Ըմբշամարտ (Եվրոպայի առաջնություն)
Հայաստանը ներկայացնող վեց ըմբիշ կմասնակցի այս շաբաթվա վերջին Շվեդիայի Հապարանդա քաղաքում մեկնարկող Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի 51-րդ առաջնությանը:
Եվրոպայի 36 երկրներից ժամանած ըմբիշների հետ կմրցեն գյումրեցիներ Աշոտ Խաչատրյանը (55 կգ քաշային կարգ), Վահան Ջուհարյանը (66 կգ) և Վահե Կարապետյանը (84 կգ), երևանցի Մովսես Կարապետյանը (74 կգ) և էջմիածինցիներ Ժորա Վարդանյանը (66 կգ) և Հայկազ Գալստյանը (120 կգ):
Հայ ըմբիշները (մարզիչ՝ Լևոն Ջուլֆալակյան) ներկայացված են հինգ քաշային կարգերում:
Թենիս (ՊԹԱ-ի ապրիլյան աղյուսակ)
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ՊԹԱ) հրապարակել է լավագույն թենիսիստների աղյուսակը ապրիլի 5-ի դրությամբ:
Ամերիկացի Անդրե Ագասին 4 մրցաշարում վաստակած 165 միավորով ընթանում է երրորդ տեղում:
Արգենտինացի Դավիթ Նալբանդյանը 51 միավորով 33-րդն է: Ի դեպ, անցյալ տարի Նալբանդյանը մտել էր լավագույն տասնյակի մեջ՝ գրավելով 8-րդ տեղը:
Հայաստանը ներկայացնող միակ հայ թենիսիստը՝ Սարգիս Սարգսյանը, ինը մրցաշարից հետո մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այժմ 31 միավորով զբաղեցնում է 63-րդ տեղը: |