Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի պաշտպանը վերադարձել է Բուդապեշտից, ուր մեկնել էր Մարգարյանի սպանության մեջ ամբաստանվող ադրբեջանցի սպայի դեմ հարուցված գործին ծանոթանալու նպատակով:
 |
Նազելի Վարդանյանը և Տիգրան Ջանոյանը |
Հայաստանի փաստաբանների միջազգային միության անդամ Նազելի Վարդանյանը հանդիպումներ է ունեցել հունգար գործընկեր Գաբրիելա Գասպարի հետ նախաքննության մանրամասների հետ ծանոթանալու նպատակով:
Վարդանյանը ներկայացնում է Մարգարյանի իրավահաջորդի շահերը: Հայ սպա Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվել է փետրվարի 19-ին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի վերապատրաստման դասընթացներին մասնակցելիս: Վարդանյանը ներկայացնում է նաև այս գործով տուժող ճանաչված երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին:
Ակնկալվում է, որ գործի նախաքննությունը կավարտվի 2-3 շաբաթից: ՆԱՏՕ-ի նույն ծրագրի մասնակից երկու ադրբեջանցի սպաներից մեկը՝ ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը, մեղադրվում է Մարգարյանին քնած վիճակում կացնահարելու միջոցով սպանելու և Մակուչյանի նկատմամբ մահափորձի մեջ:
Նազելի Վարդանյանը իրավաբանական կրթություն է ստացել Երևանում, ապա ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ասպիրանտուրան Մոսկվայում և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Վարդանյանը միջազգային իրավունքի մասնագետ է և տիրապետում է անգլերենին ու գերմաներենին, ինչը շատ կարևոր է առաջիկա դատավարության առումով:
Վարդանյանին իրավական աջակցություն ցուցաբերող միության ղեկավար Տիգրան Ջանոյանն արձանագրում է, որ ենթադրվում է, թե Սաֆարովը սպանել է Գուրգեն Մարգարյանին, ապա փորձել է ներխուժել Մակուչյանի սենյակ: Նախաքննության տվյալներով, դռան փականի շրջանում հայտնաբերվել են կտրող գործիքի հետքեր: Ադրբեջանցի սպան նաև փորձել է սենյակից դուրս կանչել Մակուչյանին:
«Երկուսն էլ տուժող են ճանաչվել և ամենակարևորը՝ հանցագործությունն ուղղված է եղել միայն հայազգի քաղաքացիների դեմ, այսինքն՝ որպես սպանության շարժառիթ ծառայել է ազգային հատկանիշը՝ հայ լինելու հանգամանքը»,- ասում է Ջանոյանը:
Ադրբեջանական կողմը դեպքից անմիջապես հետո փորձում էր կատարվածը ներկայացնել իբրև կենցաղային միջադեպ: «Սակայն պետք է ասել, որ քննությունը մինչև օրս չի կարողացել ստանալ որևէ տեղեկություն այն մասին, թե ադրբեջանցի և հայ սպաների միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ կամ հակակրանքի ցուցադրում»,- նշում է Ջանոյանը:
Փաստաբանի կարծիքով ադրբեջանական կողմը երկակի խաղ է խաղում՝ փորձելով ոճրագործին ազգային հերոս դարձնել՝ զարգացնելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Խոջալուում զոհվածների համար վրեժխնդրության վարկածը:
«Այս հակասությունն ակնհայտ է նաև հունգարական իշխանությունների, մասնավորապես՝ նախաքննական մարմնի համար: Եթե փորձեն դատավարությունը քաղաքական շոուի վերածել, կարծում եմ, մենք նույնպես պատրաստ կլինենք ներկայացնել Խոջալուի դեպքերի իրականությունը»,- ասում է Ջանոյանը՝ ընդգծելով, որ առայժմ հայկական կողմն իրավական դաշտից դուրս գալու մտադրություն չունի:
Ջանոյանի հավաստմամբ քննությունը պարզել է, որ «հանցագործության գործիք ճանաչված կացինը ձեռք է բերվել նախօրոք, դեպքից մոտ 2 շաբաթ առաջ, Բուդապեշտում»:
ՆԱՏՕ-ի ծրագրի մասնակից երկրորդ ադրբեջանցի սպայի ցուցմունքների համաձայն, Սաֆարովը կացինը «ձեռք է բերել որպես հուշանվեր՝ հոր համար»: Ջանոյանը կասկած է հայտնում, թե որքանով էր այդ հսկայական գործիքը (կտրող մասի չափերը՝ 17 X 12 սմ, երկարությունը՝ 65 սմ) իսկապես «լավագույն հուշանվեր՝ Հունգարիայից Հարավային Կովկաս հասցնելու համար»:
«Սաֆարովը նախապես պլանավորել է հայ սպաների նկատմամբ դաժան հանցագործությունը, ձեռք բերել հանցագործության գործիք, ընտրել ուսումնական կորպուսի բնակելի հատված և հետևողականորեն իրականացրել հանցագործությունը: Երկրորդ հայ սպայի սպանությունը տեղի չի ունեցել հանցագործի կամքից անկախ հանգամանքներում»,- պնդում է Ջանոյանը:
Հանցագործության վայրը մանրակրկիտ զննվել է, արձանագրվել են արյան հետքերը, որ հանցագործը ենթադրաբար թողել է Մակուչյանի սենյակը որոնելիս:
Հունգարական օրենսդրությունը սպանության համար նախատեսում է 10-15 տարի կամ ցմահ ազատազրկում: Դատարանը դեռ պետք է որոշի, դատավարությունը դռնփակ է լինելու, թե՝ ոչ: Դատապարտվելու դեպքում բացառված չէ, որ Սաֆարովը պատիժը կրելու համար տեղափոխվի հայրենիք:
«Ադրբեջանը և Հունգարիան ստորագրել են դատապարտյալների հանձնման կոնվենցիան, բայց դա պարտադիր հանձնում չի ենթադրում: Հունգարական կողմը պետք է որոշի՝ հանձնել, թե ոչ,- աում է Վարդանյանը: - Հունգարիան պատրաստվում է միանալ Եվրամիությանը մայիսի 1-ին, և չեմ կարծում, թե դատարանի վրա որևէ ճնշում լինի, քանի որ նրանք ուզում են ապացուցել աշխարհին, որ պատրաստ են անդամագրվելու այս կառույցին: Մենք էլ պասիվ չենք այդ առումով, որպեսզի թույլ տանք ճնշում իրականացվի»:
|