ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
February 13, 2004




Խաղից դուրս. շրջափակումը Հայաստանին օտարական է դարձնում սեփական տարածաշրջանում

Շրջափակված սահամններ ունեցող երկրում առևտուրը դառնում է մարտահրավեր

 

Մի պահ ձեզ դրեք Հայաստանի տնտեսության տեղը. քաոս հյուսիսում, միջազգային հանրության կողմից մերժված չարիքի առանցք հարավում, ոչ այնքան բարյացակամ
հարևաններ, որոնք շրջափակում են հանրապետությունը արևելքից և արևմուտքից: Իսկ այժմ փորձեք մասնակից դառնալ միջազգային
առևտրին բոլոր մյուս երկրների նման:

Երկրի առևտրական պրոբլեմները սկիզբ առան դեռ 1989 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբում Ադրբեջանը փակեց Հայաստանի հետ իր սահմանը: Ցուցադրելով իր աջակցությունն Ադրբեջանի իր թուրք եղբայրներին՝ Թուրքիան նույնպես փակեց Հայաստան տանող իր ցամաքային և երկաթուղային ճանապարհները: Հրադադարի սահմանումից 10 տարի անց երկու երկրների հետ սահմանները մնում են փակ:

Այսօր մարդիկ և ապրանքները Հայաստան են հասնում կա՛մ օդով՝ փոխադրման ամենաթանկ եղանակով, կա՛մ էլ մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի տարածքով: Այս ամսվա սկզբին տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնվազեցներ Հայաստանի տնտեսական կախվածությունը Վրաստանից:

Հայաստանն իր արտաքին առևտրի 90 տոկոսն իրականացնում է Վրաստանով չափից դուրս բարձր կաշառախտի և հարկման պայմաններում՝ էլ չասած խելահեղ թանկ փոխադրավարձը: Հայկական շուկաների թուրքական թունդ կարմիր լոլիկները, որոնց ծագման երկիրը վաճառողը միայն շշուկով, շուրջը մի գաղտագողի հայացք նետելուց հետո է հայտնում, շատ ավելի էժան կլինեին, եթե ստիպված չլինեին անցնելու վրացական թալանաշարքի միջով:

Հայաստանյան այն արտադրողները, որոնք փորձում են իրենց փոքրիկ ներքին շուկայի ապրանքներն արտահանելով համաշխարհային շուկա դուրս գալ, բախվում են գնային և կազմակերպական այնպիսի արգելքների, որոնք ավելի մեծ են, քան նույնիսկ երրորդ աշխարհի փոքրածավալ գործարքների դեպքում: Թուրքական և ադրբեջանական շրջափակումները խոչընդոտում են նաև Հայաստանում արտասահմանյան ուղղակի ներդրումներին, քանի որ պոտենցիալ ներդրողի համար էժան աշխատուժը կորցնում է իր գրավչությունը բարձր ծախսերի և երկրից պատրաստի արտադրանքի արտահանման հետ կապված անորոշության դեպքում:

Հայաստանը խելամտորեն իր ուշադրությունը կենտրոնացրել է արտադրության այն ճյուղերի վրա, որոնք ապահովում են բարձր արժեք քաշի համեմատ և այդպիսով՝ ցածր փոխադրական ծախսեր, ինչպես հղկված ադամանդները, համակարգչային ծրագրերն ու ծառայությունները: Սակայն նման առաջին օգնության այդ ներդրումները չեն կարող փոխհատուցել շրջափակումների առաջ բերած հիմնարար և խոր տնտեսական խաթարումները: Դրանց մեջ առաջնային է ներմուծումը փոխարինող ապրանքների արտադրության զարգացումը, որը բարգավաճում է մինչև ներմուծման արգելքների դե ֆակտո վերացումը, երբ տեղական շուկան հեղեղվի ներմուծված էժան ապրանքներով: Թեև Թուրքիայից ներմուծված և Հայաստանի բոլոր անկյուններում բացված հանրախանութներում իրացվող ապրանքների միտքը կարող է առաջ բերել շատ հայաստանցիների երկյուղը, տնտեսական իրականությունն այն է, որ և՛ սպառողները, և՛ արտադրողները այդ դեպքում կշահեին շրջափակումների վերացման հետևանք հանդիսացող գների էժանացումից: Իսկ ավելի ազատ շուկան հայաստանցի արտադրողներին հնարավորություն կտար կենտրոնանալու այն ոլորտների վրա, որոնցում Հայաստանն իսկապես մրցունակ է:

