Հավաքելով իրենց ողջ ունեցվածքը մի քանի պայուսակների մեջ՝ 92 հայեր թողել են իրենց հարազատ տները ու վերադարձել հայրենիք:
Հայաստանի այս քաղաքացիները, այդ թվում՝ 32 երեխա, ինքնաթիռով հայրենադարձվել են Թուրքմենստանից, որտեղ հինգ տարի առաջ ընդունված օրենքը նրանց դարձրել էր անօրինական բնակիչներ: Երևանը փետրվարի առաջին գիշերը նրանց դիմավորեց ցուրտ եղանակով և լավ կյանքի փոքր հույսերով:
«Որտե՞ղ է իմ հայրենիքը: Ես ապրել են Թուրքմենստանում 30 տարի ու 30 տարի էլ ապրել եմ Հայաստանում: ՈՒրեմն ո՞րն է իմ հայրենիքը», ասում է հայրենադարձվածներից մեկը՝ 61-ամյա Յուրի Ալեքսանյանը:
1999 թվականի հունիսին Թուրքմենստանը վիզային ռեժիմ մտցրեց ԱՊՀ բոլոր երկրների համար: Երկրի այլազգի ներկայացուցիչները մի գիշերվա ընթացքում դարձան անօրինական բնակիչներ և հայտնվեցին հուսահատ վիճակում:
«Թուրքմենստանում իրենց կարգավիճակը օրինականացնելու համար նրանք պետք է վճարեին առնվազն 3000 դոլար, - ասում է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության ծրագրերի ղեկավար Կարեն Ասատրյանը: - Միակ այլընտրանքը հայրենիք վերադառնալն էր, սակայն դրա համար փող նրանք չունեին»:
Թեև հայրենադարձվածները հայտարարագիր են ստորագրել կամավոր վերադառնալու մասին՝ որպես Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) օգնությունը ստանալու պայման, նրանք Թուրքմենստանից մեկնել են հարկադրաբար: Զրկվելով օրինական կարգավիճակից՝ նրանք չեն կարողացել աշխատանք գտնել և ապահովել իրենց ընտանքիները նորմալ ապրուստի միջոցներով: Նրանք նաև ստիպված են եղել բնակարան վարձել, քանի որ զրկվել են սեփական բնակարան ունենալու իրավունքից:
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատան խորհրդական Գարրի Իսրայելյանն ավելացնում է. «Նրանց երեխաներն այնտեղ ապագա չունեն, քանի որ չեն կարող կրթություն ստանալ այդ երկրում»:
«Իմ ամուսինը բավականին երկար ժամանակ գործազուրկ է, չի կարողանում աշխատանք գտնել, - ասում է 38-ամյա հայրենադարձված Սմելա Իսրայելյանը: - Ես ստիպված էի առևտրով զբաղվել ընտանիքս կերակրելու համար: Մենք չորս երեխա ունենք: Տանը հաճախ նույնիսկ հաց չէր լինում»:
Որոշ հայրենադարձվածների խոսքերով տեղական իշխանությունները ճնշում էին իրենց՝ օգտվելով օրինական կարգավիճակի բացակայությունից: 29-ամյա Ամալյան, որը խնդրեց չհայտնել իր լրիվ անունը, 2000 թվականից առանց վիզայի ապրել է Թուրքմենստանի Կրասնովոդսկ քաղաքում: Նրա հավաստմամաբ նոր վիզային համակարգի ներդրումից հետո ոստիկանները ստուգումներ էին անում և եթե գտնում էին առանց վիզայի մարդկանց, ապա «պարզապես դուրս էին նետում» նրանց իրենց բնակարաններից:
«Ստուգումները դադարեցին, միայն երբ Հայաստանի դեսպանությունը պաշտպան կանգնեց մեզ», ավելացնում է Ամալյան:
Ամալյան ասում է, որ իր ամուսինը՝ Սարգիսը, ավտոմեխանիկ է և ստիպված էր «անվճար նորոգել մեքենաները, միայն թե իրենց ձեռք չտան: Մեզ հաճախ կանչում էին Կրասոնվոդսկի քաղաքապետարան, հանգիստ թողեցին, միայն երբ իմացան, որ մեկնում ենք»:
 |
Հայրենադարձվածների մեջ 32 երեխա կա
|
Հայրենադարձվածներից շատերը Թուրքմենստանում են թողել իրենց երեխաներին, ամուսիններին կամ կանանց: 34-ամյա Վալերա Բաբայանը, որն աշխատում էր Աշխաբադի գերեզմանոցում, ասում է, որ իր կինն ու երկու ամսական երեխան մնացել են այնտեղ: Նա ասում է, որ չգիտե, թե ինչ անի հիմա:
«Իմ կինը Թուրքմենստանի քաղաքացիություն ունի, եթե նրան Հայաստան բերեմ, նա այստեղ կունենա նույն կարգավիճակը, ինչ ես՝ այնտեղ»:
44-ամյա Նարինեն Հայաստան է եկել 16-ամյա դստեր հետ՝ Թուրքմենստանում թողնելով ամուսնուն և որդուն, որոնք քաղաքացիություն ունեն: Երևանում նրան դիմավորել է հայրը, որն ապրում է Գորիսում, և որին նա չի տեսել գրեթե 10 տարի:
«Քանի որ խորհրդային անձնագիր ունեմ, հույս ունեմ այստեղ նոր հայկական անձնագիր ստանալու ու հրավերով վերադառնալու իմ ընտանիքի մոտ», ասում է Նարինեն:
Գարրի Իսրայելյանի հավաստմամբ Հայաստան վերադարձվածների մեծ մասը մեկնել են 1992-1993 թվականներին պատերազմի և տնտեսական փլուզման պատճառով:
«Կան մարդիկ, որոնք Թուրքմենստան են եկել վիզային համակարգի ներդրումից հետո, սակայն չեն երկարացրել իրենց վիզաները: Ոմանք պարզապես փող չեն ուենցել, մյուսները՝ ցանկություն», ասում է Աշխաբադում ՄՄԿ-ի ներկայացուցիչ Շիրին Թոյչիևան: Նրա հավաստմամբ Թուրքմենստանում դեռ կան ևս մոտ 300 ապօրինաբար բնակվող Հայաստանի քաղաքացիներ:
1989 թվականին անցկացված խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով Թուրքմենստանում բնակվում էր 40000 հայ:
«Փող ու բիզնես ունեցողներից շատերը մեկնել են, - ասում է դեսպանատան խորհրդական Իսրայելյանը: - Բիզնեսն ազատություն է սիրում: Այնտեղ հավանաբար 25-30 հազար հայ է մնացել (օրինական կարգավիճակով)»:
Հայ քաղաքացիների վերաբնակեցման ակցիան իրականացրել են Աշխաբադում ՄՄԿ-ի ներկայացուցչությունը և Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունը Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների կառավարությունների աջակցությամբ, որոնք այդ նպատակով հատկացրել են 43000 դոլար: ՄՄԿ-ն և դեսպանությունը փորձում են լրացուցիչ միջոցներ հայթայթել, որպեսզի կազմակերպեն առնվազն ևս մեկ թռիչք նրանց համար, ովքեր շարունակում են մնալ Թուրքմենստանում անօրինական կարգավիճակով:
Հայաստան ժամանելով՝ հայրենադարձվածները նպաստ են ստանում՝ 100-ական դոլար մեծահասակների և 50-ական դոլար երեխաների համար: Նրանց մեծ մասն այստեղ այլևս տուն չունի և տեղավորվում է հարազատների մոտ Գորիսում, Սիսիանում, Աբովյանում ու Երևանում: Նրանք ստիպված կլինեն սեփական ուժերով աշխատանք գտնել և նորից դասավորել իրենց կյանքը: Նրանք նաև ստիպված կլինեն որոշակի ծախսեր անել հայկական անձնագիր ստանալու համար:
«Առանձնապես դժվար է հայրենադարձված Իսրայելյանների ընտանիքի վիճակը, - ասում է Կարեն Ասատրյանը: - Մինչև 1992 թվականին Թուրքմենստան մեկնելը նրանք ապրել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում: Պատերազմական գործողությունների ընթացքում նրանց տունը ամբողջությամբ ավերվել է, և այժմ նրանք չեն կարող վերադառնալ այնտեղ: Նրանք չունեն Հայաստանի քաղաքացիություն, քանի որ նրանց հին խորհրդային անձնագրերում նշված է, որ Ադրբեջանի քաղաքացիներ են»:
Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող է լինել երկար ու դժվար: Սմելա Իսրայելյանը հուսահատ ձայնով ասում է. «Ես պարզապես չգիտեմ, թե ինչ անեմ: Կարծում էի, ընտանիքով կգանք Հայաստան, ու ամեն ինչ կկարգավորվի, բայց պարզվում է, որ ոչ մի բան չի փոխվել»:
|