ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 13, 2004




Սպանության առեղծվածը (ո՞րտեղ է դիակը). հյուրանոցի աշխատակիցները գանգատվում են ոստիկանության կամայականություններից


  Սեդա Սաֆարյանը ներկայացնում է Նատաշա Ոսկանյանի շահերը

Հայաստանյան հայտնի մի գործարարի պատկանող հյուրանոցի աշխատակիցները բողոք են ներկայացրել գլխավոր դատախազություն՝ ոստիկանությանը մեղադրելով ենթադրյալ սպանության հետաքննության ընթացքում բռնություններ ու տանջանքներ կիրառելու և ապօրինի կալանումների մեջ:

Աշխատակիցներին բազմիցս հարցաքննել են Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում մի անձի անհայտանալու կապակցությամբ: Համալիրը կառուցվել է 2001 թվականին և պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որը համարվում է երկրի գործարար օլիգարխներից մեկը:

Հյուրանոցի աշխատակիցները հայտնել են, որ ոչ մի տեղեկություն չունեն այդ անձի անհայտացման և ենթադրյալ սպանության մասին: Նրանք նաև ասում են, որ չկա ոչ մի վկայություն, որ այդ մարդն անգամ հանգրվանել է հյուրանոցում:

Աշխատակիցները մեղադրում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին իրենց ծեծի ենթարկելու և կեղծ վկայություններ կորզելու մեջ: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովին և ոստիկանապետին «պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ»:

Նատաշա Ոսկանյանը, որը երկու տարեկան երեխա ունի, հայտնում է, որ իրեն ենթարկել են տանջանքների ու նվաստացումների, իսկ հետո 21 օր պահել են Կոտայքի մարզի քրեակատարողական հիմնարկում: Նա ցույց է տալիս ձեռքերը, որոնց վրա դեռևս պահպանվել են ծխախոտի այրվածքների հետքերը, և հայտնում է, որ հարցաքննության ընթացքում երկու կին ոստիկան մերկացրել ու խուզարկել են իրեն:

36-ամյա Ոսկանյանը և հյուրանոցի մի քանի այլ աշխատակիցներ պնդում են, որ այդ կամայականությունների համար պատասխանատու են Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի ավագ օգնական Հովիկ Պետրոսյանը և նույն համայնքների ոստիկանապետի տեղակալ Աշոտ Կարապետյանը:

«Կարապետյանը մեկ-երկու անգամ հարվածեց դեմքիս, որից հետո ամբողջ ուժով սկսեց խփել ձեռքերիս երեսին, հիմնականում մատներիս շրջանում, իսկ երբ ցավից թաքցրեցի ձեռքերս թևատակիս, նա վառվող ծխախոտը մոտեցրեց ձախ ձեռքիս երեսին ու այրեց ձեռքս, - պատմում է Նատաշան: - Այդ ամենն ուղեկցվում էր հայհոյանքներով, անպատիվ խոսքերով ու սպառնալիքներով: Այդ ամբողջ ժամանակ Հովիկ Պետրոսյանը հանգիստ նստած էր ու չէր միջամտում բռնություններին»:

Ոսկանյանը Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում աշխատում է որպես ադմինիստրատոր: Նա ասում է, որ իր տառապանքները սկսվեցին դեկտեմբերի 9-ին, երբ Պետրոսյանը, առանց որևէ պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու, իրեն տարավ դատախազություն:

«Այստեղ առաջին անգամ լսեցի, որ կատարվել է սպանություն, և ես դրան տեղյակ եմ: Ասացի, որ ոչինչ չգիտեմ», ասում է Ոսկանյանը:

Սակայն քննիչները պնդում էին, որ համալիրի քոթեջներից մեկում ինքը տղամարդու դիակ է տեսել: Այդ օրը Ոսկանյանին դատախազությունում պահեցին 10 ժամ՝ մինչև գիշերվա ժամը 1-ը:

