դպրոցից ազատվի։ Նրան հիվանդանոցում վիրահատել են ու կրկին դպրոց բերել:

Դպրոցում նա կույր աղիքի կարերը քանդել է, արյուն բերել վրան, ավազ լցրել, որ ինֆեկցիա անցնի, թարախակալվի։ Այդպես էլ լինում է, տանում են հիվանդանոց, այնտեղից այս անգամ փախչում է։

Ավելի տանելի էին պայմանները «Հասմիկ» Ճամբարում, որտեղ իրենց հետ բազմաթիվ այլ երեխաներ էին հանգստանում։ Բայց ոմանք փորձում էին փախչել ճամբարից և ենթարկվում էին ամենադաժան ծեծի:

Ռոման. «Ճամբարից որ էրեխա էր փախչում, բերում ծառից կապում էր գետի կողը, պլետը թրջում ու ծեծում»:

Տղաները պատմում են, թե ինչպես Հայկ անունով մեկը փախել էր, սակայն Մուրադյանը մեքենայով գնացել Հրազդանում բռնել էր, բերել գետի մոտ կապել, մերկացրել ու թաց ճիպոտով ծեծել: Ինչպես տղաներից մեկն է պատմում, «գցել էր բագաժնիկը բերել, լադոկներից գլուխը ուռել էր»։

«ԱրմենիաՆաուն» հաղորդեց բոլոր մեղադրանքները Ժորա Մուրադյանին:

«Երեխաներին հարցրեք», ասում է Մուրադյանը և ցույց է տալիս 14-ամյա Շահինյան Ռոբերտի` մորը գրած նամակը.

«Մայրի'կ ջան, դու կարող ես ինձ մոտ չգաս, ես այստեղ ամեն ինչով ապահով եմ, իմ գլխին նայող կա, ու ես գիտեմ` ընկեր Մուրադյանը իմ տեղը կգտնի, որովհետև նա իմ հայրն է… Մայրի'կ ջան, ես քեզ շատ եմ սիրում, բայց մի քիչ քեզնից շատ ընկեր Մուրադյանին եմ սիրում»։

Դպրոցից դուրս եկած տղաները «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նախապես զգուշացնում են, որ ներսում, եթե երեխաներին հարցնեն` գո՞հ են արդյոք իրենք դպրոցից, կպատասխանեն` շատ գոհ են, քանի որ վախենում են ճշմարտությունը ասել։ Եվ եթե իրենք էլ լինեին դպրոցում, նույնը կասեին, քանի որ հակառակ դեպքում իրենց կսպառնար պատիժների ցանկը։

Դպրոցում հնարավոր չէ գտնել մի աշակերտ, որ որևէ թերություն ասի։ Բոլորը կրկնում են. «Շատ լավ է դպրոցում, ամեն ինչ լավ է, վատ բան չունենք դպրոցից»։

Կուդաշին եղբայրները մանկատան տնօրենի հետ Երևանում շուկայում առևտուր անելիս տեսել են իրենց դպրոցական ընկերոջը. «Նա ասում էր, որ ձև է փնտրում պրծնել դպրոցից, էլ չի դիմանում»։ Նույն տղան դպրոցում անգիր ասում է. «Ոչ մի դժգոհություն չունեմ, ամեն ինչ շատ լավ է»։

Ծնողներ

Մուրադյանը վստահեցնում է, որ ծնողները իրենց զավակների հետ երբ ուզեն, կարող են հանդիպել։ Սակայն լինում են դեպքեր, երբ ինքը թույլ չի տալիս հանդիպել:

«Երեխայի մոտ ծնողը հարբած եկել է, երեխան կաբինետս բացում, ներս է մտնում, թե` մամաս հարբած եկել է, ես չեմ ուզում, որ երեխեքը իմանան։ Ի՞նչ կանեք»։

Սակայն Հռիփսիմե Սաֆարյանն ասում է, որ հենց առաջին օրը իրեն չի թողել, որ երեխաներին հանդիպի, թեև ոչ խմած է եղել, ոչ թմրանյութ օգտագործած.