Սակայն հնարավոր է, որ շրջափակումների ամենամեծ ազդեցությունը ուղղակի տնտեսական ազդեցությունը չէ: Ինչպես նշվում է Միջազգային քաղաքականության հետազոտման հայկական խմբի վերջերս պատրաստած զեկույցում, «շրջափակումը Հայաստանին ավելի քիչ ուղղակի վնաս է հասցնում (ավելի բարձր փոխադրման ծախսերի և արտահանման ցածր ծավալների առումով), քան անուղղակի վնաս՝ հուսախաբված ներդրողների ակնկալիքների, ներդրումների ռիսկի մասին միջազգային հանրության ուռճացված պատկերացումների և արտասհամանյան ուղղակի ներդրումների ցածր մակարդակների վրա ունեցած իր ընդհանուր ազդեցության առումով»:

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որին Հայաստանը անդամակցում է 2003 թվականի փետրվարից, առանձնապես չի օգնել
առևտրական դժվարությունները հաղթահարելու գործում: ԱՀԿ-ն թույլ է տալիս իր անդամներին, ինչպես 1995 թվականից կազմակերպությանն անդամակցող Թուրքիային, հետաձգել նոր անդամների ճանաչումը և նրանց վրա չտարածել կազմակերպության անդամների իրավունքները: Այն բանի դիմաց, որ Թուրքիան թույլ է տվել Հայաստանին դառնալ ԱՀԿ-ի անդամ, Հայաստանը համաձայնել է վետո չդնել Ադրբեջանի անդամակցության հայտի վրա:

Ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից չի դիմանա Եվրամիություն մուտքի խիստ նախապայմանների փորձությանը, այսինքն, եթե Եվրոպան երբևէ որոշի թույլ տալ Թուրքիային սկսելու իր սրբագործված դարպասներից ներս մտնելու գործընթացը: Որպես ընդհանուր արտաքին առևտրական քաղաքականություն ունեցող տնտեսական և արժութային միություն Եվրոպական միությունը չի հանդուրժում ոչ մի շեղում իր անդամների համար պարտադիր ընդհանուր առևտրական քաղաքականությունից և չի պատրաստավում միանալու Թուրքիային Հայաստանի շրջափակման հարցում:

Տնտեսական աճման 10 տարիներից (այդ թվում՝ 2003 թվականին գրանցված 13,9 տոկոսանոց ցատկը) և 1998 թվականի համեմատ արտահանման եռապատկումից հետո Հայաստանի գործերը միգուցե լավ են՝ չնայած Ադրբեջանի և Թուրքիայի շրջափակմանը: Սակայն նման կտրուկ աճման ցուցանիշների հասնելը համեմատաբար հեշտ գործ է, երբ այդքան ցածր է աճման հաշվարկման ելակետը և քանի դեռ առատ դոնորական ներարկումները շղարշում են մոլեգնող կաշառախտը: Իսկ այդ ընթացքում Հայաստանի բնակչության 51 տոկոսը շարունակում է գոյատևել թշվառ պայմաններում: Համաշխարհային բանկը հաշվարկել է, որ շրջափակման վերացումը կարող է 30 տոկոսով բարձրացնել Հայաստանի համախառն ներքին արտադրանքը:

Սակայն ճիշտ այնպես, ինչպես լավ կապեր ունեցող անհատների մի փոքր խումբ ֆինանսապես շահագրգռված է Չեչնիայում Ռուսաստանի վարած անիմաստ պատերազմի շարունակմամբ, այդպես էլ որոշ ուժեր Հայաստանում օգուտ են քաղում երկրի տարածքային առևտրական բորոտի այս կարգավիճակից: Շրջափակումը հարմար քավության նոխազ է հայաստանյան քաղաքական գործիչների համար տնտեսական անհաջողությունները բացատրելիս և շեղում է հասարակության ուշադրությունը կործանարար կաշառախտին ու ողորմելի գործարար միջավայրին վերաբերող ավելի մեծ ու տհաճ հարցերից: Վրաստանցի անգութ նենգաշորթները հավանաբար միակը չեն, որ օգուտ են քաղում Վրաստանի տարանցիկ ուղուց Հայաստանի խիստ կախվածությունից: Հայկական սփյուռքի համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումները մի բազմանպատակ թակ են միջազգային թատերաբեմում իր պատմական թշնամուն հարվածելու համար:


According to Agnes
 

  Inside
 

Street Fighting: Residents say they are paying the price of Yerevan 's prestige landmark.

Full story

 
 

Home from home: Citizens of Armenia are forced to leave Turkmenistan.

Full story

 
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Special Delivery

You wait 12 years for a baby and then three come along at once...Karina Maisuradze-Gevorkyan became the proud mother of triplets, two girls and one boy, on February 5 at Yerevan's Maternity Research Center. Karina had been trying to have a child for 12 years without success before approaching the center and undergoing fertility treatment.

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.