ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 30, 2004




Արգասավոր համագործակցություն. «Հայաստան ծառատունկ» ծրագիրն օգնում է գյուղացիներին դնելու տնտեսական վերականգնման հիմքերը

Երևանից 300 կմ հեռու, անտառապատ լեռների ստորոտում թաքնված Ձորավանք գյուղում անցյալ շաբաթ նշվեց Երկրի օրը:

«Հայաստան ծառատունկ» ծրագիրը և «Ջինիշյան հուշամատյան» հիմնադրամը գյուղի դպրոցին հարող մեկ հեկտար տարածքում հիմնադրեցին պտղատու այգի` տնկելով շուրջ 600 ծառ: Ձորավանքի 230 բնակիչները հավաքվել էին իրենց հյուրերին դիմավորելու և ծառատնկին մասնակցելու:

ԱՄՆ-ի դեսպանը ծառ է տնկում

50-ամյա Ժաննա Մկրտումյանը զարմացած է, որ իրենց էլ են հիշել ու որոշել նման միջոցառում անցկացնել իրենց գյուղում: Նրա համար օրը վերածվել է իսկական տոնի: «Էսքան ծառ ենք տնկելու, սա կյանքի շարունակության իմաստն է կրում»,- ասում է նա:

Ծառատունկը սկսվում է ավանդական օրհնությամբ: Քահանան աղոթք է ասում` օրհնելով արտերն ու անտառները, աղոթում է նաև, որ տնկիներն Աստծո կամքով լավ բերք տան:

Մինչև հյուրերի ժամանելը, գյուղացիներն արդեն փոսեր են փորել տնկիների համար: Յուրաքանչուր փոսի կողքին գոմաղբ է լցված: Գյուղատնտես Գենիկ Մովսիսյանը մանրամասնորեն բացատրում է, թե ինչպես պետք է տնկել ծառը:

«Տնկելուց առաջ լցնում ենք մի քիչ հող, հետո` գոմաղբ: Դրանք բահով խառնում ենք իրար, հետո մի քիչ ջուր ենք լցնում: Հետո տնկին դնում ենք փոսի մեջ ու հող լցնում»,- ասում է նա:

Ծառատնկին մասնակցում է նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը, տիկնոջ` Մերիջո Օրդուեյի հետ: Դեսպանը հպարտությամբ ասում է, որ Հայաստանում բազմաթիվ ծառեր է տնկել իր պաշտոնավարության ընթացքում (որը կավարտվի սեպտեմբերին), բայց իր հիշողության մեջ կմնան հատկապես Ձորավանքում ու Այգուտում տնկած ծառերը:

«Սրանք պարզապես ծառեր չեն: Ստեղծվում է պտղատու այգի, որի նշանակությունը բավական մեծ կլինի այս համայնքի համար»,- ասում է Օրդուեյը:

«Հայաստան ծառատունկ» ծրագիրը Գեղարքունիքի մարզի այս տարածքում նման միջոցառումներ իրականացնում է արդեն երկրորդ տարին: Սկսել են հարևան Այգուտ գյուղից, որը Ձորավանքից 8 կմ հեռու է:

Մարզերի ծրագրի ղեկավար Մհեր Սադոյանն ասում է. «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս շրջանն ամենամեկուսացվածն ու սոցիալապես խիստ անապահովն է: Այգիներ հիմնադրելով՝ կօգնենք համայնքներին: Սա ոչ միայն ծառատունկ է, այլև համայնքների վերականգնման ու զարգացման ծրագիր»:

Ըստ Սադոյանի, 10-15 տարի հետո այգին բավական բերք կտա: Ձորավանքը ադրբեջանական սահմանից հեռու է 30 կմ: Գյուղի բնակիչներն Ադրբեջանի Շամխորի շրջանի հայաբնակ գյուղերից փախստականներ են, որոնք հաստատվել են այստեղ 1988 թվականին:

Գյուղապետ Նիկոլայ Խալաթյանն ասում է. «Այն կողմերում մենք հիանալի խաղողի, դեղձի այգիներ ունեինք, շատ ենք ուզում, որ այս ձորերը նմանվեն մեր կորցրածին: Գյուղի ծառերը հին են և այլևս բերք չեն տալիս: Սա հիանալի առիթ է մեր գյուղի հետագա զարգացման համար»:

Գյուղի բնակիչներն առիթը բաց չեն թողնում պատմելու իրենց հոգսերից ու ցանկություններից: Ձորավանքի դպրոցի տնօրեն Ալվարդ Սարիբեկյանն ասում է. «Կուզենայինք, որ գյուղում կաթի փոքր արտադրամաս լիներ, պանրի արտադրությամբ զբաղվեինք: Այս կողմերի ժողովուրդը նաև լավ խալի է գործում, կարելի էր նաև խալու արտադրություն կազմակերպել»:

Օգնում էին նաև փոքրերը

«Հայաստան ծառատունկ» ծրագիրը համագործակցում է մի շարք միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ, որոնց թվում են Պարենի համաշխարհային ծրագիրը, «Հայֆեր փրոջեքթ ինթերնեշնլ» ծրագիրը, «Օրրան» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցման ծրագիրը: Այգուտում ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտն արդեն ստեղծել է կաթնահավաք կետ:

«Հայաստան ծառատունկ» կազմակերպության հասարակայնության հետ կապերի համակարգող Կարեն Սարկավագյանն ասում է. «Գետիկ գետի հովտում բացի Ձորավանքից ու Այգուտից կա ևս 11 գյուղ, որտեղ աստիճանաբար կիրականացնենք տնտեսական առողջացման ծրագրեր, որոնք իրենց մեջ կներառեն թե' անտառավերականգնման, թե' աղքատության հաղթահարման միջոցառումներ»:

Այգուտի գյուղացիները հավաստում են, որ տարին հաջող է եղել ծառերի համար: Ծառերի յուրաքանչուր շարքը խնամում է դպրոցի մի դասարան:

12-ամյա Հասմիկն ասում է. «Այնքան սիրով եմ խնամում ծառերը: Այսօր էլ անհամբերությամբ սպասում էինք, որ հյուրերին ցույց տանք, թե ինչպես ենք այս ծառերը մի տարի պահել»:

Հրաժեշտի ժամանակ ծրագրի տնօրեն Սյուզան Յաքուբյան Քլայնն ասում է. «Ձորավանքում տնկված ծառերը հույսի ծառեր են, ոչ միայն Ձորավանքի, այլ ամբողջ Հայաստանի համար: Մեր հայրենիքում ամեն ինչ շարունակական է»:

«Հայաստան ծառատունկ» ծրագիրն այս տարի նշում է իր տասնամյակը: Ծրագիրը Հայաստանում տնկել ու վերականգնել է ավելի քան 500000 ծառ 450 տարբեր վայրերում՝ Գյումրիից մինչև Գորիս:


According to Agnes
 

  Inside
 

Fruitful Partnership: Armenia Tree Project helps villages to put down roots of economic recovery

Full story

 
 

Crackdown on Crackdown: Council of Europe scolds Armenia

Full story

 


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Tanets!

Honored Artist of Russia Nadezhda Babkina was among performers during Russian Cultural Days this week in Armenia.

 

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.