|
Սոցիալական
ապահովության բաժնի պետը կողմ է քարտերի համակարգին
|
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ
արշավ են սկսել հանրապետությունում սոցիալական ապահովության
քարտերի (ՍԱՔ) համակարգ ներդրելու կառավարության
ծրագրերի դեմ:
«Հայ արիական միաբանության» գլխավորությամբ կազմակերպությունները հիմնադրել են «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը և պնդում են, որ սոցիալական ապահովության միասնական համակարգի ստեղծումը անբարոյական է, ոտնահարում է մարդու իրավունքները, անձնական կյանքի գաղտնիությունն ու կրոնական հավատքը և սպառնում է ազգային ու պետական անվտանգությանը:
«Մի քանի հարյուր քաղաքացիներ արդեն միացել են մեր բողոքին, - ասում է «Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը: - Մենք կշարունակենք մեր ջանքերն այնքան, մինչև իշխանությունները դադարեցնեն մարդկանց համարակալման գործընթացը»:
Ըստ Ավետիսյանի ՍԱՔ-ի ներդրումը հակասահմանադրական է:
«Սահմանադրությունում չի ասվում, որ քաղաքացիները պարտավոր են սոցիալական ապահովության քարտ ունենալ: Փոխարենն ասվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի, անձնական կյանքի գաղտնիության, նպաստներ ստանալու և այլ իրավունքներ: Շուտով քաղաքացին կարող է զրկվել այդ ամենից, եթե չունենա այդ քարտը», ասում է Ավետիսյանը:
ՍԱՔ-ի համակարգի ներդրման գաղափարն առաջարկվել է կառավարության կողմից անցյալ տարի: Սկզբում այն ներկայացվել էր «անհատական համարանիշ» անունով: Ըստ ռեֆորմի յուրաքանչյուր քաղաքացի ամբողջ կյանքի ընթացքում պետք է ունենա տասնանիշ համարով մեկ քարտ, որը կպարունակի քաղաքացու անհատական տվյալները:
Քարտը նախատեսվում է բանկային հաշիվ բացելու, հարկերի վճարումներն ապահովելու, պետական նպաստների համար դիմելու և բուժհաստատություններում անձը հաստատելու համար:
Կառավարությունը հավաստում է, որ քարտերը հնարավորություն կտան բարձրացնելու պետական գերատեսչությունների գործունեության արդյունավետությունը:
Հայ առաքելական եկեղեցին միջամտել է վիճաբանությանը՝
հայտարարելով, որ «անհատական ѳٳñ³ÝÇßը»
հակասում է աստվածաշնչի կանոններին:
Կառավարությունը բավարարել է եկեղեցու բողոքը և «անհատական համարանիշերը» վերանվանել «սոցիալական ապահովության քարտեր»: Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկել, որ ոչ մի սոցիալական ապահովության քարտ չկրի Նոր կտակարանում նշված «սատանայի թիվը»՝ 666:
«Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքը խորհրդարանն ընդունել է անցյալ տարվա սեպտեմբերին: Ըստ այդ օրենքի այս տարվա հուլիսի 1-ից քարտերի կիրառումը պարտադիր կդառնա բոլոր ֆինանսական գործարքների համար, այդ թվում՝ թոշակներ ու ընտանեկան նպաստներ ստանալիս, հարկային ու սոցապ վճարումներ կատարելիս:
Հայ առաքելական եկեղեցին հաստատել է, որ չի առարկում սոցիալական ապահովության քարտերի դեմ: Սակայն որոշ կազմակերպություններ և անհատներ բավարարված չեն օրենքում տեղ գտած փոփոխություններով:
«Գաղափարը նույնն է. վերահսկել մարդկանց՝ անկախ նրանից «անհատական համարանիշ» կկոչեն, թե «սոցիալական ապահովության քարտ», - ասում է Ավետիսյանը: - Բոլոր տեղեկությունները կհավաքեն մի տեղ, ինչը տվյալների այդ բազան խոցելի կդարձնի հաքերների և ներքին քաղաքական ուժերի համար: Ես համաձայն եմ, որ համակարգը պետք է կարգի բերել, բայց կլինեն շատ մարդիկ, ովքեր չեն ցանկանա, որ իրենց եկամուտների, առողջական վիճակի և ունեցվածքի մասին տեղեկությունները հրապարակվեն»:
|
«Հայ
արիակաբ միաբանության» առաջնորդը դեմ է «մարդկանց
համարակալմանը»
|
Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության
սոցիալական ապահովության և կենսաթոշակների ապահովման
բաժնի վարիչ Արտեմ Ասատրյանն ասում է, որ այդ օրենքի
դեմ բողոքողները կա՛մ լուրջ պատճառներ ունեն սեփական
եկամուտները կառավարությունից թաքցնելու համար,
կա՛մ էլ պարզապես ցանկանում են ուշադրություն գրավել
անպատասխանատու հայտարարություններ անելով:
«ՍԱՔ-ի համակարգը քաղաքացու վերաբերյալ տարբեր տվյալների մեկ բազա չէ, - ասում է Ասատրյանը: - Տեղեկությունները նպաստների, թոշակների, հարկերի, աշխատավարձերի, աշխատանքային ստաժի մասին մատչելի կլինեն միայն համապատասխան նախարարություններին»:
Ասատրյանի հավաստմամբ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության և նրա վերլուծական համակարգչային կենտրոնի միայն սահմանափակ թվով անհատներ իրավունք կունենան օգտվելու ՍԱՔ-ի համակարգի համակարգիչներից:
Մշակվել է հատուկ համակարգչային ծրագիր ՍԱՔ-ի համակարգը չլիազորված մուտքից պաշտպանելու համար:
Շուրջ 500 հազար քաղաքացիներ արդեն դիմել են քարտ ստանալու համար, որոնցից մոտ 200 հազարի քարտերն արդեն պատրաստ են:
«Այս ամենն արվում է մարդկանց կյանքը և կառավարության գործունեությունը հեշտացնելու համար», ասում է Ասատրյանը:
«Ընդդեմ մարդկանց համարակալման» նորաստեղծ միավորումը դարձել է ՍԱՔ-ի համակարգի գլխավոր հակառակորդը: Միավորման անդամները պնդում են, որ շատ երկրներում (Ռուսաստան, Հունաստան, Ֆրանսիա և ՈՒկրաինա) նման քարտեր ունենալը կամավոր է և ոչ թե պարտադիր: Այլ երկրներում այդ քարտերն ընդհանրապես չեն կիրառվում (Իռլանդիա, Իսպանիա և Կանադա): Չկան դրանք նաև մահմեդական երկրներում:
«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը հայտնում է, որ իրենք մտադիր են կազմակերպել սեմինարներ, հանրահավաքներ ու ցույցեր և կձգտեն ստանալու Սփյուռքի աջակցությունը:
|