Կիրակի օրը, երբ քրիստոնյա աշխարհը կնշի քրիստոնեական մեծագույն տոներից Զատիկը, մեր ընկերներն ու իմ ընտանիքը կնշեն պահքի ավարտը կերուխումով:
Թեև քրիստոնյաները որկրամոլությունը մեղք են համարում, մենք ինքներս մեզ խնջույք էինք խոստացել, եթե կարողանայինք դիմանալ 48-օրյա պահքին:
Խնջույքի ճաշացուցակը որոշել էինք դեռ փետրվարի 23-ին՝ պահքի առաջին օրը. տղամարդկանց համար՝ խորոված և օղի, կանանց համար՝ շոկոլադե տորթ ու գինի, ինչպես նաև մեծ քանակությամբ սպիտակ աղի պանիր՝ հայկական ավանդական ճաշասեղանի սիրված ու աստվածային ուտեստը:
Այս ճաշարկածի նախաձեռնողները, իհարկե, կանայք էին՝ մեր ընկերների կանայք և ես:
Որպես ճշմարիտ քրիստոնյա մենք գիտեինք, որ պահքի կանոնները միայն ուտելիքին չեն վերաբերում, որ մենք պետք է հրաժարվեինք նաև ծխելուց, սեքսից, ոգելից խմիչքներից, մոլախաղերից, մի խոսքով՝ այն ամենից, ինչը կարող էր շեղել մեզ պահքից: Բացի դրանից, պահքի ժամանակ մարդ պետք է լինի հանդուրժող ու գթասիրտ՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի, որը 40 օր դիմացել է սատանայի գայթակղությանը:
Հարցի հոգևոր կողմից զատ մեզ համար ավելի կարևոր էր, որ բուսական սնունդը կարող էր օգնել մեզ ազատվելու ավելորդ քաշից: Լինելով հայուհիներ՝ մենք ակնհայտորեն քաշի հետ կապված խնդիրներ ունեինք:
Սակայն բարակ իրանի և վեհ հոգու մասին մեր փաստարկները
չոգևորեցին մեր ամուսիններին, որոնք հայտարարեցին, որ մենք բավականաչափ նրբակազմ ենք, և պաս պահելու կարիք չկա: Չգիտեմ, նրանք իրոք այդպես էին կարծում, թե՝ ոչ, բայց բանն այն է, որ հայ տղամարդիկ չափազանց մսամոլ են: Եվ նրանք մահու չափ սարսափում էին այն մտքից, որ պետք է 40 օրից ավելի դիմանային առանց մսի: Բացի դրանից, տղամարդիկ առանձնապես մտահոգված չեն իրենց քաշով, թեև շատ հեռու են ատլետիկ լինելուց: Իսկ այն քչերը, որոնց դա մտահոգում է, պատրաստ չեն զոհաբերության հանուն սեփական փորից ազատվելու:
Շաբաթներ տևած բանակցություններից հետո կանանց ցուցաբերած համառությունը տվեց իր պտուղները: Թեև մեզնից ոչ մեկը խաղամոլ կամ հարբեցող չէր, սակայն բոլորս էլ մոլի ծխող էինք, մենք համաձայնության եկանք մեր պահքի ընթացքում կենտրոնանալ հիմնականում դիետա պահելու վրա:
Եվ այսպիսով, չորս ամուսնական զույգեր, որոնք երբեք որևէ դիետա չէին պահել, հանձնվեցին վերածնված քրիստոնեական ավանդույթին: Պահքին նախորդող շաբաթվա ընթացքում ամուսինս կրկնակի էր ուտում և, համենայն դեպս, սովորականից ավելի էր խմում ու ծխում:
Քույրս, որը պահքի վետերան է, մեզ պահքի խոհանոցի մի քանի բաղադրատոմս տվեց, և սկսվեց խոհարարական ժուժկալությունը:
Առաջին շաբաթն ամենադրամատիկն էր: Մեր ամուսինները հուսահատվել ու տրտնջում էին, որ չեն կարողանում քնել թերսնման պատճառով:
Օրվա մեջ տասն անգամ զանգում էինք միմյանց՝ նորություններ փոխանակելու և պարզելու, թե արդյոք մեր ամուսինները դեռ ողջ են: Մեր ընկեր Սուրենն առաջինը խախտեց պայմանն առաջին շաբաթվա ընթացքում (սակայն միայն մեկ անգամ), երբ հիվանդացավ ու արգանակ խնդրեց:
Ամենադժվարը նախաճաշն էր: Սովորաբար նախաճաշին մենք ուտում ենք պանրով ու ապուխտով սենդվիչ կամ ձու, թթվասերով բլիթներ: Մենք դիմացանք նախաճաշերին՝ ծիրանի ու դեղձի ջեմ ուտելով ու փառաբանելով Արարատյան դաշտն ու մեր մայրերին, որոնք եփել էին այդ ջեմերն ամռանը:
Ես ամբողջ օրը զբաղված էի խոհարարությամբ՝ պատրաստելով բազմազան աղցաններ ու բանջարեղենով ապուրներ: Ամուսինս օրացույցի վրա Զատկի օրը՝ ապրիլի 11-ը, վերցրել էի կարմիր շրջանակի մեջ: Նա հավատացնում էր, որ մանկության տարիներին այդպիսի անհամբերությամբ չի սպասել Ձմեռ պապին, ինչպես հիմա՝ Զատկին:
Հետո մեկը մեզ խորհուրդ տվեց դիտել «Շողակաթ» հեռուստաընկերության պահքի խոհանոցին նվիրված հաղորդումը (սփյուռքահայ հաղորդավարների մասնակցությամբ): Հաղորդումը մեզ շատ դուր եկավ. մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է պատրաստել բլիթներ առանց ձվի ու կաթի, տոլմա՝ առանց մսի և խաչապուրի՝ առանց պանրի:
Պահքի երրորդ շաբաթ ամուսինս խոստովանեց, որ իրեն դուր է գալիս սպանաղով ապուրը և շոգեխաշած բանջարեղենը: Հաջորդ շաբաթ նա ասաց, որ թթուն լրացնում է պանրի պակասը, իսկ մեկ շաբաթ անց «հայտնագործեց», որ վառ երևակայության դեպքում սունկը կարող է մսի համ ունենալ:
Մեր այն ընկերները, որոնք պաս չէին պահում, նայում էին մեզ վրա ինչպես հերոսների: Նրանցից շատերը խոստովանում էին, որ իրենք նույնպես փորձել են պաս պահել, բայց մեկ օր հետո չեն դիմացել:
Այժմ, երբ Զատկին մնացել է ընդամենը երկու օր, կարող եմ ասել, որ մենք սովորեցինք վայելել մեր պահքը և այժմ պատրաստվում ենք նշել Զատիկը: Գնել ենք ձվի ներկ և այդ օրը հայկական Զատկի ավանդական ճաշատեսակներ ենք ուտելու. չամչով փլավ, խաշած ձուկ և շոգեխաշած կանաչեղեն:
Մեր բարեկամները երջանիկ ու ողջ են: Կիրակի առավոտյան մենք պատրաստվում ենք նախաճաշել Զատկի ճաշատեսակներով, ապա, մեր խոստման համաձայն, գնալ քաղաքից դուրս ու քեֆ անել:
Այնպես որ, եթե այդ օրը տեսնեք մարդկանց, որոնք տրվում են անսանձ կերուխումի, չկարծեք, թե դրանք որկրամոլներ են: Դրանք կարող են լինել պարզապես մարդիկ, որոնք դիմացել են պահքին և մեզ նման հպարտ են, որ այդպիսով հավատարիմ են մնացել հին հայկական ավանդույթին:
Ի միջի այլոց, ո՛չ իմ ընկերները, ո՛չ ես մի գրամ քաշ անգամ չգցեցինք: |