 |
Մաքրություն՝ կրակով
|
Խարույկի ճտճտոցն ու բոսոր գույնը նրա շուրջն են հավաքում բոլորին, և սկսվում է աղմկոտ ու գեղեցիկ տոնախմբությունը: Այս կրակը հատուկ խորհուրդ ունի, իսկ երիտասարդների ճառագող աչքերը լցված են հավատով:
Ամեն տարի մեծ ու փոքր մի քիչ խենթ են դառնում Տրնդեզի օրը` փետրվարի 14-ին: Ըստ ժողովրդական ավանդույթի այդ մոգական օրը վանում է բացասական լիցքերը և երջանկություն բերում մարդկանց:
Տրնդեզի արարողությունը սկիզբ է առնում եկեղեցում: Հայ առաքելական եկեղեցու Տյառնընդառաջ տոնը քառասնօրյա մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճար տանելու և Տիրոջն ընծայելու օրն է համարվում: Ըստ Նոր կտակարանի Հովսեփը և Մարիամը մանուկ Հիսուսին տանում են տաճար Աստծուն նվիրաբերելու: Այդ ժամանակ նրանց ընդառաջ է գալիս 300-ամյա Սիմեոն Ծերունին, որին Սուրբ Հոգին պատգամել էր չմահանալ, քանի դեռ չի տեսել Օծյալ Փրկչին: Մանկանը գրկելով՝ ծերունին երկրպագություն և գոհություն է առաքում Բարձրյալին: Այստեղից էլ առաջացել է տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ կամ Տյառնընդառաջ:
Սակայն այսօր տոնը ժողովրդական բնույթ է ստացել, և մարդիկ հաճախ տեղյակ են Տրնդեզի միայն ժողովրդական ավանդույթներին ու ծեսերին:
«Ընդունված կարգի համաձայն Տրնդեզը մեծ շուքով նշում են նորապսակների կամ նոր նշանվածների ընտանիքներում, - ասում է
Երևանի բնակչուհի Մարիամ Գալստյանը: - Եթե երիտասարդները նշանված են, Տրնդեզը տոնում են աղջկա տանը, եթե ամուսնացած են՝ տղայի: Այդ օրը հյուրերը թանկարժեք նվերեներ են անում տանտերերին, որոնք էլ իրենց հերթին ճոխ սեղաններ են գցում: Ամբողջ օրն անցնում է երգ ու պարով, իսկ վերջում գալիս է տոնական խարույկի ժամը»:
Տոնական խարույկի կրակը պետք է բերվի եկեղեցուց. իր նպատակին ծառայելու համար այն պետք է օրհնված լինի: Կրակը բերում են երեկոյան ժամերգությունից հետո: Հավատացյալները եկեղեցում վառած մոմերը տանում են տուն որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, իսկ հետո բակում այդ մոմերով վառում են խարույկը:
«Տրնդեզը նման է հեքիաթի, հատկապես մեր քաղաքում` իր բազմաթիվ եկեղեցիներով, - ասում է Էջմիածնի բնակչուհի Լյուդմիլա Խաչատրյանը: - Երեկոյան ժամերգությունից հետո մարդիկ մոմերով դանդաղ ու հանգիստ ուղղվում են տուն՝ տոնը շարունակելու և եկեղեցու օրհնյալ կրակն իրենց օջախ հասցնելու համար»:
Եթե գյուղերում բավարարվում են մի մեծ խարույկով, ապա մայրաքաղաքում մի բարձրահարկ շենքի բակում միանգամից կարող են մի քանի խարույկներ բոցկլտալ՝ երգող ու պարող տարբեր ընտանիքներով:
Խարույկը վառվելուց հետո ուրախությունը տոնական սեղաններից տեղափոխվում է փողոց և մի քանի ծիսական ուտեստներով շարունակվում այնտեղ: Տանտիկինները կամ տատիկները խարույկի մոտ են իջեցնում իրենց պատրաստած ու գեղեցիկ ձևավորած քաղցր հալվան, փոխինձը, աղանձը, մրգերն ու քաղցրեղենը, որը բաժանվում է ներկաներին ու հատկապես ոգևորված երեխաներին:
Մարդիկ հավատում են, որ տոնական խարույկի ջերմությունը խորհրդանշում է ձմռան ավարտը և գարնանային տաք օրերը: Որոշ գյուղերում մարդիկ փորձում են բախտագուշակություն անել՝ նայելով, թե ինչ ձև ունեն կրակի լեզվակները և ինչ ուղղությամբ է քամին տանում ծխի քուլաները:
Տրնդեզի մասնակիցները շրջան են կազմում և երգելով յոթ անգամ պտտվում խարույկի շուրջը, ապա հերթով, անկախ տարիքից, յոթ անգամ ցատկում են խարույկի վրայով: Համարվում է, որ «յոթ» թիվը մոգական է և պաշտպանություն ու հաջողություն է բերում մարդկանց:
Ամուլ կանայք նույնպես ցատկում են խարույկի վրայով` հուսալով, որ կհղիանան: Իսկ աղջիկները ցատկում են` հուսալով իրենց համար ամուսին գտնել: Եթե կրակը վառում է նրանց զգեստի մի անկյունը, ապա դա համարվում է նրանց երազանքների իրականացման լավագույն երաշխիքը:
«Երբ Տրնդեզի ժամանակ մարդիկ ցատկում են խարույկի վրայով, բոլոր չարիքերն ու չար մտքերը չքանում են, և մարդկանց վրա խաղաղություն ու երջանկություն է իջնում, - ասում է 70-ամյա Ծաղկուշ տատը: - Իսկ վերջում մարդիկ խարույկի մոխրից մի քանի պտղունց տանում են տուն, որպեսզի տարին հաջողություն ու հարստություն բերի իրենց»:
|