ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 30, 2004




Սպորտ. ըմբշամարտ, ֆուտբոլ, ծանրամարտ, թենիս


Ազատ ոճի ըմբշամարտ (Եվրոպայի առաջնություն)

Ոսկե մեդալակիր Բերբերյանը

Ապրիլի 23-25-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը մասնակցում էին Հայաստանի հինգ մարզիկներ:

55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց երևանցի Մարտին Բերբերյանը, որը եզրափակիչում առավելության հասավ ռուսաստանցի Վադիմ Բատաևի նկատմամբ:

66 կգ քաշային կարգում Ժիրայր Հովհաննիսյանը գրավեց չորրորդ տեղը: Մյուս երեք հայ ըմբիշներն անհաջող ելույթ ունեցան:

Ֆուտբոլ (ընկերական խաղ)

Ապրիլի 28-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում հյուրընկալեց մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության՝ Թուրքմենստանի հավաքականին: Այդ ընկերական խաղը երկու թիմերի առաջին հանդիպումն էր:

Հայ ֆուտբոլիստներն առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, սակայն չէին կարողանում բացել հաշիվը մինչև 67-րդ րոպեն, երբ Արա Հակոբյանը խփեց հանդիպման միակ գոլը:

«Բանանց» ակումբի հարձակվող Հակոբյանը մտնում է եվրոպական առաջնությունների «Ոսկե մարզակոշիկ» մրցանակին հավակնող լավագույն ռմբարկուների հնգյակ: Հայաստանի բարձրագույն խմբի անցյալ մրցաշրջանում նա խփել է 45 գոլ:

Ծանրամարտ (Եվրոպայի առաջնություն)

Ապրիլի 26-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեցին Եվրոպայի տղամարդկանց 83-րդ և կանանց 17-րդ առաջնությունները:

Հայաստանի հավաքականը տուն վերադարձավ առանց մեդալների:

Քսանամյա Արթուր Դանիելյանը 11-րդն էր իր քաշային կարգում՝ 300 կգ արդյունքով (130 կգ պոկում և 170 կգ հրում վարժություններում): 22-ամյա Արմեն Ղազարյանը նույն քաշային կարգում գրավեց 14-րդ տեղը:

Եվս երկու հայ ծանրորդներ մրցում էին 23 երկրների մարզիկների հետ՝ 77 կգ քաշային կարգում: 23-ամյա Գևորգ Ալեքսանյանը գրավեց 8-րդ տեղը 340 կգ արդյունքով (155 կգ պոկում և 185 կգ հրում վարժություններում), իսկ 27-ամյա Արսեն Մելիքյանը 10-րդն էր՝ 337,5 կգ արդյունքով (155+182,5 կգ):

21-ամյա Տիգրան Մարտիրոսյանը 85 կգ քաշային կարգում հանդես եկող 28 ծանրորդների մեջ 10-րդն էր՝ 360 կգ ընդհանուր արդյունքով (162,5+197,5):

Եվ, վերջապես, +105 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին երկու ծանրորդներ` Սոս Խաչատրյանը և Աշոտ Դանիելյանը: 27-ամյա Խաչատրյանը 375 կգ ընդհանուր արդյունքով (175+200 կգ) գրավեց 10-րդ տեղը: Իսկ Դանիելյանը` պոկում վարժությունում 190 կգ արդյունք ցույց տալուց հետո, զրո ստացավ հրում վարժությունում:

Կանանց առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը` 17-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը, 63 կգ քաշային կարգում գրավեց 6-րդ տեղը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 34 մասնակից երկրների մեջ գրավեց 22-րդ տեղը:

Թենիս (ՊԹԱ-ի առաջնություն)

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող Միջազգային շարքի մրցաշարում դուրս է եկել երրորդ փուլ:

ՊԹԱ-ի աղյուսակում 27-րդ տեղը զբաղեցնող և 3-րդ համարի տակ ցանված Նալբանդյանը 6-2, 6-4 հաշվով հաղթանակի հասավ ամերիկացի Թոդ Մարթինի նկատմամբ և այժմ քառորդ եզրափակիչում կմրցի իսպանացի Մարկ Լոպեսի հետ:

Իսկ Հայաստանը ներկայացնող Սարգիս Սարգսյանը, որը ներկայում զբաղեցնում է 73-րդ տեղը ՊԹԱ-ի աղյուսակում, Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող Միջազգային շարքի մրցաշարի երկրորդ փուլում 2-6, 4-6 հաշվով զիջեց շվեյցարացի Միխել Կրատոխվիլին:

Կավե ծածկույթի վրա անցկացվող այդ մրցաշարի առաջին փուլում Սարգսյանը 6-4, 7-6 (6) հաշվով դժվար հաղթանակ էր տարել աղյուսակում 24-րդ հորիզոնականը զբաղեցնող ամերիկացի Ջեյմս Բլեյքի նկատմամբ:

Այս մրցաշարում Սարգսյանը վաստակեց 6150 եվրո և 3 հաշվարկային միավոր:


According to Agnes
 

  Inside
 

Fruitful Partnership: Armenia Tree Project helps villages to put down roots of economic recovery

Full story

 
 

Crackdown on Crackdown: Council of Europe scolds Armenia

Full story

 


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Tanets!

Honored Artist of Russia Nadezhda Babkina was among performers during Russian Cultural Days this week in Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.