Շիրակի մարզի Այգաբաց գյուղում գրանցվել է սիբիրախտով մարդու հիվանդացության դեպք: Անցյալ շաբաթ «ԱրմենիաՆաուն» գրել էր գյուղում բռնկված համաճարակի մասին, որի հետևանքով սատկել էր 40 գլուխ անասուն:
 |
Տիգրան Սահակյանը |
Երեքշաբթի՝ ապրիլի 27-ին, վարակված անասունի հետ շփում ունեցած գյուղի բնակիչ Հարություն Խաչատրյանի մոտ նկատվել են սիբիրախտով վարակվածության ախտանիշներ, և նրան տեղափոխել են Գյումրու հիվանդանոց:
Բժիշկների հավաստմամբ, Խաչատրյանի վիճակը բավարար է, սակայն գյուղում իրավիճակը մնում է լարված, իսկ կենդանիների անկման դեպքերը շարունակվում են:
«Այս շաբաթ գյուղում անկած կենդանիների թիվը հասել է 48-ի,- ասում է գյուղապետ Գագիկ Ալթունյանը: - Գյուղը դեռևս գտնվում է կարանտինի մեջ, հանձնաժողովի անդամները հաճախ այցելում և ուսումնասիրություններ են անում, սակայն մեր վիճակը մնում է անորոշ»:
Համաճարակն Այգաբացում սկսվեց ապրիլի 15-ից հետո, երբ սիբիրախտի դեմ իրականցված պատվաստումից հետո կենդանիները սկսեցին սատկել:
Հանրապետության գլխավոր անասնաբույժ Անուշավան Աղաջանյանը, գյուղ այցելելով, նախնական կարծիք հայտնեց, որ կենդանիների անկման պատճառը սիբիրախտն է:
Կազմվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզի, թե արդյոք պատվաստանյութն է եղել համաճարակի բռնկման պատճառը: Հետազոտման համար նմուշներն ուղարկվել են Մոսկվա:
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը չի հրապարակում պատվաստանյութն արտադրած ընկերության անվանումը: Սակայն նա հայտարարել է, որ եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ կենդանիների անկման պատճառը պատվաստանյութն է, ապա ընկերությունը ստիպված կլինի գյուղացիներին փոխհատուցում տալ:
«Այն մեկնաբանությունները, թե Այգաբացի դեպքերի պատճառը մեր արտադրած պատվաստանյութն է, հերյուրանք է»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց «Բիոպրեպարատ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Սահակյանը:
Սահակյանն ասում է, որ ընդամենը 15 օր առաջ նույն պատվաստանյութը ներարկել են Վայքի ավելի քան 400 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, և որևէ անցանկալի երևույթ կամ բարդություն կենդանիների մոտ չի նկատվել:
«Պատվաստանյութն արտադրվել է 5 տարիների ընթացքում, միշտ նույն գիտական խմբի կողմից, և այդ տարիների ընթացքում մոտ 10 միլիոն պատվաստում է արվել հանրապետության տարբեր շրջանների կենդանիներին,- ասում է Սահակյանը: - Եվ երբևէ նման պատմություն չի եղել: Ճիշտ է, ներարկման ժամանակաշրջանը համընկել է կենդանիների անկման հետ, սակայն միայն դա բավական չէ մեր ընկերությանը մեղադրելու համար: Եթե հինգ տարվա ընթացքում մեր պատվաստանյութը ոչ մի խնդիր չի առաջացրել, դա արդեն ինքնին խոսում է իր մասին»:
 |
Պատվաստանյութը |
Տիգրան Սահակյանի հավաստմամբ, նախքան կիրառելը պատվաստանյութը ստուգվում է մասնագետների կողմից, իսկ այդ ստուգումները Այգաբացում կիրառված պատվաստանյութում ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել:
«Պատվաստանյութում չկան այնպիսի բաղադրիչներ, որոնք կարող են առաջացնել սիբիրախտ,- ասում է Սահակյանը: - Պրեպարատն ինքը կարող է պայքարել սիբիրախտի դեմ, բայց չի կարող առաջ բերել այդ հիվանդությունը»:
Այգաբացի դեպքն ուսումնասիրող գիտնականների թվում է անասնաբուժական գիտությունների թեկնածու Մերուժան Զադայանը, որի հավաստմամբ, համաճարակի պատճառը պատվաստանյութը չէ:
«Հակասիբիրախտային շիճուկն այն եզակի դեղորայքներից է, որը ներարկման խիստ կանոններ ունի,- ասում է Զադայանը: - Այդ կանոնները գյուղում ակնհայտորեն խախտվել են»:
Մասնագետի հավաստմամբ, պատվաստանյութն արգելվում է ներարկել, օրինակ, հղիության վերջին շրջանում գտնվող անասուններին, ցուրտ կամ շոգ եղանակին, հյուծված անասուններին: Չի կարելի նաև շիճուկը ներարկել այլ պատվաստանյութի հետ խառնած (Այգաբացում պատվաստման օրերին ջերմաստիճանը գիշերները 0-ից ցածր է եղել):
Ըստ Զադայանի, սիբիրախտի դեմ պատվաստանյութը կովերին ներարկվել է մեկ այլ հիվանդության դեմ պատվաստանյութի հետ խառնած:
«Ես չեմ ուզում շտապել, սակայն Այգաբացում ակնհայտորեն խնդիրն այլ է, առկա են մի քանի հիվանդության ախտանիշներ,- ասում է Սահակյանը,- սատկել են ոչ միայն չպատվաստված կենդանիներ, այլ նաև շներ ու կատուներ, որոնք սիբիրախտով չեն վարակվում»:
|