«Երբ առաջին անգամ գնացի, որ երեխաներին տեսնեմ, ասեց` մինչև դու չուղղվես, էրեխեքին չես տեսնի, - պատմում է նա: - Չհասկացա, ուղղվելը ո՞րն է։

«Այդպես մի շաբաթ գնում էի ու լացելով հետ գալիս, չէր թողնում, որ իմ էրեխեքին տեսնեմ, գոնե համոզվելու համար, որ էնտեղ են։ Մի օր էլ չդիմացա, աղմուկ բարձրացրի. ինչն է պատճառը, որ էրեխեքին չեք թողնում տեսնեմ։ Ասեց` մենք չենք թողնում երեխաներին հանդիպել այն ծնողներին, որոնք հարբեցող ու նարկաման են։ Ասեցի` կնստեմ ստեղ, թող բժիշկը գա, ինձ լավ զննի. եթե իմ մեջ ալկոհոլ կամ նարկոտիկ գտան, էրեխեքիցս հրաժարվում եմ, եթե չէ, դու պատասխան կտաս։ Էդտեղ փափկեց»։ Մի տղայի մայրը ասում է, որ ինքը երկու շաբաթը մեկ գնում էր որդուն տեսության, սակայն տնօրենը ասել է` շուտ-շուտ ես գալիս, էդպես չի կարելի, և ինքը սկսել է ամիսը մեկ այցելել։ Երեխաներից մեկն էլ ասում է, որ ծնողներին 3-5 ամիս շարունակ չէր տեսնում։

Մուրադյանը խոստովանում է, որ որոշ երեխաների թույլ չի տալիս տուն գնալ, քանի որ կարող է ճանապարհին գողություն անեն։

Գիտության և կրթության նախարարությունում տեղյակ են, թե ինչ պատժիչ հաստատություն է Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցը, քանի որ մի քանի ծնողներ բողոքել են նախարարությանը։ Գիտեն, որ տնօրենը երեխաներին բռնի դպրոցում պահում է կամ թույլ չի տալիս այցելել ծնողներին, որի իրավունքը չունի։ Սակայն տարիներ շարունակ ոչ մի նախարար ստուգումներ չի ձեռնարկել պարզելու համար, թե ինչ կարգեր են հաստատված դպրոցում։

Նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը (ազգակցական կապ չունի մյուսների հետ) ասում է, որ ինքը լսել է բռնությունների մասին, բայց «պաշտոնապես» տեղյակ չէ։ Բացի այդ նա ասում է` նախ պետք է որոշել, թե ինչ է բռնությունը:

«Ապտակը նախկին քրեական օրենսգրքով բռնություն չէր համարվում»։

Կառավարությունը չի սահմանել դաստիարակչական ստանդարտներ դպրոցներում: Հետևաբար ամեն դպրոցի տնօրեն սեփական մեթոդն է կիրառում երեխաներին դաստիարակելու համար։ Ըստ Անահիտ Մուրադյանի բնական է, որ տարբեր հաստատություններում տարբեր մեթոդներ են կիրառվում: Նա ընդունում է, որ պետք է լինի նաև Նուբարաշենի տիպի դպրոց:

«Աշխարհում կան բազմաթիվ մանկավարժական մեթոդներ, - ասում է նա: - Ո՞վ ասեց, որ ամբողջ Հայաստանը մի մեթոդով պիտի աշխատի»։

Անահիտ Մուրադյանը արդյունավետ է համարում, երբ Նուբարաշենում խմբով աշակերտները որևէ արարքի համար մի ուրիշ աշակերտի պատժում են։ Սակայն ընդունում է, որ մեթոդը կիրառելիս երեխայի իրավունքները և ազատությունը չպիտի սահմանափակվեն։

Անահիտ Մուրադյանը ասում է, որ շատ տնօրեններ համարում են իրենց աշակերտների խնմակալներ: Նրա հավաստմամբ նախկինում տնօրենները համարվում էին ոչ միայն նման երեխաների ուսուցիչները, այլ նաև խնամակալները և կիրառում էին երեխաների դաստիարակության անհատական մեթոդներ:

«Այժմ ոչ մի դպրոցի տնօրեն իրավունք չունի փոխարինել ծնողին, - ասում է նա։ - Ուսումնական հաստատությունը օգնում է ծնողին միայն երեխայի կրթության կազմակերպման հարցերում, և երբեմն այդ ժամանակ անհրաժեշտություն է լինում նաև խնամքի ծառայություններ մատուցել։ Ըստ օրենսդրության երեխայի մասին որոշում կայացնելու իրավունքը մնում է ծնողին»։
îճݻñÝ ³ëáõÙ »Ý, áñ ïÝûñ»ÝÇ áñ¹ÇÝ` Øáõñ³¹ Øáõñ³¹Û³ÝÁ, ËÇëï ϳñ·áõϳÝáÝÇ ÏáÕÙ³ÝÏÇó ¿