Նատաշա Ոսկանյանն ասում է, որ ենթարկվել է բռնությունների հետաքննության ընթացքում

«Ինձ հարցաքննում էին որպես վկայի իմ աշխատավայրում ինձ անհայտ ինչ-որ դեպքի և դիակի մասին: Հարցաքննությունը զուգորդվում էր բղավոցներով ու կոպիտ արտահայտություններով: Ես երդվում էի երեխայիս, հիվանդ մորս արևով, որ ոչինչ չգիտեմ, բայց նրանք ուշադրություն չէին դարձնում»:

Քննիչը Նատաշային ցույց է տալիս մի հայտարարություն այն մասին, որ Ավանի բնակիչ Ռոբերտ Խաչատրյանը 2003 թ. հունիսի 19-ին տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Խաչատրյանի ընտանիքը հայտնել է նրա անհայտացման մասին:

Ոսկանյանին կարգադրում են նորից ներկայանալ դատախազություն դեկտեմբերի 11-ին, որտեղ, իր խոսքերով, հարցաքննության ընթացքում նրան կրկին ծեծի են ենթարկում մի գնդապետի հրահրմամբ, որը պնդում է, որ «հավանական է, որ ինքն ինչ-որ բան գիտե»:

«Պետրոսյանը հարձակվեց ինձ վրա՝ ասելով. «Գրի՛ր, որ ամեն ինչ գիտես»: Նա ուժեղ խփում էր ծոծրակիս, քաշում էր մազերս», պատմում է Ոսկանյանը:

Հարցաքննողները շարունակել են հետապնդել Ոսկանյանին նաև ազատ արձակելուց հետո՝ սպառնալով ձերբակալել նրան և մեղադրանք ներկայացնել նրա եղբորը և երեխայի հորը՝ Սամվել Հովհաննիսյանին: Ոսկանյանին և Հովհաննիսյանին բերման են ենթարկում:

Ոսկանյանը վերհիշում է. «Ես անձամբ եմ լսել, թե ինչպես էին նրան ծեծում կողքի սենյակում: Պետրոսյանի ձայնն էի լսում, գոռում էր՝ «Ասա՛», իսկ Սամվելն ասում էր. «Չգիտե՛մ, չգիտե՛մ, չգիտե՛մ», հետո նրա ձայնը կտրվեց.. 15 րոպե հետո Կարապետյանն ու Պետրոսյանը, իրար համբուրելով ու շնորհավորելով, ինձ ցույց տվեցին նրա գրած ցուցմունքը:

«Երբ կարդացի ցուցմունքը, հասկացա, որ նրանք կարող են հանգիստ գործ սարքել: Ինձ ասում էին. «Հիշիր, որ եղբայրդ ներքևում քեզ է սպասում»: Ու ես սուտ ցուցմունք գրեցի: Ես մտածում էի, որ կարող են վնաս հասցնել իմ ընտանիքին՝ իմ երեխային, իմ երեխայի հորը»:

Պետրոսյանի ներկայացրած միջնորդության հիման վրա Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատավորը որոշում է կայացնում Ոսկանյանին կալանավորելու մասին: Դատավորն ասել է, որ որոշում կայացնելիս հիմք է ընդունել Ոսկանյանի խոստովանական ցուցմունքը, և որ նա «խոչնդոտել» է քննությանը:

Ոսկանյանին տեղափոխում են Կոտայքի կանանց համար նախատեսված մեկուսարան, որտեղ նրան այցելում է կալանավայրերի վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը: Նա ասում է, որ պատրաստ է լսելու Ոսկանյանին, եթե վերջինս բան ունի պատմելու:

«Երբ ասացի, որ ոչինչ չգիտեմ, նա խիստ զայրացավ և ասաց. «Ուզում ես ասել, որ քեզնից ցուցմունք են վերցրել ծեծելո՞վ»: Ես պատասխանեցի՝ այո՛: Այդ ժամանակ նա զայրացած ասաց. «Տարեք այս ստախոսին»»:

Հովհաննիսյանը հաստատեց, որ ինքն այցելել է Ոսկանյանին, սակայն ավելացրեց. «Ես բոլորին էլ այցելում եմ, ստուգում եմ պայմանները»:

Մինչև այդ պահը ոստիկանությունը հարցաքննում էր Ոսկանյանին որպես վկայի և ոչ թե կասկածյալի: Ըստ Հայաստանի օրենսդրության վկան դատապաշտպան ունենալու իրավունք չունի:

«Նախաքննական մարմինը հաճախ վկայի կարգավիճակը օգտագործում է այս կամ անձի դեմ ցուցմունք կորզելու նպատակով», ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը, որին թույլ են տվել ներկայացնելու Ոսկանյանի շահերը միայն նրա ձերբակալությունից հետո:

«Այս քրեական գործը սպանության փաստով հարուցված չէ, և գործում չկա մեղադրյալ: Եթե չկա հանցագործություն կամ այն կատարողը, ինչպե՞ս կարող էր Նատաշան պարտակել այն», ասում է Սաֆարյանը:

Հարուցված քրեական գործով հայտնի չէ ենթադրյալ սպանության վայրը, հայտնաբերված չէ դիակը: Սաֆարյանը, որը ձգտում է հասնելու այն բանին, որ ներկայացված մեղադրանքները հանվեն, հարցնում է, թե ինչու է ոստիկանությունն այդքան համոզված, որ անհայտ կորած մարդը սպանված է:

«Հարսնաքար» համալիրի այլ աշխատակիցներ ևս հայտնում են, որ իրենք ենթարկվել են Ֆիզիկական և հոգեբանական բռնությունների: Գարիկ Բադալյանն ու Էդգար Խաչատրյանը հայտնում են, որ հունվարի 8-ին իրենց տարել են Նոր Նորք համայնքի ոստիկանություն և ծեծել են ռետինե մահակներով:

«Երբ ասացի, որ ոչինչ չգիտեմ, Կարապետյանը վերցրեց ռետինե մահակը ու սկսեց ուժգին հարվածներ հասցնել, իսկ երբ, չդիմանալով ցավին, վայր ընկա գետնին, նա շարունակեց հարվածել ինձ պառկած վիճակում: Ամբողջ մեջքս կապտել էր: Ծեծին ներկա Պետրոսյանը չէր միջամտում», ասում է Բադալյանը:

Կարո Գևորգյանը հայտնում է, որ դեկտեմբերին իրեն երեք օր հարցաքննել են Նոր Նորքի ոստիկանությունում: «Ինձ ստիպում էին ցուցմունք տալ, թե իբր հյուրանոցային համալիրի տարածքում տեսել եմ տղամարդու դիակ, որը անձամբ մեքենայով տեղափոխել եմ այլ տեղ և թաղել», ասում է նա:

Կարեն Եգորյանը հայտնում է, որ ոստիկանությունում իրեն պահել են հինգ օր, ենթարկել են ծեծի և ստիպել են խոստովանել, որ ինքն է կատարել սպանությունը:

«Կարապետյանը ինձանից պահանջում էր, որ ցուցմունք տամ, որ սպանությունը կատարվել է ոչ դիտավորյալ, ծեծի ենթարկելու արդյունքում, կամ հրելուց վայր է ընկել ու մահացել: Ասում էր, որ դա կձևակերպվի որպես անզգույշ սպանություն»:

Չորս այլ անձանց նույնպես ձերբակալել և վարչական կալանքի են ենթարկել, ինչպես տուժածներն են պնդում, գործը հետաքննող ոստիկանության աշխատակիցների սարքած մեղադրանքների հիման վրա:

Անցյալ շաբաթ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը ընդունել է Սաֆարյանին: Վերջինս հայտնել է իրեն մտահոգող հանգամանքների մասին և ասում է, որ դատախազը խոստացել է մանրամասն քննել հարցը:


According to Agnes
 

  Inside
 

Street Fighting: Residents say they are paying the price of Yerevan 's prestige landmark.

Full story

 
 

Home from home: Citizens of Armenia are forced to leave Turkmenistan.

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Special Delivery

You wait 12 years for a baby and then three come along at once...Karina Maisuradze-Gevorkyan became the proud mother of triplets, two girls and one boy, on February 5 at Yerevan's Maternity Research Center. Karina had been trying to have a child for 12 years without success before approaching the center and undergoing fertility treatment.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.