 |
Մասնագետների հավաստմամբ անտիկ իրերի առևտրում այսօր վաճառողները գնորդներից շատ են
|
Երբ Ամիրյան փողոցի նկուղային հարկում գտնվող անտիկվար իրերի փոքրիկ կիսախավար խանութ այցելու է մտնում, խանութի սեփականատեր Ռազմիկ Թութունջյանը միշտ գիտե՝ եկել են գնելու, թե պարզապես նայելու:
«Ես հեշտությամբ կարդում եմ մարդկանց դեմքերը: 90 տոկոսը մտնում է նայելու համար, չնայած վերջերս նայողներն էլ են պակասել: Հունվարը և փետրվարը միշտ էլ դժվար ամիսներ են, գրեթե ոչինչ չի վաճառվում», ասում է նա:
Ռազմիկը, որ 60-ն անց է երևում, իր մասին շատ քիչ բան է հայտնում: Միայն նշում է, որ ավարտել է Ճարտարագիտական համալսարանը և անտիկվար իրերի առևտրով զբաղվում է 1968 թվականից: Երեք տարի առաջ տեղափոխվել է այստեղ, մինչ այդ աշխատելիս է եղել Աբովյան փողոցի վրա գտնվող խանութում:
Նա սեղանին է դնում արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող հնամաշ գրքեր ու ասում է, որ ամբողջ կյանքում զբաղվել է ինքնազարգացմամբ:
Մոտենում է մի երիտասարդ կին ու հարցնում, արդյոք չեն վաճառվել իր արծաթյա պատառաքաղներն ու դանակները: Ռազմիկը պատասխանում է, որ նախապես պայմանավորված գնից 10 դոլար էլ էժան է դրել, բայց ոչ ոք չի գնում: Կինը հեռանում է հուսահատ հայացքը դեմքին:
«Մարդիկ, որ այսօր հազիվ են ծայրը ծայրին հասցնում, վաճառքի են դնում տատերից ու պապերից ժառանգած հին իրեր: Հաճախ զգում ես, թե ինչ ափսոսանքով են բերում ու թողնում: Նրանք մեծացել են այդ իրերի հետ, դրանք եղել են իրենց կյանքի մի մասը, և հանկարծ այսօր ստիպված են բաժանվել դրանցից», ասում է նա:
Ռազմիկը նաև ափսոսանքով պատմում է այն իրերի մասին, որոնք իրեն շատ են դուր եկել, բայց չի կարողացել գնել փող չունենալու պատճառով: «Այդ ապրանքը գնում են ուրիշները, ու այն հայտնվում է մի բոլորովին այլ տեղ: Սիրտս էլ հետն է գնում, բայց ճարս ի՞նչ»:
Խորհրդային տարիներին Երևանի անտիկվար իրերի միակ խանութը պետական էր և գտնվում էր Սայաթ-Նովա փողոցի վրա: Ըստ Ռազմիկի այսօր քաղաքում կա նման չորս խանութ:
 |
Որոշ իրեր ազգային արժեք ունեն
|
Նա վերհիշում է. «Մարդիկ անտիկվար իրեր էին բերում Ռուսաստանից, ՈՒկրաինայից: Շատ էին գնում, որովհետև
հասկանում էին այս ամենի արժեքը: Խանութը երբեք իրերով այսքան լիքը չէր, ու հաճախորդներն էլ երբեք այնքան քիչ չէին, ինչպես այժմ:
«Այսօր փող ունեցողները մի կիլո ոսկի կամ շքեղ մեքենա են առնում, բայց ոչ՝ անտիկվար իրեր: Մինչև մտավորական խավի վիճակը չբարելավվի, մեր գործը չի լավանա, որովհետև նրանք են հասկանում անտիկվար իրերի արժեքը»:
Նույն կարծիքին է նաև Թումանյան փողոցում գտնվող «Անտիկվար» սրահի փորձագետ, մասնագիտությամբ նկարիչ Ռուբեն Էնֆենջյանը: Նա ասում է.
