«Սիրելի հայ եղբայրներս, մեր հարյուրամյակի մեծագույն ցավը, մարդկության ճակատին սև մուր դարձած ջարդերի, «աքսորի ընթացքում ծրագրված կերպով սպանված», կյանքը կորցրած բոլոր հայերի հիշատակի առաջ կխոնարհվեմ, ձեր ցավերը կընդունեմ որպես իմ ցավը: Որպես թուրք գրագետ, իմ անունով ձեզանից և մարդկությունից ներողություն կխնդրեմ»:
Այս բառերը գրել է թուրք գրող Քեմալ Յալչընը, որն իր ժողովրդի գործած մեղքերի դառը գիտակցումով փորձել է իր գրքով հաշտության ու եղբայրության ճանապարհ հարթել:
2001 թվականին Քեմալ Յալչընը հրատարակել է «Հոգիս քեզմով կը խայտայ» գիրքը, որում տպավորիչ ու հետաքրքիր գեղարվեստական լեզվով շարադրել է 1915 թվականի եղեռնի մի քանի դեպքեր:
«1989 թվականի ամռանը գնացի Թուրքիա, գիրքս պատրաստելու համար Ամասիայի մերձակայքում տարեց հայ կանանց պետք է գտնեի, 1915-ի ջարդերի կենդանի վկաների հետ խոսեի, Անին ու Աղթամարը պետք է տեսնեի,- իր գրքի նախաբանում գրում է հեղինակը: - Այդ ընթացքում բազմաթիվ հայերի դռներ թակեցի, նախապես այս մարդկանցից ոչ մեկն ինձ չէր ճանաչում: Առաջին անգամ էր, որ թուրքն իրենց անցյալի մասին էր հարցնում: Նրանց պատմածները միայն զգացումներ ու խոհեր չեն, դրանք առաջին հերթին նրանց կամ նրանց ժողովրդի և ընտանիքի դառը պատմություններ են»:
Յալչընը գիրքն սկսում է մի հետաքրքիր հանդիպման պատմությամբ, որն էլ հետագայում դարձել է այն գրելու պատճառ: Հեղինակը 1992 թվականին մեկնում է Գերմանիայի Դորտմունդ քաղաք վերապատրաստման դասընթացների, որտեղ ծանոթանում է թուրքերենի ուսուցչուհի Մելինեի հետ: Մելինեն հայ էր, որի ծնողները մազապուրծ էին եղել ջարդերից:
Մելինեի հետ ծանոթությունը փոխում է հեղինակի կյանքը, նրա վերաբերմունքն իր իսկ պետության նախկին ղեկավարների գործած ոճիրի նկատմամբ: Հեղինակի սրտում բույն դրած մեծ սերն ուժ է տալիս նրան հաղթահարելու բոլոր դժվարություններն ու վտանգները, որոնց հետ նա բախվում է գրքի նյութերը հավաքելու ճանապարհին:
«Ես հայ եմ, բայց կար ժամանակ, երբ վախենում էի ասել, վախենում էի խոսել հայերեն, ամբողջ կյանքում ծպտված լինելու այդ սարսափելի զգացումով են ապրել ու այսօր էլ ապրում են Թուրքիայի հայ կանայք, որոնք այն ժամանակ ստիպված ամուսնացան թուրքի հետ, որ մահից փրկվեն: Գնա, Քեմալ, գտիր այդ մարդկանց, խոսիր նրանց հետ, թող պատմեն իրենց տեսածն ու լսածը»,- ասում է Քեմալին Մելինեն:
«Քեզ համար` թեկուզ մեռնեմ»,- ասում է Քեմալն ու ճանապարհ ընկնում դեպի պատմության դառն ու մութ էջերը:
Արևելցուն հատուկ լեզվով գրված այս գիրքը գրավում է ընթերցողին դեպքերի ճշմարիտ ու հետաքրքական շարադրանքով: Մոտ 400 էջանոց գիրքը ներծծված է եղեռնի դառն հիշողություններով, յուրաքանչյուր հերոսի կենսագրությունը ողջ ժողովրդի ճակատագրի մի մասն է, որը կյանքի է կոչվել թուրք հեղինակի գրչով:
2001 թվականին այս գիրքը պետք է հրատարակվեր Պոլսում, սակայն հեղինակի հետ պայմանագիր կնքելուց մի քանի ամիս անց, հրատարակչության ղեկավարը զանգահարել է Յալչընին և ասել, որ
«վերևից եկած հրահանգի համաձայն «Հոգիս քեզմով կը խայտա» գիրքը չի հրատարակվի, պետք է սպասել»:
Հեղինակը սպասել չէր կարող և նույն տարի գիրքը տպագրեց Գերմանիայում սեփական միջոցներով: Առաջին հրատարակության տպաքանակը շատ շուտ սպառվեց, և երկրորդ հրատարակության համար հեղինակը կրկին մեկնեց Պոլիս, սակայն հրատարակչատանը գիրքն այլևս չկար:
«Գրքիս տպագրության պայմանագիր կնքած հրատարակչության պատասխանատու անձինք հայտնեցին, որ առանց ինձ հարցնելու և, մանավանդ, առանց որևէ ոստիկանական հարցաքննության կամ աննպաստ դատական որոշման, կտրելու գործիքով ոչնչացրել են գիրքը` ներկայացնելով «ոչնչացման վկայականը»»,- պատմում է Յալչընը` թուրք հասարակության նման վերաբերմունքին պատասխանելով թուրքերեն մի առածով՝ «Արևը ցեխով չի կարելի ծածկել»: Չնայած թուրք հրատարակիչները դեմ էին գրքի հրատարակմանը, այն լույս ընծայվեց գերմաներեն, թուրքերեն և հայերեն լեզուներով:
Հայաստանում գիրքը վաճառքի է հանվել դեռ անցյալ տարի և արժե 1500 դրամ: Այն տպագրվել է «Զանգակ» հրատարակչությունում 1000՝ օրինակ տպաքանակով:
«Այս գիրքը դարձավ յուրօրինակ կամուրջ` հուսադրելով մեզ` հայերիս, որ գուցե կգա մի ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը, կամ գոնե հասարակությունը, կընդունեն Հայկական ցեղասպանության փաստը»,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Գրքում զետեղված են նաև մի քանի նամակներ, որոնք հեղինակը ստացել է աշխարհի տարբեր երկրների ընթերցողներից՝ գրեթե բոլորը ցեղասպանությունից մազապուրծ եղած պանդուխտներ: Նրանք նշել են, որ այս գիրքը մի քիչ սփոփել է իրենց ցավերը:
«Հայկական դէպքերու վրայեն 80 տարի պէտք է անցնէր, որպէսզի թուրք գրիչ մը լոյս կարենայ սփռել անոնց վրայ, այս գրքին մեջ ճշմարիտ զոհերը, այսինքն՝ ականատեսները իրենց ապրածները պատմելով, հակառակ բոլոր ցավերուն, թուրքերուն կերկարեն հաշտութեան ձեռք»,- գրում է դոկտոր Թունճէր Միսքին:
Իսկ ծագումով հայ Բրենտա Պաշարը Գերմանիայից գրում է, որ շնորհակալության խոսքեր չի կարողանում գտնել գրքի հեղինակին հայտնելու համար. «Ձեր գիրքը կարդալու ընթացքին և ետքը իմ զգացած երջանկութիւնն ու սրտի խաղաղութիւնը բառերով կարելի չէ արտայայտել: Ձեր գրքին մեջ գտա այն հույսը, զօր երկար ժամանակէ ի վեր կորսնցուցած էի: Քո և քո նման պարկեշտ մտավորականներու շնորհիւ ցեղասպանութեան արյունոտ վերքը պիտի կարենանք դարմանիլ»:
|