Տասնհինգամյա Ռոմա Զաքարյանն օրը մի քանի անգամ հարցազրույց է տալիս լրագրողներին, ոստիկանությանը, քաղաքապետարանի պաշտոնյաներին իր տան բակում, որն անցյալ շաբաթ դարձավ ողբերգության վայր: Անցյալ ուրբաթ ցերեկը ճոպանուղու վագոնը Զաքարյանների տան վրայով անցնելիս պոկվել էր ճոպանից և մոտ 20 մետր բարձրությունից ընկել նրանց բակը: Երեք հոգի մահացել է տեղում,
ևս երկուսը՝ հիվանդանոցում: Չորս ուղևոր շարունակում է մնալ հիվանդանոցում՝ կոտրվածքներով և գլխի վնասվածքներով:
 |
Զաքարյանների տան բակը վերածվել է մահվան վայրի |
Երևանի քաղաքապետարանը պատահարը հետաքննելու նպատակով ստեղծել է հատուկ հանձնաժողով: Անցել է մեկ շաբաթ այն օրվանից, ինչ երեխաների աչքի առաջ իրենց բակում զոհվեց երեք հոգի, իսկ իշխանությունները դեռևս ո'չ հեռացրել և ո'չ էլ ծածկել են վթարի ենթարկված վագոնը: Այն շարունակում է մնալ բակում՝ ջարդված ծառերի և քանդված քարե պատի կողքին:
Քննության նախնական արդյունքներով վթարը տեղի է ունեցել ճոպանից վագոնի պոկվելու պատճառով: Պաշտոնյաների հավաստմամբ քննությունը շարունակվում է, և վթարի ստույգ պատճառները պարզ կդառնան հաջորդ շաբաթ:
Մինչ իշխանությունները ձեռնպահ են մնում պատահարի պատասխանատուների անունները նշելուց, Զաքարյանների բակը վերածվել է ողբերգական տեսարժան վայրի:
Ինն անձից բաղկացած ընտանիքի անդամներն ասում են, որ իրենք դեռ ուշքի չեն եկել տեղի ունեցածից: Վագոնն ընկել է նրանց տնից 10 մետրի վրա: Երեխաները, որոնք սովորաբար խաղում են այդ բակում, այդ պահին տանն են եղել:
«Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե հորեղբորս երեխաները և նրանց ընկերները, որոնք միշտ խաղում են մեր բակում, այդ օրը բակում լինեին, - ասում է Ռոման: - Սովորաբար նրանք խաղում են հենց այդտեղ (Ռոման ցույց է տալիս վագոնի ընկած տեղը), բայց, բարեբախտաբար, այդ օրը նրանք տանն էին մնացել, քանի որ դրսում ցուրտ էր»:
Ռոման ընկերոջ հետ տանն է եղել, երբ տատը բղավել է, որ վագոնն ընկնում է:
«Մի քանի վայրկյան հետո լսեցի ընկնող վագոնի սարսափելի դղրդյունը և դուրս վազեցի տնից»,- ասում է Ռոման:
Ռոման և նրա հարևան Արմենը, որոնք առաջինն էին տեսել ընկած վագոնը, պատմում են, որ մի քանի րոպե ապշահար մնացել են, մինչև հասկացել են, թե ինչ է եղել:
«Մարդիկ մնացել էին ջախջախված վագոնի մեջ, լրիվ արյունաշաղախ, դեմքերը չէին երևում: Ոչ ոք չէր շարժվում, կարծես մեռած լինեին: Հանում էինք վագոնից ու դնում գետին: Զարմանում եմ, որ խուճապի չմատնվեցինք: Մտածում էինք միայն նրանց օգնելու մասին»,- ասում է Ռոման:
Արմենի մայրը՝ Սվետա Տեր-Ղուկասյանը, ասում է, որ բոլոր բնակիչները ցնցված էին, հատկապես իր որդին ու Ռոման:
«Արմենն այնքան վախեցած է, որ գիշերները չի կարողանում քնել, - ասում է նա: - Ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ տղաներին օգնելու համար հոգեբան ուղարկեն»:
 |
Անցյալ շաբաթ հինգ հոգու մահվան պատճառ դարձած ճոպանուղու վագոնը շարունակում է մնալ բակում, որտեղ երեխաներ են խաղում
|
Որոշ բնակիչներ ասում են, որ իրենք սպասում էին պատահարի, քանի որ արդեն որոշ ժամանակ վագոնների անցնելու ընթացքում մետաղի ճռնչյուն էր լսվում:
Սակայն բնակիչ Մարիամ Զաքարյանը հավաստում է, որ ճոպանուղու մասնագետը կանոնավոր գալիս էր իրենց բակ մեխանիկական համակարգը և ճոպանների վիճակը ստուգելու:
Մեկ այլ բնակիչ՝ Բելլա Սիմոնյանը, ասում է, որ, անկախ վթարի պատճառներից, եթե անգամ ճոպանուղին լրիվ վերանորոգեն, ինքը երբեք թույլ չի տա իր երեխաներին ճոպանուղի նստել:
«Ես գիտեմ՝ քիչ հավանական է, որ ճոպանուղին ապամոնտաժեն, և համոզված եմ, որ չենք կարող ստիպել քաղաքապետարանին փոխել ճոպանուղու երթուղին: Բայց գոնե պետք է այնպես անել, որ վերանորոգումից հետո նման վթար այլևս չլինի»,- ասում է նա:
Ճոպանուղին, որը կառուցվել է 1977 թվականին, գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ և շահագործվում է մասնավոր ընկերության կողմից: Քաղաքապետարանից հայտնել են, որ պատրաստվում են փոխհատուցում վճարել զոհված և վիրավոր
ուղևորների ընտանիքներին, սակայն գումարներն առայժմ չեն ճշտվել:
|