«Գնումներ քիչ են անում: Տարբերությունը տասը տարի առաջվա և այսօրվա միջև շատ մեծ է: Անտիկվարի գործը վատանում է տարեցտարի: Եթե առաջ բնակչության մի զգալի մասը գնում էր, ապա այսօր համարյա բոլորը վաճառում են»:
Իսկ ի՞նչ են ավելի շատ գնում. փորձագետների հավաստմամբ՝ արծաթե ու բրոնզե իրեր, նկարներ, հին կահույք, ինչպես նաև ճենապակի, թրեր, էմալապատ իրեր:
Էնֆենջյանը սկսել է այս գործով զբաղվել անկախացման ցուրտ ու մութ տարիներին: «Հնաոճ իրեր տանը միշտ ունեցել ենք, - ասում է նա, - սերը դրանց հանդեպ փոխանցվել է ինձ ծնողներիցս: Այնպես որ գործի մեջ մտա գիտելիքների որոշակի պաշարով: Սակայն մասնագետ դառնում ես տարիների ընթացքում»:
Իսկ ինչպե՞ս են գնահատվում ապրանքները: Ըստ փորձագետի տեղեկությունները ստանում են միջազգային աճուրդներից և դրանց հիման վրա էլ գնահատում են իրերը: Լինում են նաև կովկասյան, այդ թվում և հայկական, անտիկվար իրերին նվիրված աճուրդներ: Սակայն միջազգային գները բնականաբար Հայաստանի գներից թանկ են:
«Իրեր էլ կան, որոնք միայն ազգային արժեք են ներկայացնում, այսինքն՝ չունեն միջազգային, գեղարվեստական արժեք», նշում է նա՝ ցույց տալով սրահի մի անկյունում հպարտորեն կանգնած պղնձյա հին կահ-կարասին, կավե ամանեղենը:
Շրջելով սրահում Ռուբենը ցուցադրում է Ալեքսանդր Առաջինի ու Եկատերինա Երկրորդի բրոնզե կիսանդրիները, որոնք պատրաստվել են 1868 թվականին: Միասին դրանք արժեն 1800 դոլար: Քիչ այն կողմ «Գարդներ» գործարանի 150 տարեկան ճենապակյա ծաղկամանն է, նույնպես 1800 դոլար արժողությամբ:
Էնֆենջյանն ասում է, որ անտիկվար իրերի բիզնեսը Երևան են բերել թիֆլիսահայերը: Շատ անտիկվար իրեր Թբիլիսի են հասել Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
«1960-80-ական թվականներին անտիկվար իրերն անարգել Երևան էին հոսում նախկին Խորհրդային Միության տարբեր անկյուներից: Իրենց հետ անտիկվար իրեր բերեցին նաև 1946 թվականին Հայաստան եկած հայրենադարձները», ասում է Ռուբենը:
«Վերջին տարիներին մտավորականների մի զգալի մասը մեկնել է Հայաստանից, նրանց փոխարինել են այնպիսի մարդիկ, որոնք չեն գնահատում այս ամենը: Այստեղ զգալու, գնահատելու ունակություն պետք է լինի մարդու մեջ: Մանկուց նման իրերի հետ մեծացած մարդը չի կարող անտարբեր անցնել այս ամենի կողքով», ասում է Ռուբենը:
Նա ասում է, որ Հայաստանում կան անտիկվար իրերի շուկայի զարգացման օրենսդրական արգելքներ: Վերջերս Ռուսաստանում ընդունված օրենքը թույլ է տալիս առանց հարկման անտիկվար իրեր ներկրել, իսկ Հայաստանում հարկվում են ինչպես արտահանվող, այնպես էլ ներկրվող իրերը:
«Գուցե Հայաստանից դուրս հանելիս պետք է հարկեր վճարել, բայց ոչ երկիր բերելիս, - ասում է նա: - Շատ ավելի իրեր կվաճառեինք, հատկապես՝ սփյուռքահայերին, բայց նրանք էլ պրոբլեմներ են ունենում իրերն արտահանելիս»:
Ըստ Ռուբենի 100 տարուց ավելի տարիք ունեցող իրերի արտահանման համար հատուկ թույլտվություն է պետք: Եթե թույլատրում են, ապա պետք է վճարել հարկ ապրանքի արժեքի 55 տոկոսի չափով: Իսկ եթե իրը 50-100 տարեկան է, ապա հարկը 20 տոկոս է, և պետք է ներկայացնել փաստաթուղթ այն մասին, որ դա արժեքավոր անտիկվար իր չէ, այլ պարզապես հին է:
|