Մարդիկ այնքան են սովորել Հայաստանից եկող վատ լուրերին, որ շատ հեշտ է աչքաթող անել կամ թերագնահատել լավերը: Այնպես որ ձեզ եմ ներկայացնում ուրախ լինելու պատճառների մի ամբողջ ցուցակ:
Մոտ մեկ տասնամյակ առաջ կարելի էր ոտքով անցնել Բաղրամյանով կամ Պրոսպեկտով ու երկար ժամանակ ոչ մի մեքենա չտեսնել էներգետիկական ճգնաժամի պատճառով: Այժմ երկու փողոցներում էլ խցաններ են լինում, ինչն էլի նշանակում է, որ կարելի է երկար քայլել և ոչ մի մեքենա չտեսնել:
Այն տարիներին լավ մեքենան «Ժիգուլին» էր, որ սարքել էին իտալացիները, իսկ Սովետը շարունակում էր արտադրել: Այսօր քաղաքը խոսում է «Ռոլս ռոյս ֆանտոմ»-ի մասին, որ հենց նոր գնել է հայ օլիգարխներից մեկը մի այնպիսի գնով, որը հեռախոսի համար կհիշեցներ, եթե մի քանի թիվ պակաս լիներ: «ԲեԷմՎե»-ները Երևանում սովորական երևույթ են:
Եթե մեկ տասնամյակ առաջ մտնեիր որևէ խանութ, ապա կտեսնեիր առավելապես դատարկ դարակներ: Այժմ ամեն օր նոր խանութներ են բացվում, որոնք առաջարկում են գլխախտույտ առաջացնող բազմազանությամբ ապրանքներ, և եթե որևէ տեղ դատարկ դարակ տեսնես, ապա դա պարզապես ձևավորման հնարք է:
Այդ խանութները կան, քանի որ շատերը դրանցում գնումներ անելու փող ունեն: Վաղը Վալենտինի օրն է, և ծաղկավաճառներն աշխույժ առևտուր են անում, թեև մի վարդն արժե 4,5 դոլար (ես ականտես եղա, թե ինչպես մի հաճախորդ առանց աչքը թարթելու 90 դոլար վճարեց 20 վարդերի փնջի համար):
Մի տասնամյակ առաջ մարդիկ հացի հերթ էին կանգնում, և երբ հացը վերջանում էր, քաշքշոց էր լինում, որ հարթում էին ոստիկանները: Այսօր, եթե ունես փող ու ցանկություն, կարող ես ամեն օր ճաշել տարբեր ռեստորաններում՝ ճապոնական, թաիլանդական, մեքսիկական, հնդկական խոհանոցով: Այստեղ դրանք արդեն կան և՝ բավական բարձր կարգի:
Եթե Երևանում ճաշի սեղանի շուրջ հավաքվեն միջին դասի պատկանող մի խումբ հայեր, ապա շատ չանցած, ճիշտ ինչպես Լոնդոնում կամ Նյու Յորքում, խոսակցության թեման կդառնան տների աճող գները: Այս շաբաթ տեղական թերթերից մեկում 100000 դոլարով վաճառվող տան մի հայտարարություն կար, և պարզվեց, որ ես միակն եմ, որին դա ապշեցրեց:
Սա երկկողմանի սուր է. մեկի հարստության աճը մյուսի համար բնակտարածքի պրոբլեմ է, սակայն գոնե թղթի վրա այսօր մայրաքաղաքի բնակիչների մեծ մասն ավելի հարուստ է, քան մեկ տարի առաջ, և շատ ավելի հարուստ, քան մեկ տասնամյակ առաջ:
Բջջային հեռախոսնե՞րը: Գանգատները (հաճախ արդարացի) ծառայության որակի մասին են, և ոչ թե դրանց բացակայության: Այլևս ոչ ոք չի հիշում Հայաստանը բ.հ.ա. (բջջային հեռախոսներից առաջ): Ինտերնետն այստեղ նույնպիսի ապրելակերպ է, ինչպես ցանկացած այլ երկրում, իսկ էլփոստի դյուրությունը հատուկ իմաստ է ստանում մի երկրում, որտեղ քո ամենահարազատ մարդիկ կարող են ցրված լինել աշխարհով մեկ:
Վերոհիշյալը չի ստվերում այն թշվառ չքավորությունը, որում շարունակում են ապրել այդքան շատերը Հայաստանում: Հարուստների և աղքատների միջև եղած կտրուկ ջրբաժանը աչք ծակող է արևմուտքի բնակչի համար, սակայն բնավ անսովոր չէ աշխարհի մեծ մասի արագ զարգացող երկրների համար: Մի տնտեսության մեջ, որն ընդհանուր առմամբ անկարող է ապահովելու արտադրանքի այնպիսի մակարդակ, որը կարող է կանխել տառապանքները, կաշառախտը միայն մասնակիորեն է բացատրում այդ երևույթը:
Հայաստանը, ընդհանուր առմամբ, աստիճանաբար վերածվում է նորմալ երկրի իր անկախացման երկրորդ տասնամյակում: Այն բախվում է ինչպես նյութական հաջողության պրոբլեմների հետ՝ չափազանց շատ ավտոմեքենաներ, բջջային հեռախոսացանցի անբավարար հզորություն, սեփական բնակտարածքի աճող գներ, այնպես էլ զարգացման մարտահրավերների հետ՝ բուժսպասարկման անբավարար մակարդակ, հնացած կրթական համակարգ և համատարած սոցիալական դժվարություններ:
Պատերազմի և տնտեսական փլուզման հողմապտույտում հայտնված Հայաստանի բնակիչները մեկ տասնամյակ առաջ երջանիկ կլինեին նման ապագայի արժանանալու: Եթե նրանք այսօր երջանիկ չեն, ապա պատճառն այն է, որ նրանց ակնկալիքներն աճել են կենսամակարդակի աճման հետ: Իսկ դա ևս մեկ պատճառ է ուրախության համար:
|