 |
Էմմիին (կենտրոնում) սպառնում էին ինտերնետային շանտաժով
|
Դեռհաս մի երգչուհի դարձել է շանտաժի թիրախ. աղջկան սպառնացել են հրապարակել նրա մոնտաժված մերկ լուսանկարը:
Տասնիննամյա Էմմին, որը հանրահայտ երգչուհի Նադեժդա Սարգսյանի և քանդակագործ Դավիթ Բեջանյանի դուստրն է, ստացել է էլեկտրոնային նամակ մերկ մարմնի վրա մոնտաժված իր նկարով: Նամակի հեղինակը պահանջել է 500 դոլար՝ զգուշացնելով, որ չվճարելու դեպքում կուղարկի նկարը հանրապետության բոլոր թերթերին ու ինտերնետային սայթերին:
«Սկզբում ես դա լուրջ չէի ընդունում: Էմմին նույնիսկ սկսել էր կատակով բանակցել նրա հետ, - պատմում է Նադեժդան: - Սակայն երբ հեղինակը սկսեց ավելի հաճախ սպառնալ և գրել՝ քեզ մնացել է կես ժամ, քեզ մնացել է 10 րոպե, եթե չգաս, կյանքդ դժոխք կդարձնեմ, հասկացանք, որ ամեն ինչ առավել քան լուրջ է»:
Էմմիի ծնողները օգնության համար դիմեցին ազգային անվտանգության ծառայությանը, որն սկսեց հետաքննել գործը և շուտով պարզեց, որ մոնտաժված նկարն ու նամակներն ուղարկվել են Էմմիի ու Նադեժդայի նվագախմբի կիթառահար Հովակ Ալավերդյանի սեփական համակարգչից:
Մայրն ու դուստրը ցնցված էին և ասում էին, որ իրենք երկուսն էլ երկար ժամանակ աշխատել են Հովակ Ալավերդյանի հետ և նրան համարել են կիրթ ու հավասարակշռված անձ: Սակայն քանի որ գործին արդեն միջամտել էր ազգային անվտանգության ծառայությունը, 25-ամյա երաժշտին ներկայացվեց մեղադրանք ըստ քրեական օրենսգրքի 182 հոդվածի` շորթում:
Այսպես Հայաստանի լավագույն 5 կիթառահարներից մեկը հայտնվեց դատարանի առաջ և ընդունեց իր մեղքը: Փետրվարի 6-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը Ալավերդյանին դատապարտեց 6 ամսվա ազատազրկման:
«Ես հասկանում եմ, որ լավ բան չեմ արել, բայց պնդում եմ, որ երբևէ Էմմիից փող վերցնելու կամ այդ լուսանկարները մամուլին հանձնելու մտադրություն չեմ ունեցել», հայտնել է դատավորին Ալավերդյանը:
Դատավճռի հրապարակումից հետո երաժշտին անմիջապես տեղափոխել են մեկուսարան: Նրա ծնողները մտադիր են բողոքարկելու դատավճիռը և ասում են, որ ցնցված են, որ իրենց որդուն տեղափոխել են մեկուսարան, կարծես վտանգավոր հանցագործ լինի:
«Մի՞թե կարելի է այդքան անարդար լինել, սա ընդամենը չմտածված խաղ է եղել, դրա համար չի կարելի այդքան խիստ պատժել», պնդում է Հովակի հայրը, որը խնդրեց չհրապարակել իր անունը:
Էմմիի ընտանիքը բոլորովին այլ կարծիք ունի այս կապակցությամբ: Էմմիի հայրը գտնում է, որ պատիժը նույնիսկ մեղմ է. «Ի՞նչ եք պնդում, որ խաղ էր կամ լուրջ չէր, պետք է բռնաբարե՞ր, որ լուրջ լիներ: Անգամ ես ահաբեկված էի, ի՞նչ է նշանակում փող պահանջել ու սպառնալ իմ աղջկա դեմքով մերկ նկար տարածել ողջ ինտերնետով»:
Ալավերդյանի արարքի դրդապատճառը մնաց անհայտ, քանի որ դատարանում նա ոչ մի բացատրություն չտվեց: Զոհը ենթադրում է, որ դա կարող է լինել անպատասխան սիրո տարօրինակ արտահայտություն:
««Սիրահարվել» բառը տղայի կողմից նշվել է մի քանի անգամ: Բայց որքան էլ մերժված լիներ, պետք է իրեն տղամարդավայել պահեր: Կամ էլ միգուցե նա ուզում էր այդ ձևով իր անունը գովազդել», ասում է Էմմին:
Հովակն իր վերջին խոսքում նշել է, որ իր և Էմմիի նամակագրությունը ամիսներ է տևել, և այդ ամբողջը խաղ է եղել: Նա ասել է, որ Էմմին կարող էր շատ հանգիստ փոխել իր էլեկտրոնային հասցեն, բայց դա չի արել և, փաստորեն, մտել է խաղի մեջ:
Կիթառահարի հետ անցյալում համագործակցած մյուս երաժիշտներն էլ են արտահայտել իրենց տարակուսանքը նրա արարքի կապակցությամբ: Ֆորշը հայտնել է, որ չի կարող հասկանալ, թե ինչպես այդպիսի տաղանդավոր մարդը կարող էր թողնել իր արվեստը և զբաղվել համակարգչային շանտաժով:
|