Ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ Հայաստանում իր ձևի մեջ եզակի գրքի շնորհանդես և բացվեց եղեռնի թեմաներով ցուցահանդես:
Գրաֆիկական նովելներով այս գիրքը, որի ժանրն առավել հայտնի է ֆրանսերեն «բանդ դեսինե» անվանումով, նկարիչ Տիգրան Մանգասարյանի և ռեժիսոր Ռուբեն Ծատուրյանի համագործակցության արգասիքն է: Նրանք նախատեսում են «Լռություն» խորագրով գրաֆիկական նովելներ հրատարակել 7 գրքով:
«Երբ մեր գրքի հերոսին հարցնում են եղեռնի դառն օրերի մասին, նա ասում է, որ չի կարող խոսել, որ ծանր է հիշել տեղի ունեցածը և ինքը գերադասում է լռությունը»,- բացատրում է Մանգասարյանը: Նա կարծում է, որ սարսափն այնքան մեծ էր, որ դրա մասին խոսելն անմարդկային է:
Սակայն հեղինակներն իրենց «Լռություն» վերնագրին տվել են նաև մեկ այլ գաղափարական իմաստ. «Այս գրքով մենք աշխարհին ազդարարում ենք, որ եկել է ժամանակը խոսելու այդ զարհուրելի օրերի մասին, մենք կոտրելու ենք լռությունը»,- ասում է Մանգասարյանը:
Գեղեցիկ, ազդեցիկ ու մանրակրկիտ գրաֆիկական աշխատանքներով և ռեժիսորական ճշգրիտ, լարված գծով գրքում պատկերված է 1915 թվականի ցեղասպանության զոհը դարձած երիտասարդ հերոսի կյանքը:
«Մեր գրքի կերպարները, Հարություն և Հայկուհի խորհրդանշական անուններով, վերցված են իրական կյանքից: Եղեռնից մազապուրծ եղած ճակատագրեր շատ կան, սակայն մենք ընտրեցինք առավել ընդհանրական կերպար»,- ասում է Ռուբեն Ծատուրյանը:
«Բանդ դեսինե» ոճը Հայաստանում տարածված չէ: Մանգասարյանն ու Ծատուրյանը, որոնք իրենց առաջին հատորը վերնագրել են «Նամակ Կոստանդնուպոլսից», կարծում են, որ այն հասարակության ուշադրությունը ցեղասպանության խնդրին բևեռելու մատչելի միջոց է: Ֆիլմի կադրերի նման իրար հաջորդող նկարներն առաջին էջից գրավում են ընթերցողին սյուժեի դրամատիկ ընթացքով:
«Տեսողական արվեստը շատ ավելի մեծ և արագ ազդեցություն ունի, քան ցանկացած գիտական գիրք: Եթե այսօր մենք լավ ֆիլմ նկարելու հնարավորություն չունենք, ապա երկրորդ ամենատարածվող միջոցը գրաֆիկական նովելներն են»,- ասում է Մանգասարյանը:
Նրա կարծիքով, հայերը պետք է սովորեն Ողջակիզման խնդիրն աշխարհով մեկ բարձրացնելու հրեաների փորձից: Ամենահայտնի «բանդ դեսինե» գրքերից մեկը «Մկներ» գրաֆիկական նովելն է, որը, որոշ փորձագետների պնդմամբ, ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Սպիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը: Այդ գրքում համակենտրոնացման ճամբարում զոլավոր շապիկներ հագած մկները ներկայացնում են հրեաներին, սվաստիկաներով կատուները գերմանացիներն են, իսկ հրեաներին մատնող խոզերը՝ լեհերը:
Հայկական գրքի հեղինակները համոզված են, որ ցեղասպանության դառը պատմության ներկայացման այս ձևը շատ հարմար է զարգացած երկրների համար, որտեղ մարդիկ պարզապես գիրք ընթերցելու ժամանակ չունեն:
«Բացի այդ, որքան էլ նկարագրես թուրք մարդասպանի զարհուրելի դեմքը, որի համար երեխա մորթելը նույնն է, ինչ հավի ճուտ սատկացնելը, այդ դեմքը պետք է նկարել: Մարդիկ ոչ միայն պետք է պատկերացնեն այդ աչքերը, այլև պետք է տեսնեն դրանք, որպեսզի հասկանան մի ամբողջ ազգի չճանաչված ողբերգությունը»,- կարծում է Մանգասարյանը:
Նա հասկանում է Հայաստանում առկա այն մտավախությունը, որ եթե ցեղասպանության ներկայացման ձևերը չհիմնավորվեն փաստերով, ապա դրանք կարող են կորցնել իրենց արժեքը: Սակայն Մանգասարյանը համոզված է, որ իրականության գեղարվեստական ներկայացմամբ ցեղասպանությունն ավելի արագ կարժանանա ճանաչման:
«Բազում փաստագրական նյութեր ու հաստափոր գրքեր կան Ցեղասպանության թանգարանում, բայց ո՞վ է կարդում դրանք: Անգամ ինձ համար, որ գործի բերումով պետք է կարդայի որոշ գրքեր, սարսափելի դժվար էր, ամեն անգամ փորձում էի հետաձգել, մեկ այլ աղբյուր գտնել»,- ասում է նկարիչը:
Ամեն գրքի վերջում հեղինակները նախատեսել են զետեղել համապատասխան փաստագրական մեկ լուսանկար և ցեղասպանության զոհ դարձած անձանց անունների ցուցակ՝ ծննդյան տարեթվով ու բնակության վայրով: Կզետեղվի նաև այն երկրների ցուցակը, որոնք ճանաչել են Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության փաստը:
Հայաստանի Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը «Լռություն» գրաֆիկական նովելը գնահատել է որպես շատ արդիական մի երևույթ. «Այս գիրքն անհրաժեշտ է ոչ միայն աշխարհին մեր ողբերգության մասին պատմելու, այլ նաև այստեղ և սփյուռքում երիտասարդ սերնդին իրենց ազգի դառը էջերին հաղորդակից դարձնելու նպատակով, թեև ինձ համար ծանր է ընդունել, որ նոր սերունդը քիչ է կարդում և տարվում է նման տեսողական ու հեշտ ընկալելի միջոցներով»:
«Լռություն» շարքի առաջին գիրքը, որն ընդգրկում է զգացումային ու վառ կերպարներով լի ավելի քան 300 գրաֆիկական աշխատանքներ, տպագրության համար արդեն ուղարկվել է Ֆրանսիայի մի քանի հրատարակչություններ: Հերոսի դրամատիկ կյանքի պատմությունը կշարունակվի հաջորդ գրքում, որը հեղինակներն արդեն անվանել են «Նամակ ավազի վրա»: Այն պատմելու է Դեր Զոր անապատում իրականացված կոտորածի մասին:
|