ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 30, 2004




Ճնշում ճնշողների վրա. Եվրոպայի խորհուրդը կշտամբում է Հայաստանին

Այս շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում, Կոսովոյի և Կիպրոսի խնդիրների հետ, ընդգրկվել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումը:

Քննարկման արդյունքում ընդունվեց մի բանաձև, որը հանդիմանում է Հայաստանի իշխանություններին ընդդիմադիր ցուցարարների վրա ոստիկանության հարձակումների համար և սպառնում է կիրառել Եվրախորհրդի պատժամիջոցները, եթե իշխանությունների վարքը հակասի խորհրդի նախորդ հանձնարարականների «տառին և ոգուն»:

Բանաձևը պահանջում է իշխանություններից ազատ արձակել անցյալ ամիս քաղաքական բողոքի ցույցերի ժամանակ կալանված քաղաքացիներին և վերացնել զանգվածային հանրահավաքների վրա դրված արգելքները:

ԵԽԽՎ-ի հանձնաժողովը (որը հետևում է իրավիճակին 45 անդամ պետություններում) մինչև սեպտեմբեր ժամանակ է տվել հայաստանյան իշխանություններին այլ պահանջների հետ միասին «ապահովել Հայաստանում քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը»:

Եվրոպայի խորհուրդը պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ, եթե հինգ ամսվա ընթացքում զգալիորեն չբարելավվեն մարդու իրավունքերի և այլ հարցեր:

Վեհաժողվն իր զեկուցման մեջ անդրադարձել է վստահության հանրաքվեի և նախագահի հրաժարականի վերաբերյալ պահանջներին:

«Պնդելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է լիովին կատարեն անցյալ տարվա ընտրություններին վերաբերող հանձնարարականները, վեհաժողովը կարծում է, որ ընդդիմությունը, լիովին վայելելով խաղաղ հավաքների իրավունքը, պետք է ձգտի իր նպատակներին հասնել սահմանադրության շրջանակներում»:

Վեհաժողովը նաև կոչ է արել ընդդիմությանն ու իշխանությանը «զերծ մնալ որևէ գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա բռնությունների, և առանց նախապայմանների սկսել երկխոսություն»:

Այս շաբաթ ընդդիմադիրները, արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությանը, երկուշաբթի և երեքշաբթի օրերին «քաղաքական խորհրդակցություններ» սկսեցին, սակայն դրանք շատ արագ ընդհատվեցին:

«Արդարություն» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը և Արշակ Սադոյանը հայտարարեցին, որ դադարեցնում են մասնակցությունը, քանի որ արդեն իսկ խախտվել են իրենց ներկայացրած 10 պահանջ առաջարկություններից երկուսը:

Նախ, իշխանությունները շարունակում են ոտնահարել սահմանադրությամբ երաշխավորված ՀՀ քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը (ըստ ընդդիմադիրների, հանրահավաքից առաջ ոստիկանությունը փակել էր մարզերից Երևան եկող ճանապարհները):

Եվ երկրորդ, հակառակ ընդդիմության պահանջին՝ «Հանրահավաքների, ցույցերի և երթերի անցկացման մասին» օրինագծի քննարկումը հետաձգել մինչև խորհրդարան իրենց վերադարձը, այն դրվել է քվեարկության և ընդունվել երկրորդ ընթերցմամբ:

Այս շաբաթվա սկզբին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չհամաձայնեց, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ են իրականացվում:

«Ես համարում եմ, որ չկան քաղաքական հետապնդումներ, որ բոլոր խոսակցությունները ճանապարհները փակելու և այլնի մասին ստեր են և իրենց անգործությունն արդարացնելու միջոց»,- ասաց նախարարը լրագրողներին:

Լրագրողներից մեկի այն պնդմանը, թե ինքն անձամբ է ականատես եղել ճանապարհները փակելու փաստերին, նախարարն ասաց, որ իշխանությունները պարզապես «ստուգել են» և ոչ թե «փակել» ճանապարհները:

«Դա ոստիկանության պարտականությունն է,- ասել է Սարգսյանը: - Երբ ագրեսիվ քաղաքական ուժերն ասում են, որ բռնությամբ իշխանություն են փոխելու, ոստիկանությունն ուղղակի պարտավոր է ստուգումներ անել»:

Հինգշաբթի օրը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը մտահոգություն հայտնեց ընդդիմության կողմնակիցների և առաջնորդների վրա վերջերս իրականացված հարձակումների պատասխանատուների բացահայտման գործում «առաջընթացի տագնապահարույց բացակայության» կապակցությամբ:

«Անհրաժեշտ է անցկացնել այս միջադեպերի շտապ, արդյունավետ և արդար հետաքննություն: Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի համաձայն»,- ասված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի` արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղղված նամակում:

(Հոդվածում օգտագործվել են նաև տեղեկություններ www.armenialiberty.org-ից):


According to Agnes
 

  Inside
 

Fruitful Partnership: Armenia Tree Project helps villages to put down roots of economic recovery

Full story

 
 

Crackdown on Crackdown: Council of Europe scolds Armenia

Full story

 


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Tanets!

Honored Artist of Russia Nadezhda Babkina was among performers during Russian Cultural Days this week in Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.