Ջերմաստիճանի կտրուկ անկումը հսկայական վնաս հասցրեց Արարատյան դաշտավայրի և այլ շրջանների այն գյուղացիական տնտեսություններին, որտեղ պտղատու ծառերը, ինչպես պարզվեց, ժամանակից շուտ էին ծաղկել:
|
Մնացել է միայն սա |
Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է հասցված վնասի մասին զեկույց ներկայացնել հաջորդ շաբաթ, սակայն արդեն ակնհայտ է, որ այս տարի ևս առատ բերք, հատկապես՝ ծիրանի, չի լինի: Անցած երեք տարիներին ծիրանի բերքը միջինից ցածր էր ձմեռային ցրտահարությունների և գարնանային հեղեղումների պատճառով:
Խաղողը, ընկույզը, լոլիկը և պտուղների մեծ մասը տուժել են ապրիլյան ցրտահարումից, որը հաջորդեց մարտի վերջի աննախադեպ տաք եղանակին:
Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը նշում է, որ բացի Արարատյան դաշտից վնասվել են նաև Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերի այգիները:
Վարդան Աղաջանյանի 170 քմ ջերմոցում այլևս ոչինչ կանաչ չի մնացել: Լոլիկի բերքի համար նա բանկից 3500 դոլար վարկ էր վերցրել:
«Մայիսի սկզբին արդեն լոլիկ կունենայի, որը կվաճառեի 250-500 դրամով: Դրանից պետք է օգուտս լիներ,- ասում է Աղաջանյանը: - Մեկ սածիլն ինձ 1 դոլարի եկամուտ պիտի բերեր, բայց էլ բան չմնաց, պրծավ»:
Պետրոսյանն ասում է, որ կառավարությունը պետք է ինչ-որ կերպ փոխհատուցի գյուղացիների վնասները:
«Հաշվի առնելով, որ ծիրանի բերքն արդեն երրորդ տարին վնասվում է, և որպեսզի նրա մշակությամբ զբաղվողները հողատարածքներն այլ նպատակի չծառայեցնեն, կարծում ենք, որ պետությունը պետք է ազատի նրանց հողի հարկից»,- ասում է Պետրոսյանը:
Սակայն գյուղացիները, ինչպես Արմավիրի շրջանի Դաշտ գյուղից Հայկ Բարսեղյանը, մտածում են ոչ թե հարկերի, այլ կորցրած բերքի մասին:
«Էլ վառելիք չմնաց, լրիվ վառել ենք,- ասում է նա՝ նկատի ունենալով ծխահարելով ծառերը տաքացնելու իրենց ջանքերը: - Բա ջերմոցներս, երկու տակ ցելոֆանով փակված, տներում էլ շոր չթողեցինք՝ խալի, ծածկոց լցրեցինք վրաները, բայց իզուր, չկարացանք փրկել»:
Հայկի մայրը՝ 65-ամյա Նունուֆար Բարսեղյանը, արցունքն աչքերին նստել է ծաղկած ու ցրտահարված ծիրանենու տակ:
«46 տարի այս գյուղում եմ ապրում, բայց սենց բան չէի տեսել: +27-30-ից ջերմաստիճանը իջնի՞ -11-ի, էն էլ ապրիլին: Էս աստծու զուլում էր»,- ասում է նա:
Ծեր կինը դժվարությամբ բացում է ջերմոցի դուռը, որտեղ սեփական ձեռքերով տնկել էր վարունգի ու դդմիկի սածիլները: Բույսերն անկենդան են, գլուխները խոնարհած գորշ հողին: Յուրաքանչյուր սածիլի կողքին մի մոմ կա:
«Ամբողջ գիշեր վառում էինք մոմերը,- պատմում է Նունուֆարը, - գիտե՞ս քանի տուփ մոմ ենք առել, որ գոնե այդ ձևով կարողանանք տաքությունը պահել, բայց իզուր»:
Նրանց վնասը կազմում է մոտ 350 դոլար: Հայկն ասում է, որ այդ գումարը բանկից են վերցրել, գրավ դրված ոսկու դիմաց: Նրանց ապրուստի միակ միջոցը հողն է:
Նրանց ճակատագիրը կիսում են Դաշտ գյուղի 800-900 բնակիչները: Այգիները գրավում են 153 հա հողատարածքի 60 տոկոսը:
|
«Էս աստծու զուլում էր»
|
Գյուղապետ Հրանտ Պետրոսյանը մտահոգված է. «Ոչ մի բան չի մնացել: Տան պատուհաններին անգամ 2-3 մմ հաստությամբ սառցաշերտ էր բռնել, ո՞ւր մնաց ծաղկած ծառը դիմանար»:
Մասնագետների հավաստմամբ՝ նման ցածր ջերմաստիճան վերջին 100 տարվա ընթացքում Արարատյան դաշտում չի գրանցվել:
Դաշտի բնակիչ Վոլոդյա Գևորգյանն ասում է, որ ցրտահարվել է նույնիսկ 10 սմ խորության վրա գտնվող կարտոֆիլը:
«Անգամ թութ չի լինի,- ասում է նա: - Մեր մեկ տարվա հույսը, այն ամենը, ինչով պիտի ապրեինք, միանգամից կորցրինք»:
|