ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 30, 2004




Մեռնելու չափ ծխել են ուզում. հակածխախոտային քարոզարշավը պետք է փոխի մարդկանց մտածելակերպն ու սովորույթները

Թերթում ծխախոտի գրավիչ գովազդին կցված է թափանցիկ ցելոֆանի մեջ խնամքով փաթաթված երկու գլանակ: Այդ գովազդը մատչելի է բոլորին և իսկական գայթակղություն է հատկապես դեռահասների համար, որոնց նման նյութական խթանը կարող է ծխամոլ դարձնել:

Մեկ տարի առաջ առողջապահության մասնագետները հուսով էին, որ «Ծխախոտի մասին օրենքի» ընդունումը սահմանափակումներ կմտցնի այս ոլորտում: Սակայն 2004 թվականի մարտին Ազգային ժողովը երկրորդ անգամ մերժեց «Ծխախոտի մասին օրենքը»: Ծխախոտի գովազդն ու քարոզչությունը նորից հունի մեջ ընկան, իսկ ծխողների շարքերը սկսեցին աճել:

Ըստ վիճակագրության, այսօր Հայաստանում ծխում է տղամարդկանց մոտ 70 տոկոսը: Կանանց մասին ստույգ տվյալներ չկան, քանի որ շատերը թաքցնում են իրենց հակումը դեպի այդ կործանարար սովորույթը: Սակայն մասնագետները հավաստում են, որ կանանց շրջանում ծխողների թվի արագ աճին, մասնավորապես, նպաստում է այն տարածված կարծիքը, թե ծխող կինը նորաձև, ժամանակակից ու սեքսուալ է:

Առողջապահության մասնագետներին հատկապես մտահոգում է իրավիճակը դեռահասների շրջանում, ինչը, նրանց կարծիքով, Հայաստանում ծխելու հետևանքների թերագնահատման արդյունք է:

«Ծխում են ամենուր՝ աշխատավայրում, սրճարաններում, նույնիսկ տրանսպորտում,- ասում է «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամի նախագահ Դավիթ Պետրոսյանը: - Թե փորձես մեկին նկատողություն անել, կամ շրջապատի կողմից կընդունվես որպես վատ մարդ, կամ էլ կարժանանաս քմծիծաղի, քանի որ այս ոլորտը կարգավորող օրենք մինչև այժմ չկա, իսկ հակածխախոտային պայքարը Հայաստանում շատ թույլ է: Դե բժիշկներն էլ պատրաստ չեն բացատրելու մարդկանց այս սովորույթի իրական վտանգը»:

Պետրոսյանն ասում է, որ «Ծխախոտի մասին օրենքը» կարող էր որոշ չափով փոխել իրավիճակը՝ կանխելով ծխելու համաճարակի տարածումը: Օրենքի նախագիծը լուրջ սահմանափակումներ էր նախատեսում ծխախոտի գովազդի, հասարակական վայրերում ծխելու և այս ոլորտին առնչվող շատ իրողությունների առումով:

Օրենքով նախատեսվում էր արգելել գունավոր գովազդը թերթերում, պարբերականներում և հեռուստատեսությամբ: Ծխելը պետք է արգելվեր դպրոցների և այլ մանկապատանեկան հաստատությունների շրջակայքում, իսկ ծխախոտային ընկերությունները պետք է իրավունք չունենային հովանավորելու երիտասարդների համար նախատեսված ռադիո և հեռուստատեսային հաղորդումները:

«Ծխելու հետևանք հանդիսացող հիվանդացությունը, հաշմանդամությունն ու մահացությունը մեզանում այսօր հասել են աներևակայելի չափերի: Մտահոգիչ են թոքերի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները,- ասում է Պետրոսյանը: - Ցավոք, ԱԺ պատգամավորները լրջորեն չեն ընդունում իրավիճակը: Նման անլուրջ մթնոլորտում էլ չընդունվեց օրենքի նախագիծը, քանի որ ոչ մեկը չէր կարծում, թե օրենքը չընդունելու հետևանքով վաղը կարող են չընտրվել: Հասարակությունը պետք է փոխի իր կարծիքն այս հարցի վերաբերյալ»:

Կարող է թվալ, թե այսօր Հայաստանում այս հարցի մասին հասարակական կարծիք չկա, սակայն առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանի հավաստմամբ, շահագրգիռ անձինք և կազմակերպություններն անելու են ամեն ինչ իրավիճակը փոխելու համար:

«Օրենքն արդեն երկու անգամ մերժվել է, սակայն դրանից հետո անցած այս մեկ տարվա ընթացքում հակածխախոտային պայքարը բավական աշխուժացել է,- ասում է Բազարչյանը: - Ակտիվացել են հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, պատրաստվում են նոր միջոցառումներ»:

Պետրոսյանի հավաստմամբ, շուտով օրենքի նախագիծը նորից ներկայացվելու է ԱԺ: Նա ասում է. «Աշխատանքներ են տարվում, հստակեցումներ են կատարվում այդ ուղղությամբ: Հակածխախոտային պայքարը մեկ-երկու օրվա բան չէ: Վերջիվերջո, պետք է պաշտպանվեն նաև չծխողների շահերը»:

Բազարչյանն ասում է, որ մայիսի 31-ին՝ Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը, Երևանում նախատեսվում է անցկացնել հակածխախոտային ակցիա «Ծխախոտը և աղքատությունը» կարգախոսով: Պատրաստվում է կայքէջ (վեբ սայթ)՝ http://www.tobaccocontrol.am, որը կներկայացնի Հայաստանում ծխելուն վերաբերող տեղեկություններ ու վիճակագրություն: Նախատեսվում է նաև հրատարակել գիրք ծխելու իրական վտանգների մասին»:


According to Agnes
 

  Inside
 

Fruitful Partnership: Armenia Tree Project helps villages to put down roots of economic recovery

Full story

 
 

Crackdown on Crackdown: Council of Europe scolds Armenia

Full story

 


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Tanets!

Honored Artist of Russia Nadezhda Babkina was among performers during Russian Cultural Days this week in Armenia.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.