Այժմ Հայաստանում 52 հատուկ կրթական հաստատություն կա, որտեղ 11 հազար երեխաներ են սովորում և ապրում։ Հաստատություննե-
րից 26-ը որբ և ծնողական խնամքից զուրկ երեխաների համար են։

Վերջին տարիներին Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնը ութ երեխա է ուղարկել Նուբարաշեն: Հետագայում երկուսը հանցագործություն են կատարել և ուղարկվել են բանտ (կենտրոնը զբաղվում է կյանքի համար վտանգավոր պայմաններում ապրող 3-ից 18 տարեկան երեխաներով: 3-5 ամիս հետո երեխաներին ուղարկում են տարբեր կրթական հաստատություններ):

«Հատուկ դպրոց ուղարկված երեխաների տեսակը փոխվել է վերջին 10 տարիներում, - ասում է կենտրոնի հոգեբան Կարեն Հարությունյանը: - 90-ականներին կային երեխաների որոշակի հակասոցիալական խմբեր, որոնք հիմնականում զբաղվում էին գողությամբ: Նրանք ուղարկվում էին հատուկ ¹³ëïdzñ³ÏÇã դպրոցներ»:

Սակայն Հարությունյանը նշում է, որ վերջին երեք տարում փողոցային երեխաները հիմնականում սոցիալական ծանր պայմաններից դրդված են փողոց դուրս եկել, և ոչ թե հանցագործություններ կատարելու նպատակով: Մինչդեռ հատուկ դպրոցների աշխատակազմերը չեն փոխել մեթոդները իրենց ենթակայության տակ հայտնվող երեխաների նϳïٳٵ, որոնք այլևս նախկին «հանցագործ» հակումներ ունեցողները չեն:

«Եթե սոցիալական ծանր պայմաններում հայտնված երեխաները ենթարկվում են բռնության, - ասում է հոգեբանը, - ապա թերևս դրանք սադիստական մղումներ են: Ես համոզված եմ, որ Նուբարաշենի ամբողջ աշխատակազմը չի կարող ունենալ սադիստական մղումներ: Այնուամենայնիվ, եթե նախկինում կիրառվող մեթոդները դեռ գործում են, ապա այդ աշխատակազմի անդամները այնքան են կտրված արտաքին աշխարհից, որ պոկ չեն գալիս «քրեական» երեխաների համար Çñ»Ýó նախատեսած մեթոդներից»:

Հարությունյանն ասում է, որ այցելել է թիվ 18 հատուկ դպրոցը վերջին երեք տարիների ընթացքում և որ, անգամ մասնավոր զրույցի ժամանակ, ոչ մի երեխա ոչինչ չի ասել կեղեքումների մասին: Միևնույն ժամանակ նա հանդիպել է թիվ 18 դպրոցի նախկին աշակերտների, որոնք դպրոցը հիշում են որպես ծանր ապրումների և փորձությունների ժամանակաշրջան:

Նա ասում է, որ լսել է ծնողների այցելության իրավունքի ոտնահարման բացատրությունները:

«Եթե երեխայի մեջ սպանում ենք ծնողին, ապա նրա մեջ առաջանում է այդ զրկանքի դեմ ընդվզելու բուռն ցանկություն, որը կարող է դրսևորվել խուլիգանությամբ, տխրությամբ, հուսահատությամբ, փախուստի մշտական ցանկությամբ։

«Միևնույն ժամանակ ես կուզեի հայտնել բոլորին, նամանավանդ իրավապաշտպաններին, որ անհնարին է օգնել երեխաներին լուծելու իրենց էմոցիոնալ խնդիրները և հաղթահարելու բոլոր դժվարությունները միայն երեխաների իրավունքների պաշտպանության կոչերով: Այս հաստատություններին նաև պետք են լավ հոգեբան մասնագետներ, որոնք կնպաստեն երեխաների խնդիրների լուծմանը»:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

  Inside
 

Shaky Prediction: Statement by seismologist draws alarm, criticism

Full story

 
 
 
 

The Naghdalyan Case: Verdict of first court stands

Full story

 
 
 
Joint Forces: Regional organizations meet for cooperation in civil societies

Full story


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Dancing on Strings

The recently renovated Opera House hosted a ballet performance based on Aram Khachatryan's "Concert for Violin" last weekend. It was the first time the piece has been accompanied by dance.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.