Առաջատար ընդդիմադիր օրաթերթի խմբագիրը ստանձնել է իշխանությունների հետ անուղղակի կապեր ունեցող երևանյան հեռուստաընկերություններից մեկի ղեկավարությունը:
Հայաստանի առաջատար օրաթերթերից մեկի` «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը, նշանակվել է նախկին «Կենտրոն», իսկ այժմ` Ազգային ժողովի իշխանամետ պատգամավոր և գործարար Մուրադ Գուլոյանին պատկանող հեռուստաընկերության տնօրեն: Ընկերությունը նոր անվանումով եթեր դուրս կգա մայիսի 10-ին:
 |
Նոր տնօրենը |
Վերջին մեկ տարին
հեռուստաընկերու-թյան սեփականատերն էր մեկ այլ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ընդդիմության հանրահավաքների «Կենտրոնի» լուսաբանումը բարենպաստ չէր իշխանությունների համար, ինչը պատճառ եղավ ասեկոսեների, թե Արսենյանը վաճառել է ընկերությունն իշխանությունների ճնշման տակ:
Այս նշանակումը տեղիք է տվել քննարկումների այն մասին, թե արդյոք ընդդիմադիր լրագրողը և պատգամավորին պատկանող հեռուստաընկերությունը կկարողանան ընդհանուր եզրեր գտնել քաղաքականորեն պառակտված Հայաստանի լրատվական դաշտում ընկերության գրավելիք դիրքի հարցում:
Բացի այդ, լրատվական վերլուծաբանների հետաքրքրությունը շարժել է այն փաստը, որ Աբրահամյանը ժառանգելու է մի հեռուստալիք, որը երկու տարի առաջ ձևավորվելով, նպաստել է «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելուն` առաջ բերելով արդեն երկու տարի շարունակվող բանավեճեր, որոնք մեղադրում են իշխանություններին գրաքննություն հաստատելու մեջ:
(2002 թվականի ապրիլին հանրապետության առաջատար ընդդիմադիր «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերարձակման արտոնագրից վիճահարույց մի մրցույթում, երբ նախագահի նշանակած հանձնաժողովը արտոնագիր շնորհեց «Շարմ» ընկերությանը, որը հիմնականում զբաղվում է զվարճալիքների կազմակերպման և գովազդային գործունեությամբ: Ընդ որում, այն ժամանակ «Շարմը» նույնիսկ լրագրողական աշխատակազմ չուներ: Գուլոյանը ձեռք է բերել ընկերությունն անցած շաբաթ):
Աբրահամյանը Մեսրոպ Մովսիսյանի հետ միասին 1991 թվականին հիմնադրել է «Ա1+» հեռուստաընկերությունը և մինչև այն արտոնագրից զրկելը վարել է ընկերության առավել ժողովրդականություն վայելող «Հետգրություն» հաղորդաշարը:
Աբրահամյանն իր լրագրողական հեղինակությունը համարում է նոր պաշտոնում իր գործունեության հաջողության գրավականը: Նա ասում է, որ «Առավոտն» ամեն ինչ կանի, որ «Ա1+»-ը եթեր վերադառնա` ավելացնելով, որ խոսակցություններն այն մասին, թե «Առավոտ ԹիՎի»-ն կդառնա նոր «Ա1+» «անհեթեթություն են»:
«Իմ ղեկավարած «Առավոտ ԹիՎի»-ն լինելու է այն ամբիոնը, որից մշտապես խոսվելու է «Ա1+»-ի վերաբացման մասին,- ասում է Աբրահամյանը: - Ես մասնակցելու եմ բոլոր տեսակի ակցիաներին (երթերին, ցույցերին), որոնք կազմակերպվելու են ի պաշտպանություն «Ա1+»-ի»:
Աբրահամյանը նույնիսկ ասում է, որ եթե Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցույթ հայտարարի 37-րդ կապուղու համար (որով հեռարձակվում է «Առավոտ ԹիՎի»-ին, իսկ նախկինում` «Ա1+»-ը), իրենք «դրան չեն մասնակցի և ամեն ինչ կանեն, որ հաղթի «Ա1+»-ը»:
Նորանշանակ տնօրենն առարկում է իր գլխավորած օրաթերթին և հեռուստաընկերությանը որևէ քաղաքական պիտակի վերագրման դեմ:
«Ընդդիմադիր և իշխանամետ կարող են լինել քաղաքական գործիչները, մեզ դա չպետք է վերաբերի»,- ասում է նա:
Առաջին անգամ պատգամավոր դարձած Գուլոյանն ընտրվել է Հանրապետական կուսակցության ընտրացուցակներով, թեև կուսակցության անդամ չէ: Հայաստանում նա հայտնի դեմք չէ, «Միլտա» ընկերության (սննդի արտադրություն) սեփականտերն է: Գուլոյանը հայաստանյան օլիգարխ Գագիկ Ծառուկյանի («Դոդի Գագո») համագյուղացին է: Կարծիք կա, թե հեռուստաընկերությունը, որն իբր վաճառվել է 500 հազար դոլարով, իրականում գնել է հենց Ծառուկյանը:
Աբրահամյանը դրվատանքով արտահայտվեց «Կենտրոնի» վերջին շրջանի լրատվության որակի մասին` հատկապես բարձր գնահատելով ապրիլի 13-ին պետական ոստիկանության և ընդդիմադիր ցուցարարների միջև բախման լուսաբանումը:
Աբրահամյանի հավաստմամբ «Կենտրոնը» «եղածների մեջ ամենաազատ լրատվամիջոցն է»:
Սակայն ուրիշների պնդմամբ, հենց այդ հաղորդումներն են զայրացրել իշխանություններին, և բարձրաստիճան իշխանավորները «ստիպել են» Արսենյանին վաճառել ընկերությունը ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հեռարձակման պատճառով:
Այդ կարծիքին է նաև «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Նա ասում է, որ երբ «Ա1+»-ին զրկեցին արտոնագրից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ ստեղծել դրա նման մեկ այլ ընկերութուն: Այդպիսի ընկերություն պետք է լիներ «Կենտրոնը»:
«Նախագահն ուզում էր դա անել Գուրգեն Արսենյանի միջոցով,- ասում է Մովսեսյանը,- բայց երբ Արսենյանը սայթաքեց, նրան ստիպեցին վաճառել «Կենտրոնը»»:
Երևանում լուրեր են շրջում, որ ապրիլի 13-ի դեպքերի հեռարձակումից հետո Քոչարյանը հանդիպում է ունեցել Արսենյանի հետ:
Նախագահի մամլո խոսնակ
Աշոտ Քոչարյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ նախագահի և Արսենյանի միջև հանդիպում չի արձանագրվել: Խոսնակը չմեկնաբանեց ասեկոսեներն այդ մասին:
«ԱրմենիաՆաուն» փորձեց ստանալ Արսենյանի մեկնաբանությունները վերոհիշյալի կապակցությամբ: Արսենյանն ասաց, որ կհայտնի իր կարծիքը, երբ նոր ընկերությունը եթեր դուրս գա: Պատասխանելով այն հարցին, արդյոք Արսենյանի վրա ճնշում են գործադրել՝ ստիպելով վաճառել «Կենտրոնը», Արսենյանի օգնականն ասաց, որ պատգամավորը «չի ցանկանում այժմ խոսել այդ մասին»:
Իսկ այդ ընթացքում Մովսեսյանը քննադատում է իր նախկին գործընկեր Աբրահամյանին այն բանի համար, որ նա ստանձնել է մի ընկերության ղեկավարությունը, որը նպաստել է «Ա1+»-ին եթերից զրկելուն:
«Ընդունելով այդպիսի որոշում՝ նա (Աբրահամյանը) ցույց տվեց, որ փոխել է իր թիմը,- ասել է Մովսեսյանը: - Այս երկրում, իհարկե, պակասում էր Արամի նման իմիտատոր՝ ազատ խոսքի պայքարում, այն էլ գտան: Արամը լավ լրագրող է և կարող է կազմակերպել անկախ ալիքի իմիտացիա: Ինձ միայն զարմացնում է, որ նա համաձայնեց դրան»:
Սակայն Աբրահամյանը մերժում է այն մեղադրանքները, որ ինքը փոխել է քաղաքական կողմնորոշումը՝ պաշտոն ստանձնելով իշխանամետ համարվող ընկերությունում:
Նա համոզմունք է հայտնում, որ պատգամավոր-սեփականատերը չի օգտագործի հեռուստաընկերությունը որպես իր քաղաքական հայացքների ամբիոն:
«Դա նրա համար բիզնես է. անել ներդրումներ հետագայում եկամուտներ ստանալու համար,- ասում է Աբրահամյանը: - Վստահ եմ, որ դա է ազատ լրատվամիջոցներ ստեղծելու միակ ճանապարհը: Լրատվամիջոցներ, ոչ թե քարոզչամիջոցներ»:
Արամ Աբրահամյանը մասնագիտությամբ երաժշտագետ է, ավարտել է
Երևանի պետական կոնսերվատորիան, պաշտպանել է թեկնածուական թեզ: Եղել է նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը: 1994 թվականից «Առավոտ» օրաթերթի խմբագիրն է:
Դեռ մինչև «Ա1+»-ի հաղորդաշարը, Արամ Աբրահամյանը վարել է տարբեր երաժշտական հաղորդումներ:
«Միշտ երազել եմ հեռուստատեսությունում աշխատել,- ասում է նա: - Երբ 1983-ին առաջին անգամ եկա հեռուստատեսություն, հասկացա, որ դա իմ աշխարհն է, և միշտ երազել եմ աշխատել այնտեղ»:
Նա ասում է, որ «Առավոտ ԹիՎի»-ում իր նպատակն է ստեղծել այնպիսի մի ընկերություն, որը կբավարարի հավաստի տեղեկատվության հասարակության պահանջը:
«Հեռուստաընկերության ստրատեգիական նպատակն է լինել լրատվական-հասարակական ալիք, ինչպիսին է «Ազատություն» ռադիոկայանը»,- ասում է Աբրահամյանը:
|