Ապրիլի 16-24-ը Հայաստանում անցկացվեց «Երգ միասնության» հայ-ամերիկյան երգչախմբային առաջին փառատոնը:
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Լեքսինգտոն քաղաքի հանրակրթական դպրոցի երգչախումբը մասնակցում էր փառատոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան, Գյումրիի արվեստի դպրոցի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի հետ:
 |
Հայաստանցի և ամերիկացի դիրիժորները շատ գոհ էին
|
Երգչախմբային այդ շաբաթն իրականացվում էր Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ:
«Գաղափարը ծնվեց, երբ Լեքսինգտոնի երգչախումբը ցանկություն հայտնեց գալ Հայաստան, և ես որոշեցի, այս փոքրիկ առիթն օգտագործելով, փոքր-ինչ աշխուժացնել Հայաստանի երգչախմբային կյանքը»,- ասաց մաեստրո Տիգրան Հեքեքյանը։
Փառատոնն անցավ Երևանում, Աշտարակում և Գյումրիում: Համերգներով ու խնջույքներով լի այդ օրերը միավորեցին հարյուրավոր պատանիների:
«Մենք չգիտեինք, թե ուր ենք գալիս, շատերիս ծնողները դեմ էին այս ճամփորդությանը, բայց այսօր ես ուղղակի չեմ ուզում վերադառնալ: Այստեղ մարդիկ այնքան ջերմ են, հյուրընկալ ու սրտաբաց»,- ասում է Լեքսինգտոնի երգչախմբի անդամ Կատյա Դրեյեր-Օրենը:
Լեքսինգտոնի երգչախումբը, որ բաղակացած է 150 անդամներից, Հայաստան էր եկել 30 հոգով. ըստ երգչախմբի ղեկավար Բրայան Օ'Քոնելի, շատերը խուսափեցին գալ ներքաղաքական իրավիճակի սրման պատճառով:
«Սակայն մենք այստեղ ենք և վստահ կարող ենք ասել, որ առավել հանգիստ ու գեղեցիկ երկիր աշխարհում չկա»,- ասում է Օ'Քոնելը:
Օտարազգի պատանիները, որոնք մինչև այստեղ գալն անգամ չէին լսել Հայաստանի մասին, ջերմությամբ երգում էին հայ հոգևոր ստեղծագործություններ` «Սուրբ-սուրբ», «Հայր մեր» և այլն:
Համերգները տեղի ունեցան տարբեր սրահներում և հայկական հինավուրց եկեղեցիներում:
«Իմ ականջներում հավերժ կհնչեն դարավոր եկեղեցում արձագանքող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի աստվածային ձայները,- ասաց Օ'Քոնելը: - Նրանք հրաշալի են երգում, ես ակամայից հուզվեցի ու չզգացի, թե ինչպես արցունքներն աչքերիցս հոսեցին»:
Մշակութային առաքելությունից բացի, Լեքսինգտոնի երգչախումբը Հայաստան էր ժամանել նաև բարեգործության նպատակով` բերելով գրենական պիտույքներ, հագուստ, երաժշտական գործիքներ և այլ նվերներ, որոնց մեծ մասը նվիրաբերեց Գյումրիի «Հույս» մանկատանը:
«Ես երբեք չեմ մոռանա մանկատան երեխաների թախծոտ աչքերը, ինչպես չեմ մոռանա մեր այս ճամփորդությունը, Հայաստանի յուրահատուկ բնությունն ու այստեղ ձեռք բերած ջերմ ու սիրելի ընկերներին»,- ասում է 17-ամյա Ռայան Մուրը:
Երգչախմբային փառատոնի վերջին միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 23-ին Եղեռնի հուշահամալիրում:
 |
Փառատոնն ավարտվեց ելույթով Եղեռնի հուշահամալիրում
|
Սա պետք է լիներ վերջին համատեղ միջոցառումը, սակայն պատանիները երեկոյան անսպասելի որոշում կայացրին. ապրիլի 24-ի գիշերը` ժամը երկուսին, օդանավակայան գնալուց առաջ մեկ անգամ էլ այցելեցին Ծիծեռնակաբերդ:
«Եղեռնի մասին չէինք լսել և հուզմունքն այնքան մեծ էր, որ մեկնելուց առաջ ուզեցինք մեկ անգամ էլ հարգանքի տուրք մատուցել չարիքի զոհերին»,- ասում է Ռայան Մուրը:
Գիշերվա աստղազարդ երկնքի ներքո երգիչների խումբը բարձրանում էր հուշահամալիր, մթության մեջ փարոսի նման առկայծում էին նրանց ձեռքերում վառվող մոմերը: Անմար կրակի մոտ նրանք կրկին երգեցին ու նրանց թևածող երգի արձագանքները տարածվեցին քնած քաղաքի վրա:
«Ես ապշել էի, թե ինչպես օտարազգի երեխաները կարող էին այդքան խոր ընկալել մեր ողբերգությունը, նրանք մոտ կես ժամ անշարժ ու լուռ կանգնած էին կրակի առաջ,- ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: |