 |
Վարդերի
հեղափոխության
առաջնորդն
այժմ Վրաստանի
առաջնորդն
է
|
Նոյեմբերի թավշյա հեղափոխությունը Վրաստանում պսակվեց
հունվարի 4-ի ընտրություններով, երբ Միխայիլ Սահակաշվիլին
մեծ առավելությամբ հաղթանակի հասավ՝ հավաքելով ձայների
96 տոկոսը և դառնալով Հայաստանից հյուսիս ընկած
հարևան երկրի նախագահը:
Իր առաջին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ
36-ամյա Սահակաշվիլին խոստացավ ապահովել երկրի զարգացումն
ու բարգավաճումը՝ հանրապետությունը դուրս հանելով
այն վիճակից, որում այն հայտնվել էր նախկին նախագահ
Էդուարդ Շևարդնաձեի և նրա ընտանիքի պատճառով:
Հայաստանը ողջունեց Վրաստանի ընտրությունները
նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձով.
«Ես վստահ եմ, որ ավանդական բարեկամական հարաբերությունները
մեր ժողովուրդների և երկրների միջև ավելի կամրապնդվեն
և կզարգանան փոխադարձ վստահության և համագործակցության
ոգովե:
Մինչ Սահակաշվիլին երդում է տալիս և շնորհավորական
ուղերձներ է ընդունում, հայ և միջազգային վերլուծաբաններն
իրենց մեկնաբանություններն են անում Վրաստանում
կայացած ընտրությունների մասին և գնահատում են Սահակաշվիլուն՝
որպես քաղաքական գործչի:
Հայաստանի ազգային անվտանգության կուսակցության
ղեկավար Գառնիկ Իսագուլյանը Սահակաշվիլուն բնութագրում
է որպես «բավականին էմոցիոնալ և արմատական քաղաքական
գործչիե:
«Դեռ վաղ է որևէ կոնկրետ գնահատական տալ, - ասում
է Իսագուլյանը: - Սահակաշվիլին ժառանգել է մի երկիր
քայքայված տնտեսությամբ և բարդ արտաքին ու ներքին
քաղաքականությամբ, ներառյալ երկրի ազգային փոքրամասնությունների
էթնիկական պրոբլեմներըե:
Սահակաշվիլին սովորել է ՈՒկրաինայում, Ֆրանսիայում
և ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում (իրավաբանություն),
ապա աշխատանքի է անցել Նյու Յորքի իրավաբանական
գործակալություններից մեկում:
2000 թվականին Սահակաշվիլին նշանակվել է Վրաստանի
արդարադատության նախարար և հրաժարական է տվել մեկ
տարի հետո: Նա դուրս է եկել նախագահամետ «Վրաստանի
քաղաքացիների միությունե կուսակցությունից և հիմնադրել
է Միացյալ ազգային շարժումը, որը հաղթանակ տարավ
նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում:
Սահակաշվիլին ղեկավարում էր այսպես կոչված «վարդերի
հեղափոխությունըե, որը տապալեց Շևարդնաձեին, երբ
Սահակաշվիլին իր հետևորդների հետ ներխուժեց Վրաստանի
խորհրդարան Շևարդնաձեի ելույթի պահին:
Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական
կենտրոնի վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը գտնում է,
որ դրանով Վրաստանը բեկում առաջ բերեց ամբողջ կովկասյան
տարածաշրջանում՝ ցուցադրելով ժողովրդավարության
հաղթանակը իշխանության տապալման միջոցով:
«Նախընտրական իրավիճակը բոլոր երեք երկրներում
(նաև Հայաստանում և Ադրբեջանում) միանման էր. կար
իշխանամետ թեկնածու և ուժեղ ընդդիմություն: Սակայն
միայն Վրաստանում հաջողվեց պարտության մատնել ավտորիտար
վարչակարգըե, ասում է Սաֆարյանը:
«Կան մի քանի բացատրություններ, թե ինչու դա տեղի
ունեցավ Վրաստանում: Ընդդիմությունն այնտեղ ավելի
կարգապահ չէր, քան Հայաստանում, բայց այն փաստը,
որ Սահակաշվիլուն սատարում էր
արևմուտքը, շատ կարևոր էրե:
Լրատվության կովկասյան ինստիտուտի հետազոտական
խմբի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ
Սահակաշվիլու հաղթանակը մեծապես պայմանավորված է
վրացիների խանդավառությամբ, որոնք քվեարկեցին ոչ
թե հօգուտ Սահակաշվիլու, այլ ավելի շուտ ընդդեմ
նախկին վարչակարգի:
«Հայաստանում նույն իրավիճակն էր 1991 թվականին,
երբ հայերը քվեարկեցին հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի՝
այդպիսով ցույց տալով իրենց պատրաստակամությունը
ազատվելու նախկին վարչակարգից: Եվ Սահակաշվիլին
էլ իր նախընտրական պլատֆորմը ուղղել էր Շևարդնաձեի
դեմ: Ես կարծում եմ, որ Սահակաշվիլու ստացած քվեների
96 տոկոսը ժողովրդավարական ընտրությունների ցուցանիշ
չէ: Իրականում մարդիկ պարզապես այլընտրանք չունեին:
Ես կարծում եմ, որ ոչ մի զարգացած երկրում ընտրողների
96 տոկոսը չէր տա իր քվեները մի թեկնածուի, որին
լավ չի ճանաչումե:
Իսկանդարյանի կարծիքով Սահակաշվիլուն նախագահ
դարձրած 96 տոկոսը նաև պայմանավորված է Վրաստանի
ընտրական օրենսդրությամբ, որը մշակել է ԱՄՆ-ի նախկին
պետքարտուղար Ջեյմս Բեյքերը: Այդ ընտրական օրենսդրությամբ
ընտրական հանձնաժողովը նշանակվում է նախագահի և
ընդդիմության կողմից, իսկ Վրաստանի ընտրություններում
դա նույն ուժն էր:
Նախկին նախագահ Շևարդնաձեն, նշելով Սահակաշվիլու
փորձի պակասը, միաժամանակ հայտնել է, որ ինքը պատրաստ
է օգնելու Վրաստանի նոր նախագահին իր խորհուրդներով:
Նա ասել է, որ ինքը քվեարկել է Սահակաշվիլու օգտին,
որին գնահատում է որպես հմուտ և նախաձեռնող գործչի